«Հրապարակ»․ Ջրհեղեղից 2 տարի անց աղետի հետեւանքների զգալի մասը վերացված չէ

«Հրապարակ»․ Ջրհեղեղից 2 տարի անց աղետի հետեւանքների զգալի մասը վերացված չէ

Thu, 26 Mar 2026 11:45:27 +0400


2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղը մեծ վնասներ պատճառեց մարդկանց եւ տնտեսությանը՝ ավերածություններ գործեց, ինչի հետեւանքով Լոռու եւ Տավուշի մարզերում 2-ական զոհ եղավ։ 2026թ․ մարտի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական աջակցությունն ավարտվե՞ց, թե՞ շարունակվելու է։ Եթե շարունակվելու է՝ ե՞րբ, ո՞ւմ է այն տրվելու։ Ջրհեղեղից տուժածներին մինչեւ հիմա որքա՞ն ֆինանսական աջակցություն է տրվել»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «2024թ․ մայիսի 27-ի դրությամբ ջրհեղեղից տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցության հետ կապված՝ հանրապետական հանձնաժողովին ներկայացված ակտով անհատական բնակելի տներին պատճառված ընդհանուր վնասի գումարը՝ վերանորոգման, առաջնային գույքի եւ բնակարանի գնման վկայագրի համար, կազմել է 89 մլն 702 հազար 900 դրամ։ Վնասվել է 32 տրանսպորտային միջոց, որից 29-ին տրվել է 32,9 մլն դրամ ֆինանսական աջակցություն։ Տուժել է 307 գյուղացիական տնտեսություն։ Նոյեմբերյան համայնքում՝ 292, Դիլիջան համայնքում՝ 15, որոնց փոխհատուցման նպատակով տրված գումարը կազմել է 48 մլն 665 հազար դրամ։ Տուժել է 30 տնտեսվարող, 15-ը՝ Նոյեմբերյանում, 10-ը՝ Դիլիջանում, 5-ը՝ Իջեւանում։ Ոչ բնակելի շինություններին պատճառված վնասի համար ֆինանսական աջակցություն են ստացել Դիլիջան համայնքում 9 շահառու, Նոյեմբերյանում՝ 125։ Ընդհանուր տրվել է 18 մլն 850 հազար դրամ գումար, իսկ երկրորդ փուլով Նոյեմբերյան համայնքի գյուղացիական տնտեսություններին պատճառված վնասի համար տրամադրվել է 412 մլն 58 հազար դրամ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ շարունակվելու մասին տեղեկատվություն չունենք»։

2024թ․ ջրհեղեղից գրեթե 2 տարի է անցել, սակայն այդ ջրհեղեղից միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում վնասված ճանապարհաեզրերը չեն վերականգնվել։ Մարտի 5-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում եմ արել, թե այդ հատվածների վերականգնումը երբ է իրականացվելու, որքան գումար է նախատեսված այդ նպատակով։ ՏԿԵ նախարարի տեղակալ Ա․ Դարբինյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է․ «Մ4 Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Հ-30 ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետեւանքով ողողված եւ փլուզված 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքներն իրականացվելու են «Մոստ Կոնտրակտ» ՍՊԸ-ի կողմից։ Կառավարության համապատասխան որոշմամբ 526 մլն 518 հազար դրամ միջոցներ են նախատեսվել աշխատանքների կատարման համար, աշխատանքները բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կմեկնարկեն»։

2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից վնասվել, շահագործումից դուրս է եկել Խաշթառակ գյուղի կամուրջը, հիմա կառուցվում է հիմնական նոր կամուրջ։ Մարտի 5-ին նախարար Դ․ Խուդաթյանին հարցում եմ արել․ «Ե՞րբ է սկսվել Խաշթառակ գյուղի հիմնական կամրջի կառուցումը, ո՞ր կազմակերպությունն է այն իրականացնում, ո՞վ է աշխատանքների պատվիրատուն, որքա՞ն գումար է նախատեսված ծրագրով, ի սկզբանե ե՞րբ էր նախատեսված ծրագրի ավարտը, ե՞րբ այն կավարտվի»: ՏԿԵ նախարարի տեղակալ Ա․ Դարբինյանի ստորագրությամբ պատասխան եմ ստացել․ «S-10-26, /Մ4/-Խաշթառակ-Լուսահովիտ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+050-ում գտնվող փլուզված կամրջի փոխարեն կառուցվում է պողպատե ֆերմաներով նոր մետաղական կամուրջ։ Աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին։ Կառուցող ընկերությունը «Թունել Սադ Արիանան» է։ Ավարտը նախատեսվում է 2026 թվականի մայիսին։ Պատվիրատուն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է»։

Նախարարությունը չի պատասխանել այն հարցին, թե որքան գումար է նախատեսված այդ ծրագրով։ «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ն իրանական շինարարական ընկերություն է, որը հիմնականում զբաղվում է ենթակառուցվածքային խոշոր նախագծերով, այդ թվում՝ ճանապարհների, թունելների եւ հիդրոտեխնիկական կառույցների շինարարությամբ։ Հիմա սարերի ձյունը սկսել է հալվել, առաջիկայում մեծ է վտանգը, որ ձյան հալոցքի ու գարնանային հորդ անձրեւների հետեւանքով Դեբեդ ու Աղստեւ գետերը կարող են վարարել, դուրս գալ հունից, ավերածություններ գործել։ Մինչդեռ 2 տարի առաջվա՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետեւանքների զգալի մասը դեռ վերացված չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան

Սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Mon, 15 Jun 2026 21:15:36 +0400…

15 րոպե ago

Ոչ թե «Նոր Հայաստան», այլ իսկական «Հայաստան բանտ»․․․ ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ…

Ոչ թե «Նոր Հայաստան», այլ իսկական «Հայաստան բանտ»․․․ ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ... Mon,…

22 րոպե ago

Բարձրաստիճան եկեղեցականը ներառվել է հակառուսական սանկցիոն ցանկում

Բարձրաստիճան եկեղեցականը ներառվել է հակառուսական սանկցիոն ցանկում Mon, 15 Jun 2026 21:00:50 +0400 Եվրամիությունը ընդլայնել…

30 րոպե ago

Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն

Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն Mon, 15 Jun 2026 20:45:45…

45 րոպե ago

«Արծիվ գործընկեր-2026»․ Հայաստանում կմեկնարկի միջազգային խաղաղապահ զորավարժությունը

«Արծիվ գործընկեր-2026»․ Հայաստանում կմեկնարկի միջազգային խաղաղապահ զորավարժությունը Mon, 15 Jun 2026 20:42:41 +0400 Միջազգային խաղաղապահ…

48 րոպե ago

Ռմբակոծել են Բեյրութի արվարձանները

Ռմբակոծել են Բեյրութի արվարձանները Mon, 15 Jun 2026 20:30:45 +0400 Իսրայելական ռազմաօդային ուժերը ռեյդ են…

60 րոպե ago