Մենք՝ բոլորս, «փախածներ ենք» եւ միշտ էլ կարծիք հայտնել ենք
Tue, 24 Mar 2026 17:15:42 +0400
«Ես միշտ էլ կարծիք հայտնելու իրավունք ունեցել եմ»,- ասում է երեւանցի ընտրողը, որը չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին։ Այո, մենք միշտ էլ ունեցել ենք կարծիք հայտնելու իրավունք, եւ հատկապես այս խումբը, որը փոքրացրել է մեր հայրենիքի քարտեզը, ուներ կարծիք հայտնելու իրավունք, եւ դա հայտնում էին բարձր եւ համառ, այնքան բարձր ու այնքան համառ, որ հնարավորություն ունեցան լսելի եւ ընկալելի լինել, գալ իշխանության եւ փոքրացնել մեր հայրենիքի քարտեզը, իսկ հետո ուրախ պարում են։
Հիմա նրանք այդ քարտեզը գովազդում են եւ առաջարկում մարդկանց, որպես մի փոքրիկ հուշանվեր, կրծքանշան, որը պետք է զարդարի մեր կերպարը, մինչդեռ միայն ցավ ու ափսոսանք է հիշեցնում։ Զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր ունեն արժանապատվություն, չեն ուզում ձեր ձեռքից վերցնել այդ քարտեզը։ Դա անարգանք կամ լիովին ճիշտ ուղղագրությամբ գրված՝ արհամարհանք չէ մեր քարտեզի նկատմամբ։ Դա նշանակում է, որ ձեր ձեռքից անգամ քարտեզ վերցնել չի կարելի։ Մարդիկ հասկանում են, որ այդ քարտեզը բաժանում եք՝ ձախողումը որպես հաջողություն վաճառելու նպատակով։ Դա միշտ չէ, որ հաջողվում է, թեեւ դեռեւս նաեւ հաջողվում է։
Մենք գիտենք, որ տրանսպորտում ծամոնի պես կպչել օտար կանանց չի կարելի։ Դա անպատեհ եւ տգեղ վարքագիծ է, հատկապես, երբ այդ կինը ո՛չ ձեր կուսակիցն է, ո՛չ ձեր համակիրը։ Ինչո՞ւ եք ներկուսակցական հանդիպումների շրջանակում նրան անհանգստացնում, երեխայի ներկայությամբ հարձակվում եւ փրփուր շաղ տալով՝ վիրավորում։ Ես հիմա չեմ պատրաստվում դատապարտել այս դրվագը, թող ների ինձ արժանապատիվ կինը… բայց ես ուրախ եմ, որ առիթներ են լինում, երբ վարչապետը ցույց է տալիս իր իրական կերպարը եւ արտահայտում իր իրական մտքերը։ Լավ կլինի, որ նա ամեն օր գնա ու շփվի մարդկանց հետ ու ցուցադրի այդ ամբողջ ոդիսականը։ Դիտարժան է, ինչ խոսք, եւ հետեւություններ կանեն հատկապես մարդիկ, ովքեր որոշել են չգնալ ընտրության։ Սա նրանց է պետք, որ հասկանան՝ ընտրության գնալ պետք է ցանկացած պարագայում, ամեն գնով, թեկուզ բուքուբորան լինի հունիսի 7-ին, եթե անգամ ամառվա շեմին ձյուն գա, ու անանցանելի դառնան բոլոր ճանապարհները, պետք է գնալ ընտրության, թեկուզ չկա մեկը, որին իրոք ուզում են ընտրել, պետք է գնան, քանի որ կա մեկը, որին հաստատ չեն ուզում ընտրել։
Այս իմաստով, վերջին կիրակնօրյա հանդիպումները մեծ վնաս հասցրին ՔՊ-ին։ Երեւանյան հանդիպումները ցույց տվեցին, որ մարդիկ, որոնց բոլոր ատամները տեղում են, հիշողությունն ու տրամաբանությունը վնասված չեն, դեմենցիայի նշաններ չկան, ծերունական մառազմով էլ չեն տառապում, հիմնականում պատրաստ չեն նրանց ձեռքից որեւէ քարտեզ ընդունել, նույնիսկ եթե դա մեր երկրի քարտեզն է՝ քարտեզ, որը հենց նրանց գործուն միջամտությամբ միայն ափսոսանք ու ցավ է առաջացնում, հպարտության ոչինչ դրանում, ցավոք, չկա։
Նկատելի է, որ ՔՊ-ն ունի մի աներեր պատկերացում, թե ինչ ուզեն՝ ասեն, վաղը դրա հակառակն ասեն՝ կանցնի, ու զարմանալիորեն այդպես բազմիցս եղել է։ Նաեւ վստահ են, որ ինչ ուզեն, ասեն, ապա ներողություն խնդրեն, նույնպես կանցնի, ու զարմանալիորեն այդպես եւս եղել է։ Դա է պատճառը, որ երկար չեն մտածում մի բան ասելիս, ներողությունը կա ու կա։ Բայց՝ ոչ, ընկերներ, ձեր ներողությունն այլեւս չի ընդունվում։ Այս անգամ գոնե պարզից էլ պարզ էր, որ ներողությամբ մետրոյի վիճաբանությունը չչեղարկվեց, համացանցը թնդում է․ բարկանում են վիճաբանության դրվագի վրա եւ ծիծաղում ներողության վրա։
Ջինը շշից դուրս է գալիս։ Լինել համարձակ, մերժել, ինչպես Իջեւանում կասեն՝ «Պռատանց» քարտեզը, դառնում է նորմալ եւ գովելի, դառնում է հերոսի զավակին վայել արարք եւ այդպես էլ կա։ Իսկ մենք՝ բոլորս, հերոսի զավակներ ենք, մենք՝ բոլորս, «փախածներ» ենք՝ Կարսից ու Արդահանից, Բիթլիսից ու Ադանայից, Ստեփանակերտից ու Հադրութից, մենք փախել ենք թշնամուց, որովհետեւ ճանաչում ենք նրան…
Մենք ճանաչում ենք նրան, ով ուրախ է, որ մեր քարտեզը փոքրացել է, բայց էլ փախչելու տեղ չունենք, էլ ավելի այդ քարտեզը փոքրացնելու ձեւ չունենք։ Եվ, ամենայն հավանականությամբ, այս երկու ամիսը բավական է լինելու, որպեսզի ամեն մարդ հասկանա, որ այս մարդիկ, ահա, որ շրջում են երկրում ու ուրախ հարցնում՝ «քեֆ-հալ, քեֆ-հալ, բարեւ, եղբայր, լավ ես, թոշակդ ավելացել ա, գիտե՞ս», Քյավառի կարտոլ, Աշտարակի սուջուխ, Եվրոպայի խնձոր, էլ հայտնի չէ՝ որտեղի կուկուռուզ ու պեռաշկի ուտող այս զբոսախմբի անդամները, որ համատեղությամբ նաեւ երկիր են կառավարում, ուրախ են եւ երջանիկ, որ մեր հայրենիքի քարտեզը փոքրացել է։ Այդ առիթով մեղքի զգացում, ափսոսանք չունեն, հակառակը՝ հպարտանում են, ինքնամոռաց երգում են՝ երգել չիմանալով, նվագում են՝ տաղանդ չունենալով, եւ պարում են՝ ինչպես կարողանում են, որտեղ հարմարվում է, եւ, իհարկե, ուղիղ վիրավորում են բոլոր նրանց, ովքեր համարձակվում են հայտնել իրենց կարծիքն այդ ամենի վերաբերյալ։