Իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու, հիասթափության շեշտադրումներ․ իրանագետ
Tue, 24 Mar 2026 23:00:16 +0400
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։
Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան միասին) իրանական կողմին փոխանցվել են ամերիկյան առաջարկներ պատերազմի դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Թվում է, թե Իսրայելում տեղյակ չեն եղել այդ մասին, քանի որ իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու կամ հիասթափության շեշտադրումներ։
Իրանում կարծում են, որ որևէ վստահություն բանակցությունների վերաբերյալ չի կարող լինել՝ հաշվի առնելով նախորդ բացասական փորձը, և առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե՝ ոչ։
Համենայն դեպս, իրանական կողմն առայժմ տարբեր մակարդակներով առաջ է մղում սեփական նախապայմանները՝ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության իրավական ամրագրում, ռազմատուգանքի կամ Իրանին հասցված վնասների փոխհատուցում, ամերիկյան ռազմակայանների դուրս բերում Մերձավոր Արևելքից, պատժամիջոցների ամբողջական վերացում և Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում»։