Մեր հասարակությունը բավականին սթափ է հենց «Հրապարակի» շնորհիվ. Ջամալյան
Thu, 19 Mar 2026 22:45:00 +0400
Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի լրագրողներ, խմբագիրներ հայտնվելու են իրավապահների թիրախում: Մարտի 17-ին «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել էին Քննչական կոմիտե: Հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի, պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: Քրեական օրենսգրքի մի քանի հոդված` իշխանափոխության հրապարակային կոչեր, կամ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը հոդվածները փրկօղակ են դարձել իշխանության համար եւ քաղաքական հետապնդումների գործիք: Թե ինչպես կվարվի Քննչական կոմիտեն Արմինե Օհանյանի դեպքում, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում: Չնայած երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտե էին հրավիրել, որ տեղեկացնեին գործի կարճման մասին: Թե ինչպես է նախաքննական գաղտնիք հանդիսացող փաստը հայտնի դարձել Փաշինյանին, պարզ չէ, քանի որ Արմինե Օհանյանին` որպես վկա էին հրավիրել հարցաքննության եւ ճիշտ է` տեղեկացրել են, որ հնարավոր է վարույթը կարճվի, բայց զգուշացրել են այդ մասին ոչինչ չասել, հակառակ դեպքում նախաքննական գաղտնիք խախտելու հոդվածով էլ կարող են մեղադրանք առաջադրել:
Արդեն քանի օր է «Հրապարակ»-ի խմբագրությունն անդադար զանգեր ու նամակներ է ստանում ոչ միայն հասարակական-քաղաքական գործիչներից, այլև շարքային քաղաքացիներից, որոնք իրենց աջակցությունն են հայտնում երկարամյա խմբագրին։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ևս զանգահարել էր խմբագրություն և ասաց, որ ցանկանում է անդրադառնալ այս թեմային։ Նա մեզ հետ զրույցում խոսելով տեղի ունեցածի մասին, ասաց․ «Սա ինձ համար տագնապներ հարուցող և վտանգավոր նորություն էր։ Ինչու, որովհետև «Հրապարակը» ունի շատ մեծ լսարան՝ իր հիմնադրման առաջին իսկ օրվանից, այն այժմ ամենալուրջ թերթերից մեկն է, որը միտված է բոլոր ժամանակների իշխանություններին սթափեցնելուն և իր կարևոր, ուրույն տեղն ունի մեր լրատվական դաշտում։ «Հրապարակի» ամենակարևոր առաքելությունն այս տարիներին եղել է հայ ժողովրդին սթափեցնելու առաքելությունը։ Այն իշխանությունների արատավոր քայլերն ամբողջապես հասու է դարձնում հասարակությանը, այդ ճանապարհով` սթափեցնելով ընթերցողին։ Այժմ օրաթերթը դարձել է թիրախ, ես գտնում եմ, որ սկզբունքային դիրքորոշում ունեցող ցանկացած քաղաքացի պետք է անպայման իր խոսքն ասի։ Արմինե Օհանյանին փորձում են զազրելի ձևով ճնշել, և կարծում են, թե այդ ճանապարհով կարող են լռեցնել «Հրապարակը»։ Երկրի ապագայով մտահոգ ցանկացած քաղաքացի պետք է այս մասին խոսի։ Այն, ինչ տեղի է ունեցել՝ դատապարտելի է, զզվելի է, էժան վրեժի մի դրսևորում է, ինչպես այս իշխանությունն է էժան, այնպես էլ նրանց վրեժի ձևը։ Ես լսում էի երեկ Արմինե Օհանյանին և կիսում եմ նրա այն տեսակետը, որ բռնաճնշումները հակառակ էֆեկտն են ունենալու։ Մեր հասարակությունը բավականին սթափ է հենց «Հրապարակի» շնորհիվ և որևէ պարագայում չի լռում և լավ գիտի իր իրավունքները։ Միահամուռ պայքարի դիրքորոշումը լրջագույն զսպող մեխանիզմ է, մենք պետք է լինենք միասնական և պետք է պայքարենք նման արատավոր երևույթների դեմ։ Ես հիշում եմ, թե ինչպես էր 2008-ին Արմինե Օհանյանն, ի թիվս այլ խմբագիրների, աջակցում այսօրվա վարչապետին։ Ոչ միայն հայտարարություններով ու խոսքերով էր նրան աջակցում, այլև՝ այլ եղանակներով… Այսօր տեղի ունեցողը ևս մեկ անգամ փաստում է այդ մարդու երախտամոռության մասին, նա ոչ միայն վատ վարչապետ է, այլև՝ երախտամոռ մարդ է, անշնորհակալ իր կոլեգաների և շրջապատի հանդեպ։ Նա ամեն ինչ ունակ է տրորելու, հանուն իր վերարտադրության։ Նա սարասափում է «Հրապարակ»-ից, քանի որ այն սթափեցնող ֆունկցիա է կատարում։ Այս մարդն իր մեջ ամփոփում է մարդկային բոլոր արգահատելի երևույթները։ Նրա անձնային նկարագիրը զուրկ է բոլոր բարոյական կողմերից, ուստի մենք չպետք է զարմանանք այն համակարգային դավաճանությունների վրա, որոնց, ցավոք, մենք ականատես ենք լինում։ Իր մարդկային որակները ցածրագույն մակարդակի վրա են գտնվում։ Էլեմենտար բարոյական որակներ չունեցող մարդուն չէր կարելի վստահել երկրի ղեկը, այս երախտամոռից կարելի է սպասել ամեն ինչ։ Հարգանքս «Հրապարակ» օրաթերթին, խմբագիր Արմինե Օհանյանին և ողջ խմբագրակազմին»։