Որտեղից Փաշինյանը գիտի սեպտեմբերին սպասվող պատերազմի մասին

Որտեղից Փաշինյանը գիտի սեպտեմբերին սպասվող պատերազմի մասին

Thu, 26 Mar 2026 18:15:35 +0400


Նիկոլ Փաշինյանը սպառնում է պատերազմով՝ հստակ նշելով, որ իր չընտրվելու դեպքում այն կսկսվի սեպտեմբերին: Շատերը զարմացած են նման տեղեկացվածությունից. Փաշինյանը որտեղի՞ց գիտի Ալիեւի պլանների մասին, այն էլ՝ նման ճշգրտությամբ: Փաշինյանը, պարզվում է, գիտի նաեւ, թե ինչով է ավարտվելու նոր պատերազմը․ նա նշում է՝ «արյունահեղ պատերազմ», տարածքային կորուստներով եւ հնարավոր է՝ պետության վերջնական կործանմամբ: Պատերազմի արդյունքների մասով ամեն ինչ պարզ է. Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում, պարտությունից ու կորուստներից բացի, ուրիշ բան չի եղել, ինքը հաղթանակ չի տեսել, հետեւաբար՝ նոր պատերազմի այլ արդյունք չի էլ կարող կանխատեսել: Ինչ վերաբերում է պատերազմը սկսվելու ամսաթվի մասին ունեցած տեղեկությանը, նորմալ երկրներում նման հարցերով զբաղվում է արտաքին հետախուզության ծառայությունը, բայց Հայաստանի դեպքում դա բացառված է, քանի որ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած հիմնարկը ներքաղաքական հարցերից, նախընտրական քարոզարշավում իշխանության թեզերն առաջ տանելուց բացի, ուրիշ որեւէ գործով զբաղված չէ: Այդ դեպքում որտեղի՞ց նման հստակ տեղեկատվություն՝ նախապատրաստվող պատերազմի մասին:

Փաշինյանը կարող էր իր պաշտոնավարման դառը եւ ողբերգական փորձի վրա վախ ունենալ սեպտեմբեր ամսվանից առհասարակ` Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը երեք պատերազմ է վարել Հայաստանի Հանրապետության դեմ, եւ երեքն էլ եղել է սեպտեմբերին: Առաջինը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին (44-օրյա պատերազմը), երկրորդը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին,՝ երբ Ադրբեջանը հարձակում սկսեց միանգամից Հայաստանի չորս` Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերի ուղղությամբ, Հայաստանին պատճառելով մարդկային եւ տարածքային կորուստներ։ Եվ երրորդը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ երկարատեւ շրջափակումից հետո հարձակվեց Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի վրա, վերջնականապես գրավելով եւ հայաթափելով հայկական Արցախը: Հնարավոր է, որ Փաշինյանը վախով եւ սարսափով է սպասում յուրաքանչյուր սեպտեմբերին՝ մտավախություն ունենալով, որ այդ ամսին Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սկսել:

Բայց կա ավելի ռացիոնալ բացատրություն, թե ինչու է նա հենց սեպտեմբերին կանխատեսում նոր պատերազմ, եւ այդ ամսաթիվն օդից վերցված չէ: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները՝ նրանք, ովքեր բանակցում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ, որոշակի խոստումներ են տվել այդ երկրներին եւ պարտավորվել, որ ընտրություններից շատ չանցած՝ մինչեւ սեպտեմբեր, այդ խոստումները կամ, ավելի ճիշտ՝ պարտավորությունները կիրականացնեն: Ադրբեջանն էլ վերջնաժամկետ է տվել, որ եթե մինչեւ սեպտեմբեր փաշինյանական իշխանությունը կամավոր չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ապա իրենք դրան կհասնեն պատերազմի միջոցով: Թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, կարելի է միայն ենթադրել՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի հնչեցրած հրապարակային պահանջները՝ սկսած իրենց պատկերացած եւ խմբագրած Սահմանադրության ընդունումից մինչեւ միջանցքի տրամադրում եւ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հնարավորության ապահովում:

Փաշինյանը հենց դրա համար է վստահաբար պնդում, որ եթե պարտվի, դա կհանգեցնի խաղաղության պայմանների ռեւիզիայի եւ նոր պատերազմի. Ադրբեջանը կարող է պատերազմը սկսել միանգամից՝ համարելով, որ այն իշխանությունը, որն իր պայմաններն ընդունել է եւ պարտավորվել կատարել, այլեւս չկա, կամ կարող է այդ նոր պահանջներն առաջադրել Հայաստանի նոր իշխանությանը, նույն պայմանով, որ դրանք պետք է կատարվեն մինչեւ սեպտեմբեր, եւ եթե նոր իշխանությունը հրաժարվի դրանք կատարել մինչեւ վերջնաժամկետի ավարտը, պատերազմ սկսի:

Այսպիսով մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը գտնվում է ադրբեջանական շանտաժի տակ եւ հայ հասարակությանը եւս ստիպում է մտնել այդ շանտաժի տակ, կատարել այդ շանտաժի պայմանները: Սա ցույց է տալիս, որ Փաշինյանից ազատվելն օրախնդիր պահանջ է: Այս մարդը գտնվում է ադրբեջանական թելադրանքի տակ, իր վրա վերցրել է որոշակի պարտավորություններ եւ իշխանությունը պահելու դեպքում չի կարողանալու հրաժարվել դրանք կատարելուց։ Նա նոր բան բանակցելու կամ բանակցածի պայմանները փոխելու հնարավորություն չունի, իրենից պահանջելու են կատարել խոստացածը: Ինչ վերաբերում է նոր իշխանության պարագայում ադրբեջանական սպառնալիքներին, ապա դրանք կարող են լինել, բայց Հայաստանի շուրջ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ձեւավորվում `հօգուտ Հայաստանի: Ադրբեջանն Իրանին էլ էր սպառնում պատերազմով, բայց ստիպված եղավ հրթիռների փոխարեն մարդասիրական օգնություն` սնունդ եւ դեղորայք ուղարկել Իրան: Հայաստանը տրվում է Ադրբեջանի շանտաժին, քանի որ փաշինյանական իշխանությունը փչացրել է հարաբերությունները բոլոր հնարավոր դաշնակիցների հետ:

Հայաստանին պետք է նոր բանակցող, մարդիկ, ովքեր կաշկանդված չեն Ադրբեջանին տված խոստումներով, մարդիկ, ովքեր կարող են իրականացնել ինքնուրույն, Հայաստանի շահերից բխող արտաքին քաղաքականություն, վերականգնել դաշնակցային ոչնչացված կապերը եւ ապահովել հուսալի ու արժանապատիվ խաղաղություն: Թե չէ ադրբեջանական շանտաժի գերի իշխանության պայմաններում Հայաստանում կարող է սեպտեմբերին պատերազմ չլինել, բայց խաղաղ կյանքն էլ կվերածվի ամենօրյա դժոխքի՝ անվերջ սարսափներով եւ անվերջանալի ստորացումներով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո

«Երբ փորձում են մեր հայրենասիրությանը կպնել, ասում են՝ ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշո…

39 րոպե ago

Փաշինյանն արդեն չի էլ փորձում ձևափոխել, այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը

Փաշինյանն արդեն չի էլ փորձում ձևափոխել, այլ նույնությամբ կրկնում է Ալիևի մտքերը Thu, 26 Mar…

46 րոպե ago

Թուրք դարպասապահով հետաքրքրված են անգլիական 3 ակումբ

Թուրք դարպասապահով հետաքրքրված են անգլիական 3 ակումբ Thu, 26 Mar 2026 23:30:32 +0400 Թուրքական ազգային…

1 ժամ ago

Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ»

Կրիշտիանուն վերադառնում է «Ռեալ» Thu, 26 Mar 2026 23:15:11 +0400 Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հարձակվող…

1 ժամ ago

Honda-ն վերանայում է իր քաղաքականությունը

Honda-ն վերանայում է իր քաղաքականությունը Thu, 26 Mar 2026 23:00:50 +0400 Ճապոնական Sony Group եւ…

2 ժամ ago

Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ

Վարժական հավաքի մասնակից է ձերբակալվել. ՔԿ Thu, 26 Mar 2026 22:51:26 +0400 Վարժական հավաքի զորակոչված…

2 ժամ ago