ԵՄ առաքելության անդամներն անգլերեն են խոսում, հայ գյուղացիները` կոտրած ռուսերեն
Thu, 26 Mar 2026 19:26:01 +0400
Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են տարածում, որտեղ նշված է, որ իրենց ներկայության շնորհիվ սահմանին միջադեպերի թիվը նվազել է: Գրում են, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը դիտարկել և տեղեկացրել է ԵՄ-ին հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության իրավիճակի մասին, նպաստել է, որպեսզի բնակչությունն ավելի ապահով զգա իրեն, հատկապես սահմանամերձ տարածքում: Աջակցել են հակամարտության գոտում ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը։ Այս ամենի մասին իրենց զեկույցներն ուղարկել են Եվրամիություն՝ անդամ երկրներին լիարժեք տեղեկացնելու համար։
Հայաստանում Եվրոպական Միության առաքելության գլխամասային գրասենյակը, հիշեցնենք, Եղեգնաձոր քաղաքում է, կապի գրասենյակը՝ Երևանում, օպերատիվ գրասենյակներ են գործում Մարտունիում, Եղեգնաձորում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Իջևանում։ ԵՄ առաքելության անդամները բացի սահմանագոտու դիտարկումներից, նաեւ շփվում են այստեղի բնակիչների հետ։ Թեեւ դրան խոչընդոտում է այն, որ առաքելության անդամներն անգլերենի, եվրոպական լեզուների են տիրապետում, իսկ սահմանամերձ գյուղերի բնակիչները միայն քիչ, թե շատ ռուսերեն գիտեն, քչերն են անգլերենին բավարար տիրապետում, որ կարողանան հաղորդակցվել եւրոպացիների հետ։