Ի՞նչ կապ ունի Փաշինյանի ասածը Հեյդար Ալիևի հետ․ Բաքուն պատասխան է պահանջում Մոսկվայից
Tue, 24 Mar 2026 12:57:29 +0400
Ադրբեջանական կողմը պարզաբանում է ակնկալում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարության վերաբերյալ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Զախարովայի վերջին ճեպազրույցի ժամանակ արված արտահայտությունները համարվել են անընդունելի։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որը վերջին ճեպազրույցի ժամանակ փորձել էր հիշատակել Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական գործիչների մասին արված արտահայտությունների մասին հարցին․ այն թեմայի հետ որևէ կապ չունի և անընդունելի է», – նշել է Հաջիզադեն։
Նա նշել է, որ ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը նման կերպ հիշատակելը անհարգալից է նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ.
«Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անտեղի հայտարարություններ, որոնք սրում են լարվածությունը և խաթարում վստահությունը։ Մենք սպասում ենք ռուսական կողմից պարզաբանման այս հայտարարության վերաբերյալ»։