Ամերիկյան հեգեմոնիայի դագաղին վերջին մեխերն են խփվում

Ամերիկյան հեգեմոնիայի դագաղին վերջին մեխերն են խփվում

Tue, 31 Mar 2026 17:45:24 +0400


Արդեն մեկ ամիս է, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածում են Իրանին, իսկ Իրանը պատասխանում է՝ Մերձավոր Արեւելքի իսրայելական եւ ամերիկյան բազաներին հարվածելով։

Օրակարգում Խարգ կղզու գրավումն է, կամ ցամաքային օպերացիան՝ իրանական առանցքային միջուկային օբյեկտները գրավելու համար։ Նպատակ էր դրվել նաեւ հասնելու Իրանում կրոնապետական վարչակարգի տապալմանը, այդ առումով դեռ որեւէ շարժ չկա։ Ու հիմա, մեկ ամիս անց՝ Իրանական ներկայիս էսկալացիայի մեկնարկից, կարելի է ասել` արդյո՞ք ինչ որ արդյունքներ ունեցավ այս էսկալացիան, գոնե այս մեկ ամսվա ընթացքում, թե՝ ոչ։ Իհարկե՝ հաջողվեց որոշակիորեն թուլացնել իրանական իշխող քաղաքական ու կրոնական ղեկավարությանը՝ թիրախային հարվածներով ոչնչացնելով այաթոլլա Ալի Խամենեիին, բարձրաստիճան ներկայացուցիչներ Ալի Լարիջանիին, Աբդուլռահիմ Մուսավիին, Ազիզ Նասիրզադեին, Էսմայիլ Խաթիբին եւ այլն։ Սակայն ասել, որ Իրանի դիմադրությունը կարողացել են կոտրել՝ սխալ կլինի։ Զուգահեռաբար՝ Իրանն էլ իր հերթին զգալիորեն վնասել է ամերիկյան ու իսրայելական ռազմական հենակետերը ողջ ռեգիոնում՝ թիրախավորելով Քաթարում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Օմանում, Սաուդական Արաբիայում եղած ռազմաբազաներն ու կառույցները, ներառյալ՝ Ռաս-Լաֆանի գազային հանգույցը, մի շարք նավթավերամշակման գործարաններ, Ռաս-Թանուրի էներգետիկ ենթակառուցվածքները եւ այլն։ Նաեւ՝ փակվեց Հորմուզի նեղուցը։ Աշխարհում սկսվեց էներգետիկ ճգնաժամ։

Համաշխարհային տնտեսությունն, ըստ ամենայնի, հայտնվել է շոկային իրավիճակում ու եթե հակամարտությունն առաջիկայում չկարգավորվի, ապա դրա հետեւանքները, ըստ մասնագիտական գնահատականների, աշխարհը դեռ իր վրա կզգա երկար։ Այն որ հակամարտությունը պետք է կարգավորել՝ հասկանում են բոլորը։ Որ թերեւս այդ տրամաբանությամբ են փորձ անում դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ հասկանալով, որ սա այն պատերազմներից է, որտեղ հաղթողներ չեն լինում, իսկ ֆորմալ հաղթանակն այլ բան չէ, քան Պյուռոսյան հաղթանակ։ Իրանական ներկայիս էսկալացիան սակայն ցույց տվեց նաեւ մի քանի իրողություններ, որոնք այլեւս հնարավոր չէ անտեսել։ Նախ՝ այլեւս կարելի է խոսել այն մասին, որ աշխարհը դարձել է բազմաբեւեռ` միակենտրոն կամ միահեծան առաջնորդությամբ աշխարհ այլեւս գոյություն չունի ու Միացյալ Նահանգներն այլեւս այդ միահեծան առաջնորդը չէ, որքան էլ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարի, թե աշխարհում ինչ ուզեն, կարող են անել։ Հռետորաբանությամբ գուցե, սակայն գործնականում՝ ռեալ կյանքն ու օբյեկտիվ իրականությունը լրիվ այլ են։ Մյուս կողմից, աշխարհն այնքան է փոխներթափանված ու փոխկապակցված, որ հատկապես՝ խոշոր խաղացողներն իրենց ցանկացած քայլ ու որոշում, ցանկացած գործողություն պետք է լավ ծանրութեթեւ անեն, որովհետեւ դրանց հետեւանքներն ազդելու են բոլորի վրա։ Երրորդը. Արեւմտյան ճամբար, որպես այդպիսին, մոնոլիտ կառույց այլեւս չկա։

Եվրոպան, ըստ էության, ցույց տվեց դա։ Ու նաեւ՝ հասկացրեց, որ Թրամփին վճարում է նույն «դրամով»՝ ինչով որ Թրամփն էր ամիսներ առաջ «վճարում» Եվրոպային։ Այնպես, ինչպես Թրամփն էր հայտարարում, թե Ուկրաինական ճգնաժամը Ամերիկայի պատերազմը չէ, այդպես էլ Եվրոպան, ի դեմս Գերմանիայի կանցլեր Մերցի, հայտարարեց, թե Իրանական ներկայիս էսկալացիան էլ Եվրոպայի եւ հատկապես՝ Գերմանիայի պատերազմը չի։ Ռուսաստանն ու Չինաստանն այս էսկալացիայի շրջանակում իրենց դրսեւորեցին որպես զուսպ եւ բալանսավորված տերություններ։ Թուրքիան փորձում է որքան հնարավոր է առաջ գնալ՝ ապագայի աշխարհում, ավելի բարձր խաղացողների դիվիզիոնում հայտնվելու համար։ Իրանը, թեեւ դժվար է ասել, թե այս ամենն ինչպես կավարտվի, սակայն իր դիմադրությամբ, անկախ ելքից, արդեն վաստակել է հարգանք՝ այլընտրանքային աշխարհակարգի ջատագովների մոտ, որպես ամերիկյան հեգեմոնիայի դագաղին վերջին մեխերը խփողներից մեկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքական նավ է խոցվել․ զոհեր կան

Թուրքական նավ է խոցվել․ զոհեր կան Mon, 05 Oct 2026 20:30:20 +0400 Թուրքական «Ռոյադ Մամմադով»…

6 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը կանխամտածված փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները. Դենիսով

Նիկոլ Փաշինյանը կանխամտածված փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները. Դենիսով Mon, 05 Oct 2026 20:15:31 +0400 Հայաստանի…

20 րոպե ago

Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է

Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Mon, 05 Oct 2026…

22 րոպե ago

Իրանին փոխանցել են առաջարկներ՝ միջնորդների միջոցով

Իրանին փոխանցել են առաջարկներ՝ միջնորդների միջոցով Mon, 05 Oct 2026 20:00:56 +0400 Միացյալ Նահանգները Իրանին…

35 րոպե ago

Հայ կինն իր երեխաների փրկությունը չի կարող վստահել Փաշինյանին և պետությանը

Հայ կինն իր երեխաների փրկությունը չի կարող վստահել Փաշինյանին և պետությանը Mon, 05 Oct 2026…

35 րոպե ago

Այս նոր կարգի իրական նպատակի մասին այլևս ավելորդ է խոսել… Լուսինե Մարտիրոսյան

Այս նոր կարգի իրական նպատակի մասին այլևս ավելորդ է խոսել… Լուսինե Մարտիրոսյան Mon, 05 Oct…

51 րոպե ago