Գետերը ժամանակ չունեն սպասելու շրջակա միջավայրի նախարարության մշակումներին

Գետերը ժամանակ չունեն սպասելու շրջակա միջավայրի նախարարության մշակումներին

Fri, 20 Mar 2026 15:15:39 +0400


«Հրապարակ» օրաթերթի մարտի 4-ի համարում «Այդ փողը եթե Դեբեդի մեջ լցնեին, լիճ կգոյանար, գոնե ձուկ կբռնեինք» հոդվածով խոսել էի Դեբեդի գետավազանի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների մասին: Ապա նաեւ մի շարք հարցերի պարզաբանման նպատակով հարցում արեցի շրջակա միջավայրի պահպանության նախարարություն՝ հոդվածի կրկնօրինակն ուղարկելով նրանց: Ստացա նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի ստորագրությամբ պատասխան, որն ընդհանուր բառերով ասած՝ նշանակում էր, որ նախարարությունում բոլոր հիմնահարցերի մասին տեղյակ են, բայց… «նոր են ցրցամ տալիս, թե որ կարեն»:
Լոռու մայր գետը՝ Դեբեդը, ոչ միայն բնության, այլ նաեւ պետական կառավարման հայելին է։ Այն, ինչ տեղի է ունենում գետի հետ, ուղիղ արտացոլումն է այն բանի, թե ինչ պատասխանատվությամբ եւ ինչպես են վերաբերվում մեր հարստությանը, մեր երկրին։ Հոդվածում մի շարք կոնկրետ, տարիներով կուտակված խնդիրներ էինք բարձրացրել՝ ջրի աղտոտումից մինչեւ կոյուղու համակարգերի փլուզում, ոռոգման ցանցերի անգործություն, փոքր ՀԷԿ-երի անկանոն կառուցում, սելավների վտանգ եւ պետական անգործություն։ Խնդրել էինք հստակ պատասխաններ, թվեր, ժամկետներ եւ պատասխանատուների անուններ հնչեցնել, փոխարենը ստացանք մի պատասխան, որը ձեւական գրագրություն է՝ ոչինչ չասող։

Պատասխանի առանցքն այն է, որ «մշակվում է առաջին ջրավազանային կառավարման պլանը»։ Զարմանալի է՝ իսկ ինչո՞ւ է այն դեռ «մշակվում»։ Եթե ընդունենք, որ վերջին 7-8 տարիներին ոլորտը եղել է նույն կառավարման պատասխանատվության ներքո, ապա ինչո՞վ էին զբաղված այս տարիներին։ Ջրային ռեսուրսների կառավարումը նոր ոլո՞րտ է։ Այն ռազմավարական նշանակության հարց է, որի շուրջ աշխատանքները պետք է վաղուց ավարտված լինեին, ոչ թե՝ նոր սկսվեին։

«Առաջին պլան» ձեւակերպումն ինքնին խոստովանություն է՝ մինչ այս որեւէ լիարժեք պլան չի եղել կամ չի գործել։ Իսկ եթե չի եղել, ապա ո՞վ է պատասխանատու դրա համար։ Եթե եղել է, ինչո՞ւ չի հիշատակվում դրա արդյունքը։ Պատասխանում բացակայում է ամենակարեւորը՝ գնահատականը։ Չկա խոսք այն մասին, թե արդյոք հոդվածում ներկայացված խնդիրները համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում, ո՛չ պարզաբանում։ Փաստերը պարզապես շրջանցել են՝ գլուխներն ազատելով ընդհանուր բնույթի ձեւակերպումներով։ Օրինակ՝ նշվում է, որ իրականացվում են գետերի հուների մաքրման աշխատանքներ, սակայն չի նշվում՝ կոնկրետ որ հատվածներում, ինչ ծավալով, ինչ արդյունքով։ Չկան տվյալներ, չկա հաշվետվություն։ Սա այն դեպքն է, երբ «աշխատանք է կատարվում» արտահայտությունը դատարկ բառերի շարք է։ Մինչդեռ իրականությունը շատ ավելի «դրամատիկ» է․ Դեբեդի ավազանում տարիներ շարունակ կուտակվել են բնապահպանական խնդիրներ՝ արդյունաբերական եւ կենցաղային կեղտաջրերի չմաքրված արտահոսք, քայքայված մաքրման կայաններ, ջրային ցանցերի մաշվածություն, ոռոգման համակարգերի փաստացի անգործություն։ Գյուղացին ջուր չունի՝ իր հողը մշակելու համար, իսկ գետը, որ պետք է կյանք տա, ինքն է դարձել վտանգի աղբյուր։ Ավելին՝ վերջին տարիների սելավներն ու վարարումները ցույց տվեցին, թե որքան խոցելի է գետի ավազանը։ Քանդված ճանապարհներ, ավերված կամուրջներ, վնասված տներ ու այգիներ։ Սա արդեն ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ անվտանգային խնդիր է։ Եվ այս ֆոնին նախարարությունը նոր-նոր «պլան է մշակում»։ Մինչդեռ պետական կառավարման տրամաբանությունը պետք է լինի հակառակը՝ գնահատել կատարվածը, արձանագրել բացթողումները, մշակել հստակ գործողությունների ծրագիր՝ ժամկետներով եւ պատասխանատուներով։ Այլապես ցանկացած «պլան» կմնա թղթի վրա, ինչպես մնացել են նախորդ բազմաթիվ ծրագրերը, որոնց մասին հիշատակվում է նաեւ հոդվածում։

Հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ է արվել վերջին տարիներին, ինչ արդյունք է տվել արվածը, ինչ չի արվել եւ ինչու։ Դեբեդը չի կարող սպասել հերթական «ծրագրային փաթեթին» կամ «մշակման փուլին»։ Բնությունը չի աշխատում վարչական ժամկետներով։ Եթե այսօր չկան կանխարգելիչ միջոցառումներ, վաղը լինելու են նոր աղետներ։ Երբ գետը դուրս է գալիս հունից, չի հարցնում՝ պլանը հաստատվա՞ծ է, թե՞ դեռ մշակման փուլում է։ Պետական կառավարման արդյունավետությունը չափվում է ոչ թե ձեւակերպումներով, այլ՝ արդյունքով։ Իսկ Դեբեդի պարագայում այդ արդյունքը դեռ չի երեւում։

Այս հարցը միայն Լոռու մասին չէ։ Սա վերաբերում է ամբողջ երկրին։ Ջուրը ռեսուրս է, որը կա՛մ կառավարվում է խելամիտ, կա՛մ դառնում է «փորձանք»։ Եվ հիմա արդեն ժամանակն է ոչ թե խոսելու «կկատարվի», «կմշակվի», «կնպաստի» ձեւակերպումներով, այլ պատասխանելու պարզ հարցին՝ ինչո՞ւ մինչեւ հիմա չի արվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խուզարկել են իմ և ծնողներիս տունը. Գևորգ Գևորգյան

Խուզարկել են իմ և ծնողներիս տունը. Գևորգ Գևորգյան Thu, 02 Apr 2026 13:21:08 +0400 Latest…

2 րոպե ago

Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում․ Գագիկ Ծառուկյան

Արարատի մարզում բնակիչների հետ ունեցանք ջերմ ու անմիջական շփում․ Գագիկ Ծառուկյան Thu, 02 Apr 2026…

4 րոպե ago

Դպրոցական եղբայրների գործը և Վեդու համայնքապետի սկանդալային գրառումը

Դպրոցական եղբայրների գործը և Վեդու համայնքապետի սկանդալային գրառումը Thu, 02 Apr 2026 13:15:01 +0400 Հարցազրույց…

8 րոպե ago

Թեժ վեճ` լրագրողի եւ Փաշինյանի միջև

Թեժ վեճ` լրագրողի եւ Փաշինյանի միջև Thu, 02 Apr 2026 13:14:17 +0400 Latest news from…

9 րոպե ago

Կարո՞ղ ա Ալիեւի մատը կպնի, միամիտ էս վիդեոն միացնի. Լրագրողը` Փաշինյանին

Կարո՞ղ ա Ալիեւի մատը կպնի, միամիտ էս վիդեոն միացնի. Լրագրողը` Փաշինյանին Thu, 02 Apr 2026…

12 րոպե ago

Հարվածել են դեմքին. նրան գետնին են գցել, իսկ ո՞վ է ճաղերի ետևում

Հարվածել են դեմքին. նրան գետնին են գցել, իսկ ո՞վ է ճաղերի ետևում Thu, 02 Apr…

20 րոպե ago