«Հրապարակ». «Սեւան» ԲԿ-ն եւ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն՝ հակակոռուպցիոն թիրախում

«Հրապարակ». «Սեւան» ԲԿ-ն եւ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ն՝ հակակոռուպցիոն թիրախում

Fri, 27 Mar 2026 10:15:25 +0400


Թալանվածը հատիկ առ հատիկ հետ բերելու վարչապետի խոստումը դատախազությունում բառացի են հասկացել: Նորանոր վարույթներ են հարուցում եւ ներկայացնում հակակոռուպցիոն դատարան: Օրերս երկու նման գործի մասին լսեցինք: Մեկը «Սեւան» բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանին է վերաբերում, մյուսը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին, որի լիազորությունները քրեական վարույթով կասեցված են:

«Սեւան» ԲԿ տնօրենին մեղսա­գրվում է 2022-2024 թվականներին վերաբերող «խոշոր չափերի գույքի հափշտակություն եւ խմբի կազմում փաստաթղթերի կեղծում»: Երբ կարդում ես մեղադրանքը, թվում է, թե ԲԿ-ում թալանչիների բանդա է գործել: Իրականում, խոսքը ծառայողական հանցանքի մասին է: Ըստ դատախազության, տնօրենը 2 տարի աշխատավարձ է տվել իր մտերիմ անձին, որը հաճախ բացակայել է աշխատանքից, չի գնացել աշխատանքի այնքան, որքան պետք է գնար: 2 տարում նա ստացել է մոտ 2,2 մլն դրամ, հենց այսքան էլ հաշվարկվել է պետությանը հասցված վնասը, որն ամբողջությամբ փոխհատուցվել է: Աշխատանքի չգնացած այդ մտերիմ անձը, մեր տեղեկություններով, հիվանդանոցի աշխատակից Արաբելլա Հովհաննիսյանն է:

Թե ինչպես հանկարծ «Սեւան» ԲԿ տնօրեն Արամ Նիկողոսյանն անցավ անցանկալիների շարքը, դժվար է ասել: Հիշեցնենք, որ Արամ Նիկողոսյանին 2021 թվականին այդ պաշտոնին էր նշանակել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Այն ժամանակ մարզային ԶԼՄ-ներով նոր տնօրենի գովքն էին անում, նշում, թե նոր ղեկավարը նորարարական մոտեցումներով է առաջնորդվում, նվազեցրել է ԲԿ-ի պարտքերը, վերացրել է փաստաթղթերի կեղծման արատավոր ավանդույթը, բարձրացրել է բժշկական ծառայությունների որակը, կերպարանափոխել «պայթած» հիվանդանոցը, նոր բաժանմունքներ բացել: Արամ Նիկողոսյանին պարգեւատրում էին, շնորհակալագրեր տալիս, ենթակաները տարածում էին իրենց նոր տնօրենի լուսանկարները՝ շնորհակալագրերը ձեռքին: Ընդամենը 2,2 մլն դրամի վերականգնված վնասի համար, առանց դատ ու դատաստանի, բազմաթիվ պատվոգրեր ստացած Նիկողոսյանի համբավը հավասարեցրին զրոյի:

Հակակոռուպցիոնի մյուս թիրախը Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանն է, որն այս հիմնարկի հնագույն աշխատակիցներից է: Ասում են՝ բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում աշխատել է հիմնարկի ստեղծման օրվանից, բաժնի պետ է եղել: Արգամ Հովսեփյանի լիազորությունները եւս քրեական վարույթով կասեցված են: Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ Արգամ Հովսեփյանից եւ նրա հարազատներից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, բռնագանձել 5 բնակարան, մոտ 163 մլն դրամ, «որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել», եւ մոտ 135 մլն դրամ էլ՝ «որպես ապօրինի եկամտի մնացորդ»: Մեկ ավտոմեքենան էլ չեն մոռացել:

Արգամ Հովսեփյանը «նախկինի» համբավ ունի, ամուսնացած է Շմայսի՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամուհու հետ, ուստի կարծիք կա, որ նրա դեմ կոռուպցիոն քննությունը պատահական չէ: Վերջին անգամ նա բյուրոյի տնօրենի պաշտոնում վերընտրվել է 2024 թվականին, բայց մինչ այդ էլ պարբերաբար խոսում էին նրա մոտալուտ պաշտոնանկության մասին: 2023-ի օգոստոսին դատախազությունը փորձաքննությունների բյուրոյի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել աշխատակիցներից մեկի բողոքի հիման վրա: Այդ «մարտում» Արգամ Հովսեփյանը հաղթել էր: Ասում են, որ գլխավոր դատախազը գոհ չէ բյուրոյի փորձաքննություններից, դրանց հիման վրա չեն կարողանում դատապարտել նրանց, որոնց պետք է դատել, եւ Հովսեփյանին վաղուց էին, ինչպես ասում են, գրչի ծայրի վրա պահում: Բյուրոյում պատմում են, որ տնօրենի այսքան հարատեւության միակ պատճառն այն է, որ Աննա Վարդապետյանը նրան փոխարինող թեկնածու չուներ ու ստիպված էր հաշտվել նրա գոյության հետ: Այդ ընթացքում խոշորացույցի տակ ուսումնասիրել են Հովսեփյանի եւ նրա հարազատների ունեցվածքը եւ նրանց պատկանող բնակարանների բռնագանձման վարույթ են նախաձեռնել, որի հիմքով էլ պաշտոնավարումը կասեցրել են:

Փորձաքննությունների բյուրոյի որոշ աշխատողներ այս օրերին հիշում են բումերանգի օրենքը, եւ որ ինքն էլ՝ Արգամ Հովսեփյանը, պաշտոնը ստանալուց հետո մոռացավ իր նախկին շեֆին՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադիր եւ առաջին ղեկավար Արտաշես Ջավադյանին, որը նաեւ միջազգային ասպարեզում լայն կապեր ուներ: Տնօրեն դառնալուց հետո Հովսեփյանը չէր հրավիրում Ջավադյանին իր ստեղծած կառույցում կազմակերպվող միջոցառումներին, աշխատանքից հեռացնում էր նրա մարդկանց: «Ինչպես որ նա գեղեցիկ չվարվեց Ջավադյանի հետ, այդպես էլ իր հետ գեղեցիկ չվարվեցին, եւ այժմ բումերանգը գնում է նրա կողմը»,- ասաց բյուրոյի նախկին աշխատակիցներից մեկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վաղը լույս չի լինի բազմաթիվ հասցեներում

Վաղը լույս չի լինի բազմաթիվ հասցեներում Thu, 02 Apr 2026 22:04:11 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր»…

13 րոպե ago

Գրավինան հրաժարական է տվել

Գրավինան հրաժարական է տվել Thu, 02 Apr 2026 22:00:05 +0400 Հրաժարական է տվել Իտալիայի Ֆուտբոլի…

17 րոպե ago

Եթե Պուտինն ասի, որ չկա Հայաստանի Հանրապետություն` կա «Արևմտյան Ադրբեջան», Նիկոլը նույնը կկրկնի՞

Եթե Պուտինն ասի, որ չկա Հայաստանի Հանրապետություն` կա «Արևմտյան Ադրբեջան», Նիկոլը նույնը կկրկնի՞ Thu, 02…

31 րոպե ago

Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար մնում է ոչ միայն հիշողության, այլև՝ պատասխանատվության ազդակ. հայտարարություն

Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ համար մնում է ոչ միայն հիշողության, այլև՝ պատասխանատվության ազդակ. հայտարարություն Thu,…

38 րոպե ago

22 միլիոն դոլարի արժեթղթեր ձեւակերպել է կնոջ անունով

22 միլիոն դոլարի արժեթղթեր ձեւակերպել է կնոջ անունով Thu, 02 Apr 2026 21:30:18 +0400 Ուկրաինայի…

46 րոպե ago

44-օրյա պատերազմն ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը»

44-օրյա պատերազմն ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Thu,…

56 րոպե ago