Չգիտես` ինչ բացատրություն գտնես էս խելագարությանը
Fri, 27 Mar 2026 00:43:20 +0400
Շատ դժվար է առանց վրդովմունքի լսելն ու պատշաճ լեքսիկոնով արձագանքելը, բայց անհնարին է նաև չլսելու տալը:
Եվ այսպես. ի՞նչ է ասում հայոց պատմությունն ու հայի գենետիկ կոդը վերատեսության ենթարկելու առաքելություն ստանձնած այս նորահայտ վեստ սարգիսը:
Ասում է`«Ես պատմական արդարություն վերականգնելուց հրաժարվում եմ: Մենք չենք կարող վերականգնել Արևմտյան Հայաստանը և Արցախը»: Դեռ թողնենք, որ առնվազն տգիտություն է Արևմտյան Հայաստանն Արցախի հետ նույն հարթության մեջ դնելը: Ոչ մի գիտակից հայ Արևմտյան Հայաստան չի պահանջել վերջին 100 տարում, բայց ոչ մի ազգությամբ հայ չի հրաժարվել Արցախից և Արցախում հայերի ապրելու իրավունքը կասկածի տակ չի դրել` եթե իր երակներով պղտոր արյուն չի հոսում:
Բայց վերադառնալով պատմական արդարությանը` ախր դու ո՞վ ես, որ կարողանաս պատմական արդարություն վերականգնել, ո՞վ է քեզնից նման բան ակնկալում, դու նույնիսկ սովորական առօրյա արդարության գաղափարն ես իսպառ ոչնչացրել մեր երկրից, նույնիսկ մարդկային տարրական համակեցության կանոններն ես ջնջել ու պարզ կարեկցանք չունես քո մեջ` տնից- տեղից զրկված, Բաքվի բանտերում խոշտանգվող մեր հայրենակիցների հանդեպ: Կռիվ ես տալիս նրանց ստվերի, ինչ որ անորոշ մարդկանց դեմ, որոնք, քո հիվանդ կարծիքով, հեղաշրջում արեցին Արցախում, չկռվեցին, հետո մի շաբաթից «ճողոպրեցին», հիմա էլ նույնն ուզում են անել Հայաստանում…
Բայց ամենազազրելին սա չէ, այլ ամեն ինչում մեզ ու ցեղասպանին, զոհին ու ագրեսորին հավասարեցնելու թեզը, որ էս մարդու իդեաֆիքսն է դարձել: Ինքն ամեն ինչ «հայելային» է տեսնում (հիշու՞մ եք` ժամանակին Ալիևին առաջարկում էր հայելային սկզբունքով զորքերը երկուստեք հետ քաշել սահմանից, որ Ջերմուկից ու Սև լճից հեռանան ադրբեջանցիները, բայց Ալիևը զորքը հետ քաշելու փոխարեն ավելի առաջ բերեց 20 թվից հետո աննախադեպ «ինքնիշխանություն» ձեռք բերած մեր պետության տարածքում):
Հիմա էլ ասում է` ցեղասպանություն խոսույթ կօգտագործեք` ցեղասպանության խոսույթ կստանաք, էթնիկ զտում կասեք` նույնը կստանաք, վերադարձ կասեք` վերադարձի պահանջ կստանաք… և արանքում մի նախադասություն` «դժվար է ասել որը որից հետո է եղել»: Այսինքն, դժվար է ասել` սկզբում հայե՞րն են կոտորել թուրքերին, թե՞ թուրքերը` հայերին…
Սրբապղծությունն էլ պետք է սահմաններ ունենա, բայց էս դեպքում, ինչպես տեսնում ենք` չունի: Սա նույնն է, որ հրեաները վախենային Հոլոքոստի մասին խոսել և Իցհակ Ռաբինը կամ Գոլդա Մեյերը կոչ անեին հրեաներին` չհիշել հրեաների կոտորածը, որ գերմանացիները հանկարծ չխեղաթյուրեն պատմությունը և հրեաներին չմեղադրեն իրենց մորթելու մեջ:
Մարդ ուղղակի բառեր չի գտնում որակումներ տալու և չգիտես` ինչ բացատրություն գտնես էս խելագարությանը, էս անամոթությանը, էս ողորմելի պահվածքին, մի կողմից վախկոտ, մյուս կողմից անպատկառ ու հետևողական դավաճանությանը: Մի՞թե հույսն այն է, որ իր նման վախկոտ ու դավաճան չհայերի այնպիսի քանակ կա մեր ազգի մեջ, որ էս խոսքերը ոչ միայն մարսվելու են, այլև իրեն նոր քարտ բլանշ են տալու` Հայաստանն էլ Արցախի նման ապամոնտաժելու…