Հայերի ցեղասպանության պատճառը՝ ըստ քուրդ հեղինակի

Հայերի ցեղասպանության պատճառը՝ ըստ քուրդ հեղինակի

Thu, 26 Mar 2026 20:00:08 +0400


Քրդա-արաբական ծագում ունեցող պատմաբան Ումիթ Քուրթը երկար տարիներ զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ։ 2021 -ին Harvard University Press հրատարակչությունը լույս է ընծայել նրա «Այնթապի հայերը․ ցեղասպանությունը եւ էկոնոմիկան՝ օսմանյան գավառներում» աշխատությունը, որում ներկայացնում է իր տեսակետը, որ Հայոց ցեղասպանության շարժառիթը եղել են տնտեսական բաղադրիչը, ագահությունն ու նախանձը։ Որպես ապացույց՝ ներկայացնում է մի պատմություն, թե ինչքան մանրակրկիտ ու լավ են թուրքերը կազմակերպել հայերի բնաջնջման ծրագիրը՝ բյուրոկրատական առումով։ Քուրթի ընտանիքում ժամանակին վախեցել են քրդերեն եւ արաբերեն խոսել, հեռու են մնացել թուրքական ազգայնականությունից։ Նա կարծում է, որ թուրքական ինքնությունն իրեն պարտադրվել է։ Հիշում է, որ նույնիսկ մանուկ հասակում, թեկուզ բնազդորեն, սակայն ընդդիմացել է թուրքական ինքնությանը։

Հեղինակը գրում է, որ մինչեւ 1915 թվականը Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերի ձեռքում բավականին մեծ կապիտալ է եղել։ Անդրադառնալով Այնթապի հայությանը՝ Քուրթը հիշում է պատմաբան Ալի Նադիր Ունլերին (1895–1986), որն իր աշխատություններում գրել է, որ Այնթապի կամ ներկայիս Ղազիանթապի հայությունը զարգացած է եղել ու հարուստ՝ տեղի թուրք մահմեդական բնակչությունից, գրավել է կարեւոր դիրքեր առեւտրի եւ տնտեսության մեջ։ Իսկ արդեն ցեղասպանությունից հետո, ըստ Ղազիանթապի առեւտրի պալատի (Gaziantep Ticaret Odası Yıllığı) 1920-ականների վիճակագրության, այդ շրջանում այլեւս ոչ մի ձեռնարկություն չի մնացել մահմեդականների ձեռքում։ Իսկ ինչպես է ձեւավորվել հայերի հանդեպ, ազգային եւ կրոնական հակակրանքից ու ատելությունից բացի, նաեւ տնտեսական նախանձը։

Քուրթը դա բացատրում է այսպես․ 19-րդ դարում Օսմանյան կայսրությունն անդադար պատերազմների մեջ է եղել։ Դա, իհարկե, ե՛ւ մարդկային ուժի, ե՛ւ նյութական միջոցների ահռելի կենտրոնացում էր պահանջում։ 1856 թվականից օսմանյան իշխանությունները ստիպված են լինում զինակոչել նաեւ ոչ մահմեդական բնակչությանը։ Սակայն հայերի, հույների եւ հրեաների համար սահմանվում է բանակից ազատվելու հատուկ հարկատեսակ՝ bedelat-ı askeriye։ Ովքեր ի վիճակի են եղել վճարել՝ շարունակել են հանգիստ զբաղվել տնտեսական կամ այլ գործունեությամբ։ Կայսրության թուրք կամ մահմեդական բնակչության մոտ դա դարձել է հակակրանքի պատճառ։ Նրանք դա անարդար են համարել եւ ժամանակի ընթացքում այդ հակակրանքը վերածվել է ատելության ու դարձել այն նախադրյալներից մեկը՝ գաղափարական առումով, որն էլ հետո հիմք է տվել, որ օսմանյան պետությանն իրականացնել Հայոց ցեղասպանությունը։ Այդ դժգոհ խմբերն 1910-ականներին դարձել են լուրջ լոբբի եւ ազդել օսմանյան կառավարության, մասնավորապես՝ Թալեաթ փաշայի վրա։ Խնդիրը, հայերի բնաջնջումից զատ, նաեւ նրանց ունեցվածքին տիրանալն էր։ Ու դա արվում էր օսմանյան քաղաքական վերնախավի դիրիժորությամբ, ինչի վկայությունները բազմաթիվ են, օրինակ՝ տեղական իշխանություններն ակտիվորեն ներգրավված են եղել դրանում։ Եվ բացի այդ՝ դետալային կերպով մշակված է եղել հատուկ օրենսդրական բազա, որն իրավաբանորեն հիմք կտար տիրանալ բնաջնջվածների ունեցվածքին։ Խոսքը Emval-i Metruke Kanunları կամ «Թողնված ունեցվածքի մասին» օրենքների ժողովածուի մասին է, որտեղ հստակ սահմանվել են ունեցվածքի առգրավումը, վերաձեւակերպումը, թողնված ունեցվածքի վերաբաշխումը։ Ի դեպ, Ռաֆայել Լեմկինը բավականին նմանություններ է տեսել Հայոց ցեղասպանության եւ Գերմանիայում հրեաների Հոլոքոստի կազմակերպման մեթոդիկաների միջեւ։ Ներկայացված աշխատությունը կարեւոր է եւ կարող է լայն ուսումնասիրությունների դաշտ բացել հատկապես Հայոց ցեղասպանության արդյունքում ունեզրկման պատմության եւ ծավալների առնչությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամոթ բռնապետերի բոլոր գործիքներին․ պետք է անվանակոչել և ամոթանք տալ․ Աշոտյանը լուսանկար է հրապարակել

Ամոթ բռնապետերի բոլոր գործիքներին․ պետք է անվանակոչել և ամոթանք տալ․ Աշոտյանը լուսանկար է հրապարակել Wed,…

1 ժամ ago

35-ամյա տղամարդը կալանավորվել է

35-ամյա տղամարդը կալանավորվել է Wed, 01 Apr 2026 23:45:58 +0400 Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների…

2 ժամ ago

«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով

  Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ղեկավարությամբ, դարձել է այն…

2 ժամ ago

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու Wed, 01 Apr…

2 ժամ ago

Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի

Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի Wed, 01 Apr 2026 23:15:47…

2 ժամ ago

Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Փոփոխությունը սկսվում է փողոցից

Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Փոփոխությունը սկսվում է փողոցից Wed, 01 Apr 2026 23:09:14…

2 ժամ ago