Վախը՝ որպես քաղաքական գործիք
Wed, 25 Mar 2026 19:15:19 +0400
Մեր իրականությունը վաղուց Թումանյանի «Չարի վերջն» է հիշեցնում։ Միայն սյուժեն խճողել է Նիկոլ վարչապետը։ Այսօր խեղճ կկվից ձագեր են ուզում միանգամից երկու եղբայր աղվես՝ Նիկոլ, Ալիեւ։ Միասին են «հաթաթա» տալիս՝ «հրեն, կացինը սրած, էլի տվեք…»։ Տվել ենք՝ Արցախ, Սոթք, Ջերմուկ, Իշխանասար, Կիրանց, Սյունիք… Չեն կշտանում։ Էլի ու էլի են ուզում։ Իսկ մեզ վերջին ձագուկն է մնացել։ Հոգատար մի իմաստուն չկա, որ ասի՝ ի՞նչ կացին, ո՞վ է կտրելու ծառը…
Թվում է՝ ճակատագրական այս պահին ընդդիմությունը պիտի վճռական հայտարարի՝ «սարն ամենքինս է՝ հավասար»։ Բայց՝ ոչ։ Կարեւոր հարցերով է զբաղված՝ վերլուծում, քննարկում է Նիկոլի ամենօրյա ինտրիգները։ Պետք է ասել, որ երբեմն հաջողվում է սատիրիկ պատասխաններ հնչեցնել։ Զորօրինակ, «Եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի» թեզին հակադրելով «Ալիեւի հետ բանակցել, պայմանավորվե՞լ ես» հակաթեզը։ Եվ դա բավարար է համարվում։ Բարեկամներ, Նիկոլը գիտի՝ ինչ է անում, ինչու է անում, դուք նրանից սարեր-ձորերով ետ եք մնում։ Նա կարող է կուկուռուզ կրծել, լավաշ հոշոտել, բեմական խնձոր «ոչնչացնել», անգամ «սեմուշկա» չրթել, ծաղրածուի կերպարի մեջ մտնել: Մինչ դուք փորձում եք հասկանալ՝ «էս ի՞նչ է անում», ամեն ինչ անում է մասսայի ուշադրության կենտրոնում լինելու համար։ Նա դրանով է օրակարգ ձեւավորում։ Նախ՝ զբաղեցնել մարդկանց ուշադրությունը, ապա՝ ժամանակ շահել եւ վերջում՝ նետել թեմա, որը կգերիշխի բոլոր քննարկումներում։ Հիմա, այս դեռ չսկսված ընտրապայքարում առաջատարն ո՞վ է։ Իհարկե՝ ՔՊ-ն։ Անգրագետ Նիկոլը կարողանում է խայծ նետել։ Հենց ուզում եք բռնել, «պլստում» է, մի ուրիշ տեղ դուրս գալիս։
Դուք, հարգելի ընդդիմադիրներ, գնում եք միայն նրա ետեւից։ Մինչ դուք փորձում եք «վնասազերծել» նրա խոսքերը, նա արդեն հաջորդ քայլն է անում։ Եվ մերկ «ռումբը»․ «Եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի»։ Սա արդեն ձեւավորված քաղաքական լեզու է, որը կրկնվում է տարիներ շարունակ՝ եթե սա չլինի, կլինի պատերազմ, եթե դա չանենք, կլինի պատերազմ, եթե մենք չլինենք, կլինի պատերազմ։ Սա համակարգ է, որի հիմքում ընկած է մեկ բան՝ վախը։ Մինչ դուք արձագանքում եք, նա վախի դաշտ է ձեւավորում, եւ դա դառնում է կառավարման գործիք։ Նահանջի, զիջելու հակված հասարակությունն ընտրում է խելամտությունը, անվտանգությունը։ Վերջին տարիների իրադարձությունները հուշում են՝ այդ վախը բազմիցս օգտագործվել է կոնկրետ որոշումներ հիմնավորելու համար՝ տարածքների զիջումներ, հետընթաց, «ավելի վատից խուսափելու» անվան տակ արված քայլեր։ Հիմա նույն բանաձեւն է՝ ընտրությունների շեմին։ Ասենք թե, նա ասի՝ վերջ, էլ Հայաստանի Հանրապետություն չկա։ Ի՞նչ ենք անելու։ Համոզված եմ՝ ոչինչ։ Իսկ ի՞նչ արեցիք, երբ հայտարարեց՝ Արցախ չկա: Որովհետեւ, երբ հասարակությունը երկար ապրում է վախի մեջ, ինչ-որ պահից դադարում է դիմադրել։
Անհոգ եք, մեր սիրելի ընդդիմադիրներ։ Առայժմ 20 կուսակցություն եք բերել դաշտ։ 20 տարբեր ձայն։ Ի՞նչ է սա՝ միավորո՞ւմ, թե՞ փոշիացում։ Մինչդեռ բոլորիս խնդիրը պետք է մեկը լինի՝ իշխանությունից զրկել գործող ուժին։ Ոչ թե իրար հետ մրցել։ Հետո՝ գնացեք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, ինչպես նիկոլականներն են անում, ծայրամասեր լուրերն ուշ են հասնում, միայն Հ1-ի հույսին են, մարդկանց պարզ լեզվով բացատրեք այս ամենը: Ասեք՝ Նիկոլի ընտրվելու դեպքում ամենօրյա կորուստները շարունակվելու են՝ հող, արժանապատվություն, սահմանադրություն, անգամ՝ պետականություն եւ դրան վրադիր՝ ավելի ռեալ է դառնալու պատերազմի վտանգը։ Պատերազմից չեն վախենում, պատերազմին պատրաստվում են, իսկ Փաշինյանը չի պատրաստվում պատերազմին պատրաստվել․ նրա օրակարգում չկան բանակն ու պաշտպանունակությունն ամրացնելը, հասարակության դիմադրողականությունն ու դիմակայունությունը բարձրացնելը։ Նա սեփական ժողովրդին վախեցնելով՝ պետությունն է կործանելու․ այ, սա է պետք բացատրել մարդկանց։
Հիմա մեզ հենց այդ խոսքն ասող է պետք։ Այն առաջնորդը, որը չի ասի՝ «վախեցեք թշնամուց», այլ կասի՝ «մենք չենք վախենում թշնամուց, որովհետեւ գիտենք ինչպես պաշտպանել մեր երկիրը»։ Ով չի պարտադրի․ «Ես կամ կործանում», այլ կվերացնի այդ կեղծ թեզը։ Որովհետեւ «կա՛մ ես, կա՛մ պատերազմ» բանաձեւը քաղաքական դիրքորոշում չէ, խաբեություն է, մանիպուլյացիա։ Դա հաստատ պատերազմ է: Եթե մենք շարունակենք ընդունել նրա պարտադրած խաղի կանոնները, պատերազմի վտանգը երբեք չի հեռանա մեր երկնակամարից։