Բացահայտվել է Էյնշտեյնի տաղանդի գաղտնիքը․ ուսումնասիրել են մեծ գիտնականի ուղեղը
Tue, 24 Mar 2026 22:30:01 +0400
Գիտնականները արդեն տասնամյակներ շարունակ ուսումնասիրում են տաղանդավոր գիտնական Ալբերտ Էյնշտեյնի գլխուղեղը՝ հասկանալու համար, թե ինչով է այն տարբերվում մնացած մարդկանց գլխուղեղներից եւ ինչումն է կայանում նրա տաղանդի գաղտնիքը։ Հիշեցնենք, որ 1955 թվականին Էյնշտեյնի մահվանից հետո, դիահերձող Թոմաս Հարվին հանել էր նրա գլխուղեղը եւ պահպանել՝ ուսումնասիրությունների համար։ Առաջին լուրջ ուսումնասիրություններն այս մասին իրականացվել են սակայն տասնամյակներ անց։ 1985 թվականին նյարդակենսաբան Մերիան Դայմոնդն առաջիններից էր, որ հրապարակեց այս հարցի հետ կապված իր ուսումնասիրությունը։ Գիտնականները պարզել էին, որ նրա գլխուղեղի գագաթային բլթում առկա է գլիալային բջիջների ավելի մեծ քանակություն, քան սովորական մարդկանց մոտ է։ Այդ հատվածը կապված է տեղեկատվության մշակման եւ վերացական մտածողության հետ։ Եւ դա ցույցէ տալիս նեյրոնների ավելի մեծ մեթաբոլիկ ակտիվություն ունենալը։
Ավելի ուշ՝ Սանդրա Վիթելսոնի խումը ցույց տվեց, որ Էյնշտեյնի գլխուղեղի գագաթային բլթերը 15 տոկոսով ավելի լայն են, քան մյուս մարդկանց մոտ է։ Բացի այդ, գիտնականի ուղեղում Սիլվիոսի ակոսը ունի անսովոր տեսք, ինչը կարող էր նպաստել, որպեսզի այն հատվածների նեյրոնները, որոնք պատասխանատու էին տարածական եւ մաթեմատիկական մտածողության համար, ավելի լավ կապակցված լինեին։ Անթրոպոլոգ Դին Ֆալքն էլ հայտնաբերել է այլ յուրահատկություններ, ներառյալ մոտորային կեղեւի վրա, որը հատուկ է երաժիշտների մոտ։
Հայտնի է, որ Էյնշտեյնը ջութակ է նվագել։ 2013 թվականին կատարված ուսումնասիրությունն էլ ցույց էր տվել, որ նրա գլխուղեղի երկու կիսագնդերը միացնող հատվածն ավելի հաստ է եղել, քան սովորական մարդկանց մոտ է։ Դա կարող էր նշանակել, որ նրա գլխուղեղի լոգիստին եւ պատկերային պրոցեսների միջեւ ինֆորմացիայի փոխանակությունը եղել է ավելի արդյունավետ։ Նյարդաբան Ֆրեդերիկ Լեպորն էլ, ուսումնասիրելով նրա գլխուղեղի լուսանկարները, որոնք երկար ժամանակ համարվել էին կորսված, հայտարարել է, որ ճակատային բլթում հավելյալ գալար կա, որը պատասխանատու է պլանավորման եւ բարդ խնդիրների լուծման հետ։ Այս ամենն իհարկե անուղղակի կերպով կարող են վկայել, թե ինչու էր Էյնշտեյնը տաղանդավոր, սակայն շատ մասնագետներ էլ հայտարարում են, որ նրա գլխուղեղի անատոմիական կառուցվածքի յուրահատկությունները դեռ չեն ուղղակիորեն դառնում պատճառ նրա տաղանդավորության։