Ամերիկացի ճանապարհորդի հայտնագործությունը. Ադրբեջանն ու Հայաստանը հարևան երկրներ են
Sun, 29 Mar 2026 21:15:11 +0400
Ադրբեջանի իշխանությունները, շարունակելով քարոզչական տարբեր գործիքների կիրառումը, կազմակերպել են «միջազգային ճանապարհորդների» հերթական խմբի այցը Լեռնային Ղարաբաղ։ Նրանց թվում է եղել նաև ԱՄՆ-ից ժամանած Սթեֆեն Նեմեթը, ում, ըստ ադրբեջանական կողմի, վերապահվել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի առաջմղման դեր։
Նախապես պատրաստված տեքստի տրամաբանությամբ հանդես գալով՝ Նեմեթը հայտարարել է, թե իբր «ակնհայտ է Ադրբեջանի նվիրվածությունը Զանգեզուրի միջանցքի նախագծին»։
«Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար և մեծ հետաքրքրությամբ եմ հետևում, թե ինչպես է ընթանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը։ Հետաքրքիր է նաև տեսնել, թե որքան մոտ են Ադրբեջանն ու Հայաստանը»,– նշել է նա։
Այցի ընթացքում ճանապարհային ենթակառուցվածքներից՝ ասֆալտից և թունելներից տպավորված Նեմեթը հավելել է, որ «միջանցքը կնպաստի Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջևանի և երթուղու երկայնքով գտնվող երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը»։