Եկեղեցու պաշտպան գյումրեցի ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել
Mon, 30 Mar 2026 13:15:31 +0400
Գյումրեցի երիտասարդ քաղաքացիական ակտիվիստ Մհեր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին «Հրապարակը» տեղեկացավ հենց Խաչատրյանից։
Ուշագրավ է, որ գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, ինչը տարակուսանք է առաջացրել նաև անձամբ ակտիվիստի մոտ․ վերջինս չի հասկանում, թե ինչու է իր գործով զբաղվում հենց այդ կառույցը։
Նշենք, որ Մհեր Խաչատրյանը վերջին շրջանում աչքի էր ընկնում իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ՝ հատկապես եկեղեցու շուրջ զարգացումների համատեքստում հանդես գալով որպես Հայ Առաքելական եկեղեցու պաշտպան։
«Հրապարակի» հետ զրույցում Խաչատրյանը հաստատեց, որ իրեն մեղադրանք է առաջադրվել․
«Այո, մեղադրանքն առաջադրվել է։ Այս պահին գործի որոշ հանգամանքների մասին չեմ կարող խոսել, քանի որ կաշկանդված եմ։ Ինձ ստորագրությամբ ազատ են արձակել՝ չբացակայելու մասին պարտավորությամբ։ Սակայն կարող եմ ասել, որ այս ամենը ինձ չի ճնշում, չի նեղացնում․ ինչ-որ տեղ սա սպասելի էր»,– ասաց նա։ Անդրադառնալով մեղադրանքի բովանդակությանը՝ Խաչատրյանը նշեց․
«Եթե անկեղծ ասեմ, որևէ լուրջ բան չեմ տեսնում։ Սա ավելի շատ վախի մթնոլորտ ստեղծելու փորձ է։ Իսկ թե իրենք ինչն են համարում լուրջ, դա արդեն իրենց խնդիրն է»,– ասաց մեր զրուցակիցը։