«Հրապարակ». Շանտաժը վկայում է, որ մնացած հնարքներն էֆեկտիվ չեն
Wed, 25 Mar 2026 10:45:40 +0400
Հարցազրույց քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ
– Փաշինյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Ի՞նչն է ստիպել նրան զանգել Պուտինին, եթե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։
– Գուցե հիբրիդային հարձակումների առաջիկա պլաններին ծանոթանալու համար․ սա, իհարկե, կեսկատակ: Գործնականում, անշուշտ, վաղուց հասկանալի է, որ այդ հիբրիդային գրոհները ՀՀ իշխանության քարոզչական թեզն են եւ ոչ այլ բան: Ինչ վերաբերում է Փաշինյանի նախաձեռնությանը, ապա, եթե չեմ սխալվում, վերջին հեռախոսազրույցը նրանց միջեւ դարձյալ տեղի էր ունեցել իր նախաձեռնությամբ: Այստեղ եւս մի հանգամանք կա. ռուսական կողմը հաղորդագրության մեջ չէր խոսել այն մասին, որ պայմանավորվել են առիթի դեպքում շարունակել քննարկումները հանդիպման ձեւաչափով, իսկ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ դա նշվում է: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ, ըստ ամենայնի, Երեւանն ակնկալում է հանդիպման ձեւաչափ` Փաշինյան-Պուտին, Մոսկվա այց, թերեւս: Եվ այն, որ Ռուսաստանը չի մատնանշել դա, ինձ թույլ է տալիս մտածել, որ այդ հարցում դեռեւս չկա Մոսկվայի համաձայնությունը:
– Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն ակնկալում հանդիպում Պուտինի հետ:
– Այստեղ կարող ենք դիտարկել մի շարք հնարավոր մոտիվներ՝ կապված թե՛ Հայաստանի նախընտրական վիճակի հետ, թե՛ ընդհանուր ռեգիոնալ վիճակի հետ եւ թե՛ հայ-ռուսական փոխհարաբերության:
– Ոմանց թվում է, թե Փաշինյանը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս է մղում, ինչո՞ւ պիտի նորից գնա Ռուսաստանի ուղղությամբ:
– Ինձ երբեք այդպես չի թվացել, ես վերջին 3-4 տարիներին մշտապես արձանագրել եմ, որ չեմ տեսնում Փաշինյանի գործուն հակառուսական եւ առավել եւս՝ Ռուսաստանին ռեգիոնից դուրս թողնելու քաղաքականություն: Իհարկե, Փաշինյանը գուցե արել է քայլեր, որոնք, իր գնահատմամբ, եղել են արձագանք նաեւ Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, բայց դա այլ է՝ արձագանքել իրավիճակին գուցե սխալ եզրահանգումներով, սակայն նպատակային հակառուսական քաղաքականություն Նիկոլ Փաշինյանը չի վարել եւ չի վարում: Ռուսաստանի հետ այսպիսի կոմունիկացիայից կարող են զարմանալ մարդիկ, որոնք արձանագրում են, թե Փաշինյանը վարում է Ռուսաստանին ռեգիոնից դուրս թողնելու քաղաքականություն:
– Փաշինյանին քաղաքացիները վերջին շրջանում տհաճ հարցեր են տալիս, սա ինչի՞ մասին է խոսում, արդյո՞ք խաղաղության օրակարգը, թոշակը բարձրացնելը, առողջության ապահովագրումը որեւէ ազդեցություն ունեցան:
– Դրա «լավագույն» ցուցիչն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ողջ իշխանական համակարգն աշխատեցնում են պատերազմի շանտաժը: Իհարկե, «լավագույն»՝ չակերտավոր իմաստով, որովհետեւ սեփական քաղաքացիներին շանտաժի ենթարկելը չի կարող բուն իմաստով լավագույնը լինել: Սա լավագույն ցուցիչն է, թե ինչ էֆեկտիվություն ունի մնացյալ քարոզչությունը, եւ եթե թոշակների կամ այլ սոցիալական բնույթի հարցեր էֆեկտիվություն ունենային, ինչո՞ւ պիտի իշխանությունը ձգտեր այդպիսի շանտաժով հարաբերվել հասարակության, քաղաքացիների հետ: Սա նշանակում է, որ առնվազն կան լուրջ մտահոգություններ՝ կապված այդ քարոզչական գործողությունների էֆեկտի հետ:
– Սեպտեմբերին պատերազմ սկսվելու մասին ասվածը ոմանք մեկնաբանում են, թե գուցե Փաշինյանն ինչ-որ բան գիտի եւ ապահովագրում է իրեն:
– Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի ինչ-որ բան, ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան, որ ինքը մասնակից է այդ «ինչ-որ բան»-ին: Եթե սա պարզապես քարոզչության համար է, այսինքն՝ խաղալ հանրային զգացումների վրա` վախի, բնազդի վրա եւ այլն, եւ դրանից բացի որեւէ այլ հիմք չկա, ապա շատ ավելի հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը: Բայց ավելի լայն իմաստով պետության ղեկավարը, թեկուզ նախընտրական տրամաբանությամբ, շանտաժի է ենթարկում իր պետության քաղաքացիներին, դրանով գործնականում ցույց է տալիս, որ իր քաղաքականության արդյունքում պետություն՝ որպես քաղաքական սուբյեկտ, գոյություն չունի: Որովհետեւ սեփական քաղաքացիներին ենթարկել պատերազմի շանտաժի, այն դեպքում, երբ չկա հաստատված եւ երաշխավորված խաղաղության որեւէ մեխանիզմ, դա նշանակում է շանտաժի բանալի տալ նաեւ այն պետությունների ձեռքը, որոնք հավակնություն ունեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Իսկ մենք նվազագույնը գիտենք երկու այդպիսի պետություն, եւ մեկը նույնիսկ չի թաքցնում իր այդ հավակնությունները՝ նկատի ունեմ Ադրբեջանը:
– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանն ուղերձ է հղում Ադրբեջանին, որ եթե ինքը չընտրվի, հարձակվեն Հայաստանի վրա։
– Ես կարծում եմ՝ հայտարարությունները միտված են Հայաստանի հանրությանը շանտաժի ենթարկելուն, եւ կարծում եմ` Ադրբեջանն իր ռազմական գործողությունների պլանները գծագրում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրավերով կամ թույլ տալ-չտալով, այլ՝ ռեգիոնալ միջավայրում առավել խոշոր դերակատարների տրամադրություններով, հակվածությամբ եւ այլն: Այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին, բառի բուն կամ չակերտավոր իմաստով, ծառայություն մատուցել է ոչ թե շանտաժի մասին այս հայտարարություններով, այլ ադրբեջանական նարատիվները եւ ադրբեջանական օրակարգից բխող մոտեցումները լեգիտիմացնելով, դրանց հանդեպ իր լոյալ վերաբերմունքով: Այս հայտարարությունը, կարծում եմ, միտված է Հայաստանի հասարակության վրա հոգեբանորեն ազդելուն:
– Արցախցիների հանդեպ ատելության ուղղորդված պոռթկումն ընտրություններից առաջ սրվելո՞ւ է:
– Ընտրությունից առաջ Նիկոլ Փաշինյանը փնտրելու է հնարավորինս շատ պատասխանատուներ` իրենից դուրս: Եվ քանի որ այս ընտրությանը մոտենում է Արցախի կորստի բեռով, եւ դա անընդհատ իրեն հիշեցնելու են, ապա արցախցիները Փաշինյանից դուրս պատասխանատուներից մեկն են: Հետեւաբար զարմանալի չէ, որ այս ալիքը խթանվում է: Փաշինյանը փորձելու է այսկերպ հասարակական բաժանարար գծերը խորացնել, որովհետեւ իր քաղաքական իշխանության պատվանդանը միշտ եղել է տարբեր շերտերի միջեւ ծայրահեղացված, բեւեռացված դիրքավորումներ խթանելը: Ինչքան շատ բաժանարար գիծ եւ ծայրահեղ դիրքավորում՝ այնքան ավելի ամուր պատվանդան Փաշինյանի իշխանության համար: Ցավոք սրտի, նա անկարող եղավ 18-ին կուտակված այդ հսկայական դրական էներգիան վերածել ավելի ստեղծարար պատվանդանի, ինչը Հայաստանի հեռանկարները կկառուցեր բոլորովին այլ տրամաբանությամբ, եւ աղետների փոխարեն մենք կունենայինք իսկապես պետության ամրացում: Նա ընտրեց այդ տարբերակը, այդպիսի իշխանություն կառուցելու տարբերակը եւ 2018-ից ի վեր միայն խորացնում է այդ բեւեռացվածության վրա դրված խաղադրույքը։ Դա է իր իշխանության հիմքը: