Նիկոլ Փաշինյանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս

Նիկոլ Փաշինյանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս

Fri, 20 Mar 2026 13:15:19 +0400


2026թ. մարտի 19-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի մասնավորի, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղը միշտ էղել ա Ադրբեջանի կազմում»:
Հիմնվելով մեջբերմանը վերաբերելի փաստերի ու փաստաթղթերի վրա՝ փորձենք պարզել՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը նշված դատողությունը, թե՞ ոչ:

1917 թվականին միապետական Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետևանքով Ռուսաստանի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերում, այդ թվում նաև Արցախում, սկիզբ է առնում անիշխանություն: Իր հետագա ճակատագիրը տնօրինելու նպատակով 1918-1920թթ. Լեռնային Արցախի հայությունը հրավիրել է թվով տասը Համագումարներ: Հիշյալ Համագումարների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված որոշումներից վեցի համաձայն՝ Լեռնային Արցախը հանդիսացել է անկախ քաղաքական միավոր, իսկ առաջին և իններորդ Համագումարների որոշումների համաձայն՝ Լեռնային Արցախն իրեն հայտարարել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը: Վերջին՝ տասներորդ Համագումարի որոշմամբ էլ Լեռնային Արցախում հռչակվել է խորհրդային կարգեր:

Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ Լեռնային Արցախը Զանգեզուրի և Նախիջևանի հետ միասին ճանաչվել է Խորհրդային Հայաստանի մաս. «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:

1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որով ճանաչել է արցախահայության ինքնորոշման իրավունքը. «…Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:

1921թ. հունիսի 12-ին Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը ստորագրել է դեկրետ, որով հայտարարել է, որ, հիմնվելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի հռչակագրի և Ադրբեջանի կառավարության հետ ձեռք բերված համաձայնության վրա, այսուհետ Լեռնային Արցախը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը. «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի եվ Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

Ա. Մյասնիկյանի դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում: Նույն թվականի հունիսի 22-ին դեկրետը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող “Бакинский рабочий” ռուսալեզու թերթում հայերեն, ռուսերեն և օսմաներեն լեզուներով:

Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախը Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի՝ տարածքային հարցեր լուծելու իրավունք չունեցող երրորդ երկրի կուսակցական մարմնի չքննարկված և քվեարկության չդրված, այսինքն՝ ըստ էության չընդունված, անօրինական որոշմամբ, 1921թ. հուլիսի 5-ին խլվել է Խորհրդային Հայաստանից և ինքնավար մարզի կարգավիճակով մտցվել է Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ:

Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

Հռչակագրի ընդունումից ավելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, աշխարհի ութ երկրներից և միջազգային հեղինակավոր կառույցներից մեկից՝ ԵԱՀԽ-ից (1994թ. դեկտեմբերից՝ ԵԱՀԿ), Լեռնային Արցախ ժամանած գրեթե չորս տասնյակ անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե Արցախի Հանրապետության անկախության հարցով: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը միշտ էղել ա Ադրբեջանի կազմում», չի համապատասխանում իրականությանը: Չկա որևէ փաստ, կամ որևէ իրավական փաստաթուղթ, որը կարող է վկայել, որ Լեռնային Արցախը երբևէ որևէ կարգավիճակով գտնվել է անկախ Ադրբեջան անունով պետության կազմում:
Նկատի ունենալով Լեռնային Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ գրեթե երեք տասնամյակի փաստագրված դիրքորոշումը՝ ճիշտ կլինի նրա՝ «Լեռնային Ղարաբաղը միշտ էղել ա Ադրբեջանի կազմում» դատողությունը վերաձևակերպել հետևյալ կերպ. «Նիկոլ Փաշինյանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս»:

Այսպես, դեռևս 1999թ. ապրիլի 16-ին «Օրագիր» թերթի խմբագրի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են»:

Հանդիսանալով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ Նիկոլ Փաշինյանը 2001թ. մայիսի 22-ին նույն թերթում հրապարակած հոդվածում Լեռնային Արցախի ազատագրված տարածքները համարել է ադրբեջանապատկան. «…ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ:… Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին:… մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշի: Կամ, որ մեր դեպքում ավելի ճիշտ է ասել, չենք ուզում, որ ուրիշը տեր լինի: Եվ իսկապես, ինչի պիտի մերը լինեն Ադրբեջանի յոթ շրջանները…»:

2023թ. մայիսի 22-ին էլ Երևանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե երբ Հայաստանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86.600 կմ2 տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախի Հանրապետությունը, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը…»:
Հաշվի առնելով նշված փաստերը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը միշտ Լեռնային Արցախը համարել է օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս: Սակայն, իշխանության հասնելու նպատակով նա առերևույթ հանդես է եկել հակառակ դիրքորոշմամբ՝ այդպիսով մոլորեցնելով ու խաբելով հանրությանը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե կառույցը համարվում է ստրատեգիական, ինչ կապ ունի`ով է նկարում` քարտաշ Վաչո՞ն, թե՞ իջեւանցի Նիկոլը

Եթե կառույցը համարվում է ստրատեգիական, ինչ կապ ունի`ով է նկարում` քարտաշ Վաչո՞ն, թե՞ իջեւանցի Նիկոլը…

21 րոպե ago

Ի դեպ էդ դեպքերի ժամանակ «օհ, նրա աղջիկը լաց եղավ» օպերայի խոռից մարդ չկա՞ էս կողմերում

Ի դեպ էդ դեպքերի ժամանակ «օհ, նրա աղջիկը լաց եղավ» օպերայի խոռից մարդ չկա՞ էս…

28 րոպե ago

Իրանի դեմ հնարավոր է իրականացվի ցամաքային ռազմական գործողություն

Իրանի դեմ հնարավոր է իրականացվի ցամաքային ռազմական գործողություն Sun, 22 Mar 2026 18:30:00 +0400 Միացյալ…

32 րոպե ago

Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս․Լեւոն Քոչարյան

Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս․Լեւոն Քոչարյան Sun, 22…

41 րոպե ago

Մեքենան ամբողջությամբ այրվել է․ մանրամասներ

Մեքենան ամբողջությամբ այրվել է․ մանրամասներ Sun, 22 Mar 2026 18:15:14 +0400 Մարտի 21-ին, ժամը 23։12-ին…

46 րոպե ago

Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ

Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ Sun, 22…

1 ժամ ago