«Հրապարակ». Ո՞վ չի հասկանում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի ստախոսի ու բանսարկուի հետ

«Հրապարակ». Ո՞վ չի հասկանում, որ գործ ունենք տիեզերական մասշտաբի ստախոսի ու բանսարկուի հետ

Tue, 31 Mar 2026 12:45:12 +0400


ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Վանաձորի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Լոռու մասնաճյուղի հիմնադիր ու երկարամյա տնօրեն Հակոբ Ազիզյանի հետ զրույցը ոչ թե հարցազրույցի նպատակով էր, այլ ուզում էի որպիսությունն իմանալ։ Մինչ նա սուրճ էր պատրաստում, ես նայում էի Բազում թաղամասի՝ քաղաքի ամենաբարձրադիր հատվածներից մեկում տեղակայված նրա բնակարանի պատուհանից դուրս եւ հմայվում տեսարանով․ ձյունից ազատվող լանջեր, թավշյա կանաչով պատվող սար ու ձորակներ, բողբոջող ծառեր, քչքչացող առուներ։

– Գեղեցիկ է, չէ՞,- նկատելով հիացմունքս՝ հարցրեց Վարպետը։- Գիտե՞ս՝ ինչ մեծ մխիթարություն է ինձ համար երկար-երկար նայել պատուհանից դուրս։ Այդ պահին մոռանում եմ մեր կյանքի դառնությունները, ինքս ինձ մխիթարում եմ ծառուծաղկին նայելով։ Միեւնույն ժամանակ հարց եմ տալիս ինձ․ այս ի՞նչ օրի հասավ մեր ժողովուրդը, ի՞նչ հրաշք պետք է տեղի ունենա, որ մենք ինչ-որ կերպ ազատվենք մեր գլխին թափվող աղետներից։

– Վարպետ, ո՞ր աղետները նկատի ունեք։

– Աղետներն անհաշիվ են: Գլխավոր աղետը ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված անձն է՝ Նիկոլ անունով կատարյալ հիվանդ մեկը։ Ինչպե՞ս մեր իմաստուն ժողովուրդը խաբվեց նրա սին, դատարկ խոսքերին, ինչպե՞ս գահին բազմեցրեց այդ «տիեզերական քաջնազարին»՝ մի անգրագետի, որը եկավ ու երկիրն իջեցրեց իր մակարդակին։ Մենք դրա՞ն էինք արժանի։ Թուրքերին հրավիրում է մեր երկիր, դռները լայն բացած ասում է՝ եկեք, վերստին տիրացեք ձեր հողերին, ձեր շեներին։ Դարձյա՞լ թուրքական անուններով գյուղեր ու քաղաքներ ենք ունենալու։ Օրինակ՝ իմ մանկության գյուղը՝ Սեւանի ափին գտնվող Գեղահովիտը, պիտի իր հին անունո՞վ կոչենք՝ Ղարանլուղ, որը նշանակում է «Մութ ձոր»։ Այսպես չի կարող շարունակվել։ Պետք է ժողովրդին բացատրել, որ նրա մնալու պարագայում մենք կորցնելու ենք մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր պետականությունը։

– Իսկ ո՞վ պետք է դա բացատրի ժողովրդին։

– Առաջին հերթին՝ մշակույթի գործիչները։ Եվ հենց ես՝ այդ հերթից էլ առաջ։ Դու լրագրող ես, ահա գրիչ ու թուղթ, սկսենք ինձնից։ Ես ոչ մի խորհուրդ չեմ ուզում տալ վարչապետ կոչվածին։ Նա ոչ մեկին չի լսում, ոչ մի խորհուրդ չի ընդունում։ Նրան բնութագրելը նույնիսկ չափազանց դժվար է։ Ինչ մակդիր էլ օգտագործես՝ լիարժեք չի լինի։ Ես կինոյում խաղացել եմ 17 դեր, թատրոնում՝ ավելի քան 200։ Շատ բացասական կերպարներ եմ կերտել, բայց իմ խաղացած բոլոր բացասական հերոսները միասին չեն կարող հասնել նրան։ Նույնիսկ Շեքսպիրի ամենաժահր հերոս Յագոն նրա համեմատ կարող է խեղճուկրակ «չմարդ» թվալ։ Ով էլ փորձի անդրադառնալ այդ կերպարին՝ Հայաստանի այսօրվա վարչապետին, իսկապես եզակի ստեղծագործություն կստեղծի։ Ասացի «դավաճան» ու սխալվեցի։ Ի՞նչ դավաճանի մասին է խոսքը։ Նա չի դավաճանում իր տերերին՝ Ալիեւին, Էրդողանին։ Նա բացահայտ դուրս է եկել մեր ժողովրդի դեմ եւ պատերազմում է մեր դեմ` նրանց հետ ուս-ուսի տված: Նա օտար երկրի բացահայտ սպասարկու է։ Ո՞վ չի հասկանում, որ գործ ենք ունեցել տիեզերական մասշտաբի ստախոսի, բանսարկուի ու խաբեբայի հետ։ Նրա բոլոր թիրախները սպառվել են, եւ հիմա էլ մեզ սպառնում է՝ ասում է՝ պատերազմ կլինի, եթե իրեն չընտրենք։ Գիտակցված ձեւով 5 հազար հայորդիների կյանքը զոհաբերած մարդը քանի անգամ հայտարարեց ու պարծեցավ, թե «խաղաղություն է բերել», այն էլ՝ հարյուր տարով։ Այդ ի՞նչ խաղաղություն է, որ մի քանի ամիս անց արդեն պատերազմի մասին է խոսվում։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ խաղաղություն է դա, որը կախված է իշխանության պահպանությունից։ Այդ «խաղաղությունը» փուչիկ չէ՞, որ ամեն պահ կարող է պայթել։

Պրահայում Արցախի ճանաչումից 2 ամիս անց Ալիեւը հայտարարեց, որ այս տարածքում Հայաստան երբեք չի եղել, եւ այսօրվա Հայաստանն իրենց հողն է։ Ավելին՝ նա ընդգծեց, որ սա իրենց օրակարգում է, եւ պետք չէ ժամանակ կորցնել։ Դրանից հետո այս թեզը մտավ, թե՛ նիկոլական, թե՛ «ադրբայջանական» կրթական համակարգ՝ դպրոցներ, բուհեր, եւ լայն տարածում է ստանում։ Այս թեզն ինձ ցնցել է եւ շարունակում է ցնցել մինչեւ այսօր։ Այն ազդում է նաեւ իմ առողջության վրա։ Ես հասկանում եմ դրա վտանգը, դրա մասշտաբները եւ տեսնում եմ ամբողջ ռիսկը։ Սա հստակ զավթողական, պատերազմական հայեցակարգ է։

Մեր իշխանությունները ոչինչ չեն անում դա չեզոքացնելու համար, մինչդեռ դա կարելի էր ուղղել հենց Ալիեւի դեմ։ Փոխարենը մեր երկրում տարածվում են նույն թեզերը՝ «հայելային» բնույթի մասին խոսակցություններով։ Ասում են՝ մի նեղվեք, որ ասում են «Իրեւան», «Գյոկչայ», «Ուչմիաձին»։ Սա սարսափելի է։ Ի՞նչ հայելային, երբ հենց դուք եք ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Սա ադրբեջանական զավթողական հայեցակարգի բացահայտ լեգիտիմացում է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ այլեւս չի էլ թաքցվում։ Ստացվում է՝ մեր պետական միջոցներով իրականացվում է այդ թեզերի տարածում։ Սա խայտառակություն է, ուղղակի աբսուրդ է։ Այս հարցը դամոկլյան սրի պես կախված է մեր ժողովրդի գլխին եւ թույլ չի տալիս մտածել արվեստի ու մշակույթի խնդիրների մասին։ Ամեն ինչ բարձիթողի վիճակում է։ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը Լոռու մայր թատրոնն է, օր-օրի կորցնում է իր դեմքը։ Խաղացանկից դուրս են հանվել բարձրարժեք բեմադրություններ՝ «Ռուզանը», Զորյանի «Խնձորի այգին», Շիրվանզադեի «Չար ոգին», «Երկիր հայրենին» եւ այլ գործեր։ Եթե նման գործերը դուրս են գալիս խաղացանկից, նշանակում է՝ թատերական կյանքը վերջին շնչում է։ Ի՞նչ են մտածում թատրոնի ղեկավարները։ Ես բազմիցս առաջարկել եմ իմ օգնությունը՝ վերականգնելու այդ արժեքավոր գործերը, որոնք բեմադրվել են ճանաչված ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ջանքերով, բայց արձագանք չկա։ Փոխարենը բերվում են անկարեւոր, կասկածելի գաղափարախոսությամբ, երեւի «կասսային» մուտքեր բերող ստեղծագործություններ, որոնք քիչ բան են տալիս հանդիսատեսին։ Բայց սա զարմանալի չէ։ Երբ ամբողջ երկրում են արժեքները քամահրվում, մշակույթն էլ է դառնում նույնը։

Վերջում Վարպետը դիմում է ժողովրդին․ «Եթե մենք ընտրենք այդ մարդուն, դա կնշանակի՝ կորած ենք։ Մենք ունենք հազար անգամ ավելի արժանի թեկնածուներ։ Պետք է ընտրել նրանցից որեւէ մեկին, բայց ոչ երբեք Նիկոլին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամոթ բռնապետերի բոլոր գործիքներին․ պետք է անվանակոչել և ամոթանք տալ․ Աշոտյանը լուսանկար է հրապարակել

Ամոթ բռնապետերի բոլոր գործիքներին․ պետք է անվանակոչել և ամոթանք տալ․ Աշոտյանը լուսանկար է հրապարակել Wed,…

26 րոպե ago

35-ամյա տղամարդը կալանավորվել է

35-ամյա տղամարդը կալանավորվել է Wed, 01 Apr 2026 23:45:58 +0400 Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների…

37 րոպե ago

«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով

  Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, առաջնորդ բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ղեկավարությամբ, դարձել է այն…

45 րոպե ago

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու Wed, 01 Apr…

53 րոպե ago

Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի

Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի Wed, 01 Apr 2026 23:15:47…

1 ժամ ago

Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Փոփոխությունը սկսվում է փողոցից

Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Փոփոխությունը սկսվում է փողոցից Wed, 01 Apr 2026 23:09:14…

1 ժամ ago