«Հրապարակ»․ Մի խումբ լրագրողների խնդրալից բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ»․ Մի խումբ լրագրողների խնդրալից բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Sat, 21 Mar 2026 11:45:46 +0400


Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողներս, խմբագիրներս, մեկնաբաններս եւ, առհասարակ՝ երբեմն մտածող, երբեմն պարզապես գրող արարածներս, խոնարհաբար դիմում ենք Ձերդ Վսեմությանը, խնդրելով ձեզ` մեզ տրամադրել բառարան, որը կհաստատվի անձամբ Ձեր կողմից, կկնքվի պետական կնիքով եւ կպարունակի այն բառերի, բառակապակցությունների ու նախադասությունների ցանկը, որոնք թույլատրելի են կիրառել՝ առանց Քրեական օրենսգրքի թիրախ դառնալու եւ հրապարակային կոչերի համար դատվելու հեռանկարի։

Քանզի մենք խիստ շփոթված ենք։ Օրինակ՝ եթե որեւէ հանրահավաքում մի քաղաքացի (թողնենք նրա անունը, որ հանկարծ ինքն էլ չդառնա ապացույց) ասում է՝ «կորչի Նիկոլը», մենք դա մեջբերե՞նք, թե՞ ինքնագրաքննություն կիրառենք՝ գրելով. «Բանախոսն ուզում է, որ Նիկոլն այլեւս չզբաղեցնի վարչապետի պաշտոնը»։ Ճիշտ է` այդ տարբերակը կորցնում է իր էմոցիոնալ գույնը, բայց նաեւ վնասում է լրագրողական ճշգրտությանը։ Իսկ գուցե «թող անհետանա» ձեւակերպո՞ւմը կիրառենք, թե՞ դա էլ կարող է բռնության կոչ դիտվել։ Իսկ «հեռանա» բառն արդյոք չի՞ պարունակում իշխանափոխության ենթատեքստ։ Խնդրում ենք հստակեցնել, քանզի մեր հայոց լեզվի իմացությունը, ինչպես պարզվում է, բավարար չէ պետական անվտանգության չափանիշներին համապատասխանելու եւ չդատվելու համար։

Վսեմաշուք մեր տեր, մեզ նաեւ մտահոգում է մեջբերման ինստիտուտը։ Եթե մի պաշտոնյա, օրինակ, ասում է՝ «ականջդ կկտրեմ» կամ «լեզուդ քոքից կպոկեմ», եւ մենք դա մեջբերում ենք, հնարավո՞ր է, որ այդ հայտարարությունն անողին ոչինչ չսպառնա, իսկ մեջբերելը քրեորեն պատժելի արարք դիտվի` որպես բռնության կոչի հրապարակային կոչ։ Կամ՝ եթե Դուք, ներողություն մեր համարձակության համար, ասում եք՝ «ասֆալտին կփռեմ», «պատերին կծեփեմ», եւ մենք այդ արտահայտությունները տպագրում ենք, արդյոք մենք է՞լ ենք սկսում ինչ-որ բան փռել կամ ծեփել։

Դուք ժամանակին ժողովրդին կոչ էիք անում դուրս գալ փողոց, պայքարել, ընդվզել, եթե հարկ լինի՝ նաեւ կտրուկ միջոցների դիմել։ Մենք դա անվանում էինք «հեղափոխություն» փաղաքշական տերմինով, բայց այսօր, երբ նույն բառերը հնչում են այլոց շուրթերից, պարզվում է՝ դրանք արդեն «բռնի իշխանափոխության կոչեր» են` սահմանադրական կարգի տապալմանն ուղղված։ Արդյո՞ք բառերն իմաստափոխվել են, թե՞ խոսողներն են փոխվել։ Եթե խոսողներն են փոխվել, ապա խնդրում ենք տրամադրել թույլատրելի խոսողների ցանկը։ Մենք կաշխատենք մեջբերումներ անել միայն նրանցից։ Եթե խնդիրը ժամանակն է, ապա խնդրում ենք նշել այն ժամկետը, թե երբ որեւէ արտահայտություն կորցնում է իր քրեական վտանգավորությունը։ Օրինակ՝ 2008 թվականի արտահայտություններն արդեն անվտա՞նգ են, թե՞ դեռ պահվում են որպես ակտիվ ական։ Այն ժամանակվա Ձեր խոսքերն ի՞նչ էին՝ լեզվական վարժությո՞ւն, թե՞ ժողովրդավարական «աէրոբիկա»։ Մենք հիշում ենք ոչ միայն Ձեր խոսքերը, այլեւ՝ դրանց հետեւանքները։ Հիշելը, բարեբախտաբար, դեռեւս քրեականացված չէ։

Դուք ասում եք՝ պայքար, բռնության կոչեր չի կարելի տարածել։ Մենք ողջունում ենք, բայց մի փոքր շփոթվում ենք մեթոդաբանությունից, երբ նույն բառապաշարը մեկի մոտ դառնում է քրեական գործ, իսկ մյուսի մոտ՝ քաղաքական ոճ, սկսում ենք մտածել՝ գուցե «աղվեսի պոչը» բառերի մեջ չէ, այլ… հեղինակային իրավունքի։ Այսինքն՝ որոշ արտահայտություններ պաշտպանված են, եւ դրանց օգտագործումը թույլատրելի է միայն «բնօրինակ հեղինակին»։ Եթե այդպես է՝ խնդրում ենք հրապարակել ցանկալի հեղինակների ցանկը։

Վսեմափայլ մեր տեր, մեզ հատկապես հուզում է նաեւ ընթերցողների ճակատագիրը։ Եթե մենք հրապարակենք մի նյութ, որը, ըստ Քննչական կոմիտեի, պարունակում է «բռնի իշխանափոխության կոչեր», ապա հնարավո՞ր է, որ պատասխանատվության ենթարկվեն այն քաղաքացիները, որոնք կարդացել են տվյալ նյութը, ովքեր «հավանել» են կամ «կիսվել»: Առավել վտանգավորները, թերեւս, նրանք են, ովքեր հասկացել են։ Եվ ինչպե՞ս պետք է բացահայտվի հանցագործների այդ կուռ շղթան, որ ձեր իշխանությանը վտանգ չսպառնա: Չէ՞ որ պայքարը պետք է լինի համապարփակ, տիտանական եւ բազմամարդ։ Դատարանները կաշխատեն, համակարգը կշարժվի, եւ մեր երկիրը վերջապես կդառնա այն, ինչի մասին մենք վաղուց լսում ենք՝ ժողովրդավարության բաստիոն։
Վսեմաշուք մեր տեր, մեզ մեղադրում են, թե փորձում ենք հակասություններ գտնել Ձեր խոսքերում։ Դա զրպարտություն է։ Մենք ոչինչ չենք փնտրում։ Դրանք… ինքնուրույն հայտնվում են։ Երբ նույն թեմայի շուրջ Ձեր ասածը մեկ րոպե անց փոխվում է, մենք կանգնում ենք փաստի առաջ եւ չգիտենք` դրանցից ո՞ր տարբերակն է քերականապես եւ քրեականապես անվտանգ՝ մեջբերելու համար։ Խնդրում ենք տրամադրել վերջին տարբերակի վերջնական տարբերակը։ Չէ՞ որ Դուք եք մեր Վսեմաշուք Լեզվաբանը:

Մեզ նաեւ հետաքրքիր է՝ «ռեժիմի ոչնչացում» արտահայտությունը պե՞տք է թարգմանել ավելի մեղմ տարբերակով, օրինակ՝ «ռեժիմի բարելավման ինտենսիվ գործընթաց»։ Իսկ ոմանք որ Ձեզ ասում են, իբր՝ «արմատ չունի», այդ ձեւակերպումն արդյոք չի՞ պարունակում վտանգավոր բուսաբանական ենթատեքստ, հաշվի առնելով, որ արմատ չունեցող ծառերը, ինչպես հայտնի է, կարող են տապալվել։ Իսկ տապալվելուց երբեմն նաեւ վնասվում են: Մենք չենք ցանկանում, որ որեւէ մեկը տապալվի մեր տեքստերի պատճառով, առավել եւս՝ ֆիզիկապես։
Մեր արդարամիտ տեր, մենք չենք ուզում քրեական հետապնդման ենթարկվել, բանտում հայտնվել, զրկվել աշխատատեղից ու եկամտի աղբյուրից, մենք պարզապես ուզում ենք լրագրողական գործունեությամբ զբաղվել։ Մենք ուզում ենք պահպանել այն պատրանքը եւ հիշողությունը, որ ազատ խոսքը դեռեւս գոյություն ունի Հայաստանում։ Բայց եթե դա անհնար է, ասեք բացահայտ։ Ասեք՝ լռե՛ք։ Քանզի մենք գիտենք, որ լռությունը դեռեւս քրեականացված չէ։ Բայց չենք կողմնորոշվում, թե ինչպես անենք, որ մեր խոսելը չքրեականացվի: Սահմանեք քերականական այն սահմանը, որտեղից սկսվում է քրեական իրավունքը։ Դա մեծ ներդրում կլինի ոչ միայն իրավագիտության, այլեւ լեզվաբանության մեջ։ Հնարավոր է՝ նոր ճյուղ ծնվի՝ քրեալեզվաբանություն։
Որովհետեւ, համաձայնեք, մի փոքր տարօրինակ է, երբ նույն բառամթերքը մեկի դեպքում հեղափոխություն է, մյուսի դեպքում՝ քրեական գործ, պետական հանցագործություն, պետությանն ուղղված սպառնալիք։

Խոնարհմամբ՝ դեռեւս գրող լրագրողներ
(անթիվ ստորագրություններ)
Լրագրողների նամակը գրա առավ
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆԸ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը

Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը Sat, 21 Mar 2026 16:45:59 +0400 Ինչպես երևում է, ՔՊ-ում չկա ադեկվատ…

23 րոպե ago

Ումից է զզվում Հայկ Մարությանը

Ումից է զզվում Հայկ Մարությանը Sat, 21 Mar 2026 16:30:58 +0400 Latest news from Secure…

38 րոպե ago

Անբարոյականություն եմ համարում Ցեղասպանություն, պատերազմ տեսած ազգին պատերազմով վախեցնելը

Անբարոյականություն եմ համարում Ցեղասպանություն, պատերազմ տեսած ազգին պատերազմով վախեցնելը Sat, 21 Mar 2026 16:15:50 +0400…

53 րոպե ago

ՄԱԿ-ը համագործակցում է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հետ

ՄԱԿ-ը համագործակցում է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հետ Sat, 21 Mar 2026 16:00:54 +0400 ՄԱԿ-ը ակտիվորեն…

1 ժամ ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային հայեցակարգի 6 ուղղությունները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային հայեցակարգի 6 ուղղությունները Sat, 21 Mar 2026 15:56:36 +0400 Latest news…

1 ժամ ago

Եվրամիության արագ արձագանքման խումբն օժանդակելու է Փաշինյանի վերընտրությանը՝ Մոլդովայի օրինակով

Եվրամիության արագ արձագանքման խումբն օժանդակելու է Փաշինյանի վերընտրությանը՝ Մոլդովայի օրինակով Sat, 21 Mar 2026 15:45:00…

1 ժամ ago