Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը․ ձայներ փախցնելը պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն է

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը․ ձայներ փախցնելը պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն է

Fri, 27 Mar 2026 11:19:16 +0400


Հայաստանի քաղաքական դաշտը դադարել է լինել ազգային դիմադրողականության ողնաշարը։ Այն վերածվել է ինքնակործանման թատրոնի, որտեղ գաղափարական մրցակցությունը փոխարինվել է ներքին թշնամանքի նպատակային գեներացմամբ։ Սա այլևս քաղաքականություն չէ: Սա պետականության հիմքերի կազմալուծում և քաղաքական սնանկության ծայրահեղ դրսևորում է։

Դուք քաղաքական օրակարգը բաժանել եք կեղծ բևեռների, որոնք հավասարապես կործանարար են։ Մեկը վախեցնում է պատերազմով՝ զիջումները մատուցելով որպես փրկություն, մյուսը խոսում է հաղթանակից՝ առանց ռեսուրսների ու հնարավորությունների հստակ հաշվարկի։ «Խաղաղությունը» ոչ թե լոզունգ է, այլ հավասարակշռություն։ Առանց իրապես գործող բանակի և կայուն տնտեսության ձեր «խաղաղությունը» կապիտուլյացիա է, իսկ ձեր «պատերազմը»՝ պետականակործան արկածախնդրություն։

Դուք պետական կառավարման համակարգը դարձրել եք պատասխանատվությունից փախչելու միջոց և նպատակ։ Մարդկանց կերակրելով «ներկաների» ու «նախկինների» մաշված հեքիաթներով՝ դուք փորձում եք լռեցնել հանրային պահանջատիրությունը։ Քանի դեռ ընտրությունը կատարվում է հանուն կամ ընդդեմ անձի, այլ ոչ թե համակարգի, մենք շարունակելու ենք մսխել պետության բոլոր հնարավոր ռեսուրսները։

Այսօր սահմանադրական կարգն, ըստ էության, տապալված է, իսկ օրենքը ծառայում է օրվա քաղաքական նպատակահարմարությանը՝ երկիրը վերածելով կառավարվող քաոսի։ Դուք ժողովրդին զրկել եք բովանդակային այլընտրանքից՝ նրան պարտադրելով ընտրություն կատարել «սևի» ու «սպիտակի» միջև։ Մարդկանց կերակրելով «կուռքերի» ու «փրկիչների» հեքիաթներով՝ դուք գիտակցաբար շեղում եք հանրությանը բովանդակային քննարկումներից։

Հայաստանը վաղուց պառլամենտական երկիր է, սակայն քաղաքական վարքագծում դեռևս համառորեն պահպանվում է անհատի ընտրության կործանարար տրամաբանությունը։ Պառլամենտարիզմի առողջ մեխանիզմը պարզ է. հասարակությունն ընտրում է ծրագիր, օրենսդիրն այն վերածում է օրենքի, իսկ գործադիրն անվերապահորեն իրագործում այն։ Մեզ մոտ ուղիղ հակառակն է։ Քանի դեռ քաղաքացին ընտրում է անձին, այլ ոչ թե համակարգն ու պատասխանատվությունը, մենք շարունակելու ենք արձանագրել համակարգային ձախողումներ։

Մենք հասել ենք կարմիր գծին․ հասարակության լայն շերտերում հաճախ բացակայում է իրավիճակի ամբողջական ընկալումը՝ թե՛ ներքաղաքական զարգացումների, թե՛ տարածաշրջանում առկա բարդ քաղաքական և անվտանգային իրողությունների ազդեցության վերաբերյալ։ Մինչդեռ տարածաշրջանային լարվածությունը և պատերազմական ռիսկերը ուղղակիորեն ազդում են Հայաստանի ապագայի վրա և պահանջում են առավելագույն համախմբվածություն և սթափ քաղաքականություն։ Ուստի դաշտում տեղ չունեն նրանք, ովքեր չունեն թվերով ու ռեսուրսներով հաշվարկված ճգնաժամային լուծումներ։ Մեզ անհրաժեշտ է զարգացման նոր ուղեցույց և օրենսդրական ամուր հիմք, որտեղ կգործեն հակակշիռները, այլ ոչ թե անձի քմահաճույք։

Այսօր միմյանցից ձայներ փախցնելը կամ մանր քաղաքական առևտուրը ոչ թե մրցակցություն է, այլ պետական շահի նկատմամբ դավաճանական անտարբերություն։ Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը։ Մենք ներքին ճակատներ բացելու շռայլության հնարավորություն չունենք․ ժամանակը պահանջում է միավորվել հավասարակշռող ռազմավարության շուրջ։ Միայն առողջ ուժերի ինստիտուցիոնալ համախմբումն է այն միակ գործիքը, որն ունակ է կանգնեցնել այս ճգնաժամը։

Ես կողմ եմ ինքնակազմակերպված Հայաստանին, որտեղ քաղաքական միավորները գործում են որպես մեկ բռունցք, այլ ոչ թե որպես սեփական ժողովրդից վերջին պատառը խլող ու իրար մեջ բաժանող խմբակներ։

Ժամանակը սպառվում է. ընտրությունը բոլորինս է։

Սամվել Բաբայան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոյեմբերի 16-22 -ը կենդանակերպի ո՞ր նշաններին է սպասվում դրամական հաջողություն

Նոյեմբերի 16-22 -ը կենդանակերպի ո՞ր նշաններին է սպասվում դրամական հաջողություն Sun, 15 Nov 2026 18:00:25…

17 րոպե ago

Լավրովը ստիպեց ինձ օղի խմել . Բորիս Ջոնսոն

Լավրովը ստիպեց ինձ օղի խմել . Բորիս Ջոնսոն Sun, 15 Nov 2026 17:45:04 +0400 Բրիտանիայի…

33 րոպե ago

Փաշինյանը Պնոմ Պենեում է շատ կարևոր գործերով

Փաշինյանը Պնոմ Պենեում է շատ կարևոր գործերով Sun, 15 Nov 2026 17:27:31 +0400 Վարչապետ Նիկոլ…

50 րոպե ago

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվել

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվել Sun, 15 Nov 2026 17:15:36…

1 ժամ ago

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը

Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Sun, 15 Nov 2026…

1 ժամ ago

Սյուզան Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից

Սյուզան Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից Sun, 15 Nov 2026 16:38:49 +0400…

2 ժամ ago