«Հրապարակ». Նոյեմբերյանի այգիներն ու գետը վնասակար թափոններ են լցվում, բայց համայնքը փոխհատուցում չի ստանում

«Հրապարակ». Նոյեմբերյանի այգիներն ու գետը վնասակար թափոններ են լցվում, բայց համայնքը փոխհատուցում չի ստանում

Wed, 25 Mar 2026 12:15:34 +0400


Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Դեբեդի հովտի բնակավայրերում զարգացած է պտղաբուծությունը, խորհրդային շրջանում՝ հատկապես դեղձի, վերջին տարիներին՝ կորոլյոկի մշակությունը։ Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները տասնամյակներ իրենց վնասակար թափոնները լցնում են Դեբեդ: Դեբեդի հովտի այգիները ոռոգվում են Դեբեդ գետի ջրերով, Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հետեւանքով գետը հագեցած է ծանր մետաղներով։ Դեբեդի աղտոտված ջրով այգիները ոռոգելուց հետո ծառերի բնի շուրջ սպիտակ շերտ է նստում՝ կարծես ցեմենտով ամրանում են, եւ շատ պտղատու այգիներ՝ չորանում։ Ծանր, քաղցկեղածին մետաղները ոռոգվող ջրի միջոցով անցնում են աճեցված մրգին։ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Դեբեդի հովտի բազմաթիվ բնակիչներ Դեբեդից նաեւ ձուկ են որսում: Ձկնորսները չգիտեն՝ Դեբեդի ձուկն առողջարա՞ր է, թե՞ վտանգավոր մարդկանց առողջության համար:

Բագրատաշեն գյուղի բնակիչ, փորձառու այգեգործ Արմո Գաբրիելյանը հայտնեց, որ մի քանի տարի առաջ Դեբեդի հովտի մի բնակիչ պարծեցել է Դեբեդի «Խրամուլի» ձկնատեսակի համով եւ Ռուսաստանում գտնվող իր բարեկամին ուղարկել է Դեբեդից բռնած «Խրամուլի»: Վերջինս այդ ձուկը տարել է լաբորատորիա, փորձաքննության ենթարկել եւ պարզել, որ ձկան մեջ կան ծանր մետաղներ, որոնք վնասակար են առողջությանը, այդ ձուկն ուտելու համար պիտանի չէ:

Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից Դեբեդ գետն աղտոտելու համար 2017 թվականին Տավուշի մարզի համայնքներին հատկացվել են գումարներ: Այն ժամանակ, իմ հարցմանն ի պատասխան, Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը 2017-ին Տավուշի մարզի Այրում համայնքին սուբվենցիա է տրամադրել՝ 2,9 միլիոն դրամի չափով, Նոյեմբերյան համայնքին տրվել է 18 միլիոն 32.4 հազար, Կողբին՝ 509.8 հազար դրամ։

Տեղեկատվական հարցմամբ դիմել եմ Տավուշի մարզպետարան, թե Լոռու մարզում պղնձի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող ընկերությունները, որպես բնությանը պատճառված վնաս, 2018 եւ 2019 թվականներին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներին որքան գումար են տրամադրել։ Մարզպետարանից պատասխանել են, որ Լոռու մարզում պղնձի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից, որպես բնությանը պատճառված վնաս, 2018 եւ 2019 թվականներին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներին գումար չի տրամադրվել: 2025թ․ հունվարի 22-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին նոր հարցում եմ արել․ «Նախկինում դուք հայտնել եք, որ Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների վնասակար ազդեցությանը ենթարկվող համայնքների ցանկի մեջ ընդգրկված է Նոյեմբերյան համայնքը (2024 թվականի համար): Սակայն 2024 թվականին Նոյեմբերյան համայնքին, բնությանը պատճառված վնասների համար գումարներ չեն փոխանցվել։ 2025 թվականին այդ նպատակով Նոյեմբերյան համայնքին որքա՞ն գումար է տրվելու, այդ գումարը ե՞րբ, ի՞նչ մեխանիզմով է տրվելու»։

Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Լոռու մարզի հանքարդյունաբերության ձեռնարկության վնասակար ազդեցության նպատակով 2025թ. Նոյեմբերյան համայնքին տրվող գումարի չափի եւ տրման մեխանիզմի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան»: Նոյեմբերյանի համայնքապետարանից տեղեկացել եմ, որ 2025թ․ Նոյեմբերյան համայնքին գումար չի տրվել։ 2026թ․ մարտի 12-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում եմ արել․ «Լոռու մարզում պղնձի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից բնությանը, Դեբեդ գետին պատճառված վնասի համար Նոյեմբերյան համայնքին, որպես ազդակիր համայնքի, ինչո՞ւ գումարներ չեն փոխանցվում»։

ՏԿԵ նախարարությունից հայտնել են․ «Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի մարտի 4-ին ընդունված ՀՕ-52-Ն օրենքով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում կատարված փոփոխությունների համաձայն՝ պետական բյուջեի ծախսերից համայնքների բյուջեներին նախատեսվել են անվերադարձ մասհանումներ։ Դրանք ձեւավորվում են յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից տվյալ հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսի չափով։ Նշված օրենքի իմաստով՝ ազդակիր բնակավայր է համարվում համայնքի այն բնակավայրը, որը հարակից է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ռոյալթի վճարող կազմակերպությանը լեռնահատկացման ակտով հատկացված տարածքին։ Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ Նոյեմբերյան համայնքը, սույն օրենքի իմաստով, չի համարվում ազդակիր բնակավայր»։ Նոյեմբերյան համայնքի պտղատու այգիները Լոռու մետաղական հանքերի կողքին չեն, սակայն հանքերի գործունեության հետեւանքով ծանր մետաղներով աղտոտված Դեբեդի ջրով ոռոգվելուց հետո չե՞ն կրում այդ հանքերի գործունեության բացասական հետեւանքները, վերոհիշյալ օրենքի մեջ որտե՞ղ է տրամաբանությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փաշինյանի ինքնիշխանության «խորհրդանիշը» մերժում են անգամ ՔՊ-ականները

«Հրապարակ»․ Փաշինյանի ինքնիշխանության «խորհրդանիշը» մերժում են անգամ ՔՊ-ականները Thu, 26 Mar 2026 08:45:34 +0400 Երեկ…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Բոլորը լծվել են քվե բերելու գործին

«Հրապարակ»․ Բոլորը լծվել են քվե բերելու գործին Thu, 26 Mar 2026 08:15:52 +0400 Պաշտպանության նախարար…

38 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն

«Հրապարակ»․ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն Thu, 26 Mar 2026 08:10:08 +0400 ՔՊ աշխատակազմից նախընտրական ցուցակի…

44 րոպե ago

«Հրապարակ»․ «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ

«Հրապարակ»․ «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ Thu, 26 Mar…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր

«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր Thu, 26 Mar 2026 08:00:32 +0400 ՔՊ մեր աղբյուրները պատմում են,…

53 րոպե ago

Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ

Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Wed, 25 Mar 2026…

9 ժամ ago