Դիլիջանցիները երեխաների համար խաղալու տեղ են խնդրում
Tue, 24 Mar 2026 12:45:46 +0400
Դիլիջան քաղաքի բնակչուհի Անժելա Այվազյանը քաղաքի Մանթաշյան եւ Սայաթ-Նովայի փողոցների բնակիչների անունից Ֆեյսբուքում բաց նամակ է հրապարակել. «Դիլիջան քաղաքի պատասխանատու կառույցներին եւ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ երեխաները կարող են «չխանգարել»։ Ես՝ Անժելա Այվազյանս, երկու երեխաների մայր, դիմում եմ Ձեզ՝ Դիլիջան քաղաքի կենտրոնական թաղամասի բնակիչների անունից՝ բարձրաձայնելու մի «աննշան» խնդիր․ մեր երեխաները պարզապես տեղ չունեն խաղալու։ Այո՛, պարզվում է՝ 21-րդ դարում երեխա լինելը շքեղություն է։ Մեր թաղամասում կան ակտիվ երթեւեկություն, մեքենաներ, արգելքներ… միայն երեխաների համար նախատեսված անվտանգ տարածք չկա։ Երեխաները կարող են փորձել խաղալ փողոցում՝ մի փոքր ադրենալին ավելացնելով իրենց առօրյային։ Կամ էլ կարող են չխաղալ ընդհանրապես․ երեւի դա էլ տարբերակ է։
Հատկապես ոգեշնչող է Կենտրոնական բանկի բնակելի շենքի հարակից տարածքը, որ մեր երեխաների մուտքը 12 տարի խիստ արգելվում է։ Անկեղծ ասած՝ մի փոքր էլ զարմացած ենք, որ դեռ չի փակցվել «Осторожно, злые собаки» գրությունը․ մթնոլորտը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է։ Ստացվում է՝ ընտրությունը շատ պարզ է․ կա՛մ վտանգավոր փողոցներ, կա՛մ փակ դարպասներ։ Իսկ մենք դեռ հարցնում ենք՝ որտե՞ղ պետք է խաղան երեխաները։ Մեր մանկության տարիներին բակերը բաց էին, խաղը՝ ազատ, իսկ մանկությունը՝ լիարժեք։ Այսօր, ցավոք, հենց մեր երեխաներն են կանգնած ընտրության առաջ՝ վտանգավոր փողոցների եւ փակ տարածքների միջեւ։
Ուստի, թույլ տվեք «համարձակվել» եւ առաջարկել մի քանի գաղափար՝
• գուցե հնարավոր է ստեղծել անվտանգ խաղահրապարակ
• գուցե գտնվի մի փոքր տարածք, որտեղ երեխաները կարող են խաղալ առանց արգելքի
• գուցե վերանայվեն այն սահմանափակումները, որոնք երեխաներին դարձնում են անցանկալի «հյուր»՝ իրենց իսկ թաղամասում։
Սա հեգնանք չէ, այլ՝ իրականություն, որն արդեն չափազանց երկար է շարունակվում։
Հուսով ենք՝ մի օր մեր երեխաները կունենան այն, ինչը համարվում է ամենապարզը՝ անվտանգ բակ եւ ազատ խաղ»։