«Հրապարակ». Որեւէ կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ
Fri, 27 Mar 2026 10:45:32 +0400
«Հրապարակի» զրուցակիցը ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանն է։
– Պարոն Բալայան, ներքաղաքական պրոցեսներին հետեւո՞ւմ եք։ Երկիրը մտել է նախընտրական փուլ, իշխանությունը մարզեր է այցելում, շրջում Երեւանում, խոստումներ տալիս, հաճախ կոնֆլիկտի մեջ մտնում քաղաքացիների հետ, քանի որ անգամ տարրական հանդիմանություն չեն հանդուրժում․․․․
– Որեւիցե կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ, ով 8 տարի շարունակ բացառապես սուտ է խոսել։ Նա ապացուցել է, որ բացի սուտ խոսելուց ինքը ոչինչ անելու ունակ չէ։ Նրա 8 տարվա գործունեությունն ամեն ինչի մասին խոսում է, տալիս է բոլոր հարցերի պատասխանները։ Ես զարմանում եմ, որ դեռ նրա ով լինելու մասով կասկածներ կան։ Այդ մարդը խաբեբա է։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը նույնպես հասկացել է, թե ինչ տեսակ խաբեբայի հետ գործ ունի․․․․ վերջ։
– Բայց նա 8 տարի որեւէ լավ բան չանելուց հետո, հանկարծ որոշեց, որ ընտրությունից 2 ամիս առաջ թոշակները բարձրացնի, որոշ բժշկական ծառայություններ դարձնի անվճար։ Չկա՞ մտավախություն, որ այս պարզ նախընտրական կաշառքը կարող է ոմանց վրա ազդել։
– Նա այնքան խարդախ է, որ անգամ թոշակը չկարողացավ օրինական ճանապարհով բարձրացնել, դա էլ ապօրինի ճանապարհով արեց։ Թոշակները բարձրացվում են բյուջեով, այլ ոչ թե վարչապետի հրամանով կամ հանձնարարությամբ։ Նորմալ երկրներում, համենայնդեպս, այդպես է։ Մոտ միլիարդների պարգեւավճարներ է ստանում իշխանությունը, ու թոշակառուների մի փոքր զանգվածի 10 հազար դրամով փորձում է խաբել, լռեցնել։ Մոռացե՞լ եք, որ նախկինում քննադատում էր կոռուպցիան, հիմա ո՞նց է ստացվում, որ ինքն էդքան գումար է մսխում պետությունից։ Չկա՞ կոռուպցիա, չկա՞ օրենքի խախտում։ Եթե ինքն է անում՝ խախտում չէ, եթե ինքը չէ՝ խախտում է։ Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այլեւս ժողովրդին չենք զարմացնի նման քայլերով։ Մարդկանց համար ամեն ինչ էլ պարզ է։ Հայ ժողովուրդը, իմ խորին համոզմամբ, շատ էլ սթափ է եւ ճիշտ ընտրություն է կատարելու։
– Փաշինյանը ժողովրդին սպառնում է նաեւ պատերազմով, անգամ ամիսն է նշում՝ եթե ես բացարձակ մեծամասնություն չունենամ, սեպտեմբերին Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։
– Բայց ո՞վ է հավատում իրեն։ Պարզ չէ՞, որ հասարակ շանտաժ է անում։
– Դե, գուցե լինեն մարդիկ, ովքեր վախենում են այդ սպառնալիքից։
– Դե, եթե սրան պետք է հավատան, այդ դեպքում թող վախենան, բայց նորմալ մարդը չի կարող սրա խոսքերից վախենալ, ցանկացած սթափ մարդ հասկանում է, որ Նիկոլին միայն իր անձնական շահն է հետաքրքրում, ուրիշ ոչ մի բան։ Ի՞նչ ազգային շահի մասին կարող ենք խոսել, երբ պետությունը կառավարում է ապազգային տարրը։ Մեր երկրում թուրքական հրահանգների կատարումը շատ բարձր մակարդակի վրա է, ողջ իրականությունը սա է։
– ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը դառնում է Սահմանադրական դատարանի դատավոր։ Որպես ՍԴ նախկին դատավոր, որը եւս եղել է կուսակցական, ի՞նչ եք կարծում՝ նա անկա՞խ կլինի։ Ի դեպ, Փաշինյանը երբ պայքարում էր, որ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին հեռացնի, հայտարարում էր, թե նա ՀՀԿ-ական է։
– Ես զարմանում եմ, որ Նիկոլից ազնիվ բան եք ակնկալում։ Այդ մարդուն հավատալ չի կարելի։ Դուք հավատո՞ւմ էիք նրա ազնվությանը, երբ նա Հրայրի դեմ պայքարում էր։ Կա Սահմանադրությամբ սահմանված կարգ։ ՍԴ անդամը չի կարող լինել կուսակցական։ Ես նախքան դատավոր դառնալն եմ եղել դաշնակցական, անդամակցությունս դադարեցրել եմ` դատարան գնալուց առաջ։ Ամբիոնից էլ հայտարարել եմ, որ իմ մտածելակերպը չի փոխվելու երբեք, սակայն ես կուսակցության անդամ չեմ կարող լինել։ Կուսակցական գործունեություն դրանից հետո չեմ իրականացրել, սակայն այսօր լրիվ այլ բան ենք տեսնում։ Որտեղ ինչքան կուսակցական կա, տանում են՝ տարբեր պաշտոնների են նշանակում, հատկապես այնպիսի պաշտոններ են դրանք, պետք են իրեն՝ իշխանությունը պահելու համար։
– Իսկ ընդդիմադիր ուժերի մասին ի՞նչ կարծիք ունեք։ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Ծառուկյան, Թաթոյան, բավականին ակտիվ են։
– Ընդդիմադիր ուժերին պետք է գնահատել իրենց կատարած աշխատանքի չափով։ Ռոբերտ Քոչարյանի դեմ վերջին 18 տարվա մեջ այնքան հակաքարոզչություն է տարվել, որ այսօր ժողովրդի մի հստակ մասն ապակողմնորոշվել է եւ չի ցանկանում նրան ձայն տալ, բայց դա մի մասին է վերաբերում։ Նրանք, ովքեր գնահատում են մարդու ռեալ աշխատանքը, պատրաստ են վերջինիս ձայն տալ։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա նրա նման հայն արժանի է երկիր ղեկավարելու, ինչո՞ւ, որովհետեւ առանց Հայաստանի հանդեպ որեւէ պարտավորություն ունենալու, նա ամեն ինչ արել է Հայաստանի զարգացման համար։ Այսօր այդ մարդն ունի իրավունք՝ երկիր ղեկավարելու։ Ինչ վերաբերում է սահմանադրական արգելքին, որ նա չի կարող ղեկավարել երկիրը եւ այլն, ապա կարող են համապատասխան հոդվածը փոխել, ու վերջ` նա կարող է վարչապետ դառնալ։ Ես այդ թեզին միշտ դեմ եմ եղել, դեռ շատ տարիներ առաջ, որովհետեւ մենք ունենք մեծ սփյուռք եւ չենք կարող սահմանափակել, թե ում ենք ընտրում վարչապետ, երկրի ղեկավար։ Ցանկացած հայ էլ պետք է հնարավորություն ունենա, թող ժողովուրդը կատարի իր քվեարկությունը, բայց օրենքը չպետք է խանգարի․․․․ դա ամենաճիշտ մոտեցումը կլինի։ Ժամանակն է, որ այդ օրենքի հոդվածը փոխվի։