«Հրապարակ». Նոյեմբերյանի այգիներն ու գետը վնասակար թափոններ են լցվում, բայց համայնքը փոխհատուցում չի ստանում

«Հրապարակ». Նոյեմբերյանի այգիներն ու գետը վնասակար թափոններ են լցվում, բայց համայնքը փոխհատուցում չի ստանում

Wed, 25 Mar 2026 12:15:34 +0400


Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Դեբեդի հովտի բնակավայրերում զարգացած է պտղաբուծությունը, խորհրդային շրջանում՝ հատկապես դեղձի, վերջին տարիներին՝ կորոլյոկի մշակությունը։ Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունները տասնամյակներ իրենց վնասակար թափոնները լցնում են Դեբեդ: Դեբեդի հովտի այգիները ոռոգվում են Դեբեդ գետի ջրերով, Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հետեւանքով գետը հագեցած է ծանր մետաղներով։ Դեբեդի աղտոտված ջրով այգիները ոռոգելուց հետո ծառերի բնի շուրջ սպիտակ շերտ է նստում՝ կարծես ցեմենտով ամրանում են, եւ շատ պտղատու այգիներ՝ չորանում։ Ծանր, քաղցկեղածին մետաղները ոռոգվող ջրի միջոցով անցնում են աճեցված մրգին։ Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Դեբեդի հովտի բազմաթիվ բնակիչներ Դեբեդից նաեւ ձուկ են որսում: Ձկնորսները չգիտեն՝ Դեբեդի ձուկն առողջարա՞ր է, թե՞ վտանգավոր մարդկանց առողջության համար:

Բագրատաշեն գյուղի բնակիչ, փորձառու այգեգործ Արմո Գաբրիելյանը հայտնեց, որ մի քանի տարի առաջ Դեբեդի հովտի մի բնակիչ պարծեցել է Դեբեդի «Խրամուլի» ձկնատեսակի համով եւ Ռուսաստանում գտնվող իր բարեկամին ուղարկել է Դեբեդից բռնած «Խրամուլի»: Վերջինս այդ ձուկը տարել է լաբորատորիա, փորձաքննության ենթարկել եւ պարզել, որ ձկան մեջ կան ծանր մետաղներ, որոնք վնասակար են առողջությանը, այդ ձուկն ուտելու համար պիտանի չէ:

Լոռու մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից Դեբեդ գետն աղտոտելու համար 2017 թվականին Տավուշի մարզի համայնքներին հատկացվել են գումարներ: Այն ժամանակ, իմ հարցմանն ի պատասխան, Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը 2017-ին Տավուշի մարզի Այրում համայնքին սուբվենցիա է տրամադրել՝ 2,9 միլիոն դրամի չափով, Նոյեմբերյան համայնքին տրվել է 18 միլիոն 32.4 հազար, Կողբին՝ 509.8 հազար դրամ։

Տեղեկատվական հարցմամբ դիմել եմ Տավուշի մարզպետարան, թե Լոռու մարզում պղնձի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող ընկերությունները, որպես բնությանը պատճառված վնաս, 2018 եւ 2019 թվականներին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներին որքան գումար են տրամադրել։ Մարզպետարանից պատասխանել են, որ Լոռու մարզում պղնձի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից, որպես բնությանը պատճառված վնաս, 2018 եւ 2019 թվականներին Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներին գումար չի տրամադրվել: 2025թ․ հունվարի 22-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին նոր հարցում եմ արել․ «Նախկինում դուք հայտնել եք, որ Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների վնասակար ազդեցությանը ենթարկվող համայնքների ցանկի մեջ ընդգրկված է Նոյեմբերյան համայնքը (2024 թվականի համար): Սակայն 2024 թվականին Նոյեմբերյան համայնքին, բնությանը պատճառված վնասների համար գումարներ չեն փոխանցվել։ 2025 թվականին այդ նպատակով Նոյեմբերյան համայնքին որքա՞ն գումար է տրվելու, այդ գումարը ե՞րբ, ի՞նչ մեխանիզմով է տրվելու»։

Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Լոռու մարզի հանքարդյունաբերության ձեռնարկության վնասակար ազդեցության նպատակով 2025թ. Նոյեմբերյան համայնքին տրվող գումարի չափի եւ տրման մեխանիզմի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան»: Նոյեմբերյանի համայնքապետարանից տեղեկացել եմ, որ 2025թ․ Նոյեմբերյան համայնքին գումար չի տրվել։ 2026թ․ մարտի 12-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում եմ արել․ «Լոռու մարզում պղնձի արդյունահանմամբ եւ մշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից բնությանը, Դեբեդ գետին պատճառված վնասի համար Նոյեմբերյան համայնքին, որպես ազդակիր համայնքի, ինչո՞ւ գումարներ չեն փոխանցվում»։

ՏԿԵ նախարարությունից հայտնել են․ «Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի մարտի 4-ին ընդունված ՀՕ-52-Ն օրենքով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում կատարված փոփոխությունների համաձայն՝ պետական բյուջեի ծախսերից համայնքների բյուջեներին նախատեսվել են անվերադարձ մասհանումներ։ Դրանք ձեւավորվում են յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից տվյալ հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսի չափով։ Նշված օրենքի իմաստով՝ ազդակիր բնակավայր է համարվում համայնքի այն բնակավայրը, որը հարակից է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ռոյալթի վճարող կազմակերպությանը լեռնահատկացման ակտով հատկացված տարածքին։ Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ Նոյեմբերյան համայնքը, սույն օրենքի իմաստով, չի համարվում ազդակիր բնակավայր»։ Նոյեմբերյան համայնքի պտղատու այգիները Լոռու մետաղական հանքերի կողքին չեն, սակայն հանքերի գործունեության հետեւանքով ծանր մետաղներով աղտոտված Դեբեդի ջրով ոռոգվելուց հետո չե՞ն կրում այդ հանքերի գործունեության բացասական հետեւանքները, վերոհիշյալ օրենքի մեջ որտե՞ղ է տրամաբանությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ես Պուտինի «դաբրոյով» չեմ եկել. «դաբրոյի» կարիք չունեմ. Սամվել Կարապետյան

Ես Պուտինի «դաբրոյով» չեմ եկել. «դաբրոյի» կարիք չունեմ. Սամվել Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:31:19…

8 րոպե ago

35-ամյա սպորտսմեն է մահացել

35-ամյա սպորտսմեն է մահացել Fri, 09 Oct 2026 19:30:18 +0400 Մահացել է վոյելբոլի Իտալիայի հաավքականի…

9 րոպե ago

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ Fri, 09 Oct 2026 19:15:16 +0400 Կա մի…

24 րոպե ago

Մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ

Մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Fri, 09 Oct…

33 րոպե ago

Համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. Կարապետյան

Համբերե՛ք, ճտերն աշնանն են հաշվում. Կարապետյան Fri, 09 Oct 2026 19:03:36 +0400 Latest news from…

36 րոպե ago

Բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվն աճել է

Բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհերի թիվն աճել է Fri, 09 Oct 2026 19:00:23 +0400 Ստամբուլի…

39 րոպե ago