«Հրապարակ». Մտածող մարդիկ դժվար թե Փաշինյանի քաղաքականության մեջ արեւմտամետություն տեսնեն

«Հրապարակ». Մտածող մարդիկ դժվար թե Փաշինյանի քաղաքականության մեջ արեւմտամետություն տեսնեն

Sat, 28 Mar 2026 12:15:54 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Վիգեն Հակոբյանն է։

– «Էմպիրիկա» հետազոտական, խորհրդատվական ընկերության հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանից դժգոհությունը պատմական ամենաբարձր նիշին է հասել։ Երեւանում հարցվածների 53%-ը ցանկանում է, որ հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը։ Փաշինյանին ընտրելու է հարցվածների 21%-ը։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին» կընտրի հարցվածների 34%-ը, «Հայաստան» դաշինքին՝ 20%-ը, ՔՊ-ին՝ 19%-ը։ Ի՞նչ կարծիքի եք այս թվերի մասին։

– Քանի որ Հայաստանում հարցումները քաղաքական կարծիք ձեւավորելու գործիքի են վերածվել, ես դրանց միանշանակ չեմ մոտենում։ Տարբեր կազմակերպություններ տարբեր հարցումներ են հրապարակում, շատ հաճախ դրանք իրարից էականորեն տարբերվում են։ Այդ է պատճառը, որ ես այն ընդունում եմ ի գիտություն՝ ընդհանուր փազլ ունենալու համար։ Իհարկե, պետք է նաեւ հաշվի նստել, թե ով է հարցումը պատվիրել եւ այլն։ Ես սոցիոլոգիային լուրջ եմ վերաբերվում, եթե այն լուրջ սոցիոլոգիա է, սակայն մեզանում քաղաքական սոցիոլոգիան անճշտություններ է պարունակում, քանի որ հասարակության շրջանում կա որոշակի կաշկանդվածություն։ Մարդիկ շատ հաճախ վախենում են ճիշտն ասել, մանավանդ, եթե հարցումը լինում է հեռախոսային։ Մտածում են՝ շառից-փորձանքից հեռու, գուցե իշխանությանը ոչ հաճո կարծիք ասեմ եւ ես ու ընտանիքս կանգնենք որոշակի խնդիրների առաջ։ Ինչ վերաբերում է Ձեր նշած հարցմանը, որն անցկացվել է մայրաքաղաքում, ապա ես կարծում եմ, որ, անկախ իմ բոլոր վերապահումներից, արձանագրված պատկերը կարող է լինել իրական, որովհետեւ խոսքը Երեւանի մասին է։ Երեւանում եւ այլ խոշոր քաղաքներում հասարակություններն ավելի ազատ է իրեն զգում, նաեւ ավելի քաղաքականացված է, չկա մեծ կաշկանդվածություն։ Այս առումով ես կարծում եմ, որ Երեւանում ընդդիմադիր տրամադրությունները շատ ավելի մեծ են, քան իշխանական տրամադրությունները։ Հստակ տոկոսների մասին չեմ կարող պնդումներ անել, սակայն տենդենցը, ընդհանուր առմամբ, իրականությանը մոտ է։

– Այսինքն՝ մարդիկ, մեծ հաշվով, Փաշինյանից հիասթափված են։

– Այո, հենց դա եմ ասում։ Երեւանում հատկապես ընդդիմադիր տրամադրությունները զգալիորեն բարձր են։ Երեւանում 2021 թվականին էլ իշխանության հանդեպ վստահությունը ցածր մակարդակի վրա է եղել։ Միշտ է Երեւանն այդպիսին եղել, բոլոր ժամանակներում։

– Արդեն քանի օր է՝ ակտիվ քննարկվում է «Միասնության թեւեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանի այն հայտարարությունը, որ եթե իրենք գան իշխանության, սերտ կհամագործակցեն Արեւմուտքի հետ, հայկական բանակը կհամագործակցի եվրոպական երկրների բանակների հետ եւ այլն։ Թաթոյանը քննադատել է երկրորդ եւ երրորդ նախագահներին՝ նրանց եւս մեկ անգամ հորդորելով հեռանալ քաղաքական դաշտից։

– «Միասնության թեւեր»-ն ունի կոնկրետ խնդիր։ Խոսքը դիրքավորվելու մասին է, ցույց տալու, որ ինքը երրորդ ուժ է։ Երրորդ ուժ՝ նշանակում է ո՛չ նախկին, ո՛չ ներկա։ Այդ պատճառով էլ նա առաջին իսկ ելույթներից հայտարարել է, որ իր համար նախկին նախագահների մասնակցությունն անընդունելի է, եւ խիստ անընդունելի է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ճանապարհով Թաթոյանը փորձում է հավաքել չկողմնորոշվածների քվեները։ Քիչ չեն մարդիկ, ովքեր դեմ են թե՛ ներկաներին եւ թե՛ նախկիններին, Թաթոյանն այս պարագայում հենց այդ այլընտրանքն է։ Ինչ վերաբերում է նրա պրոարեւմտյան հայտարարություններին, ապա դա էլ է հասկանալի։ Թաթոյանը փորձում է դիրքավորվել որպես ազգային-լիբերալ քաղաքական ուժ եւ հավակնում է նաեւ չկողմնորոշվածների ու արեւմտամետների ձայներին։ Այստեղ էլ բավականին լուրջ չմշակված զոնան փոքր չէ, եւ ես կարծում եմ, որ Թաթոյանն ընկալվում է որպես լիբերալ ուժ, որի համար կարեւոր է նաեւ ազգայինը։ Նրան կարող են ընտրել նաեւ երիտասարդ շրջանակները։ Վերջին շրջանում «Ուժեղ Հայաստան»-ը եւս այդ ուղղությամբ է փորձում գնալ։ Նրանց մշտապես ասոցացրել են ռուսների հետ, երբեմն մեղադրել են անգամ, սակայն նրանք եւս վերջին շրջանում բավականին կոմպլեմենտար են իրենց դրսեւորում։ Օրինակ՝ նրանց մշակած անվտանգային կոնցեպտի վրա աշխատող փորձագիտական խմբերը տարբեր երկրներից են ներգրավված, ես ուսումնասիրեցի եւ այնտեղ չտեսա ռուս որեւէ գործչի։ Ներգրավված էին ԱՄՆ-ից, անգամ՝ Իսրայելից, Հունաստանից․․․․ այսինքն՝ նրանք եւս փորձում են պրոարեւմտյան ընտրազանգվածին իրենց կողմը քաշել։ Յուրաքանչյուրն իր ձեւով է դա անում։ Ես չեմ կարծում, որ արեւմտամետ մարդիկ գնալու են Փաշինյանին ընտրելու՝ միայն այն բանի համար, որ նա ժամանակ առ ժամանակ այցելում է Եվրոպա եւ ելույթներ ունենում։ Մտածող մարդիկ, ովքեր իրոք արժեհամակարգային առումով Արեւմուտքի կողմնակիցն են, դժվար թե Փաշինյանի վարած քաղաքականության մեջ արեւմտամետության աղերս տեսնեն։ Նա մե՛կ գնում է ԵՄ, մե՛կ չի գնում։ Գնում է՝ Մոսկվա, ասում է՝ չենք գնում դեպի Արեւմուտք, գնում է Բրյուսել՝ հակառակն է պնդում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ստում է, ինչպես մի միշտ

Փաշինյանը ստում է, ինչպես մի միշտ Sat, 18 Apr 2026 23:40:49 +0400 ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՏՈՒՄ Է,…

4 ժամ ago

Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը

Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը Sat, 18 Apr 2026 23:13:24 +0400 Ապրիլի 14֊ին հսկող…

5 ժամ ago

«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է ընտրական ցուցակի առաջին տասնյակը Sat, 18 Apr 2026 23:10:23 +0400…

5 ժամ ago

Ահաբեկչություն՝ Կիևում․ կան զոհեր

Ահաբեկչություն՝ Կիևում․ կան զոհեր Sat, 18 Apr 2026 23:00:55 +0400 Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը ապրիլի 18-ին,…

5 ժամ ago

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն

Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն Sat, 18 Apr 2026 22:45:35 +0400 ՆԳՆ…

5 ժամ ago

Հորմուզի նեղուցով առաջին անգամ տուրիստական նավ է անցել

Հորմուզի նեղուցով առաջին անգամ տուրիստական նավ է անցել Sat, 18 Apr 2026 22:30:39 +0400 Celestyal…

5 ժամ ago