Փաշինյանական ռեժիմից ազատվելը դարձել է համահայկական խնդիր
Tue, 31 Mar 2026 18:45:33 +0400
Ամերիկյան մեր աղբյուրը տեղեկացնում է, որ օրերս Լոս Անջելեսում տեղի է ունեցել մարդաշատ մի հավաք, որին մասնակցել են տեղի հայ համայնքում ազդեցություն եւ կշիռ ունեցող մարդիկ, գործարարներ, մտավորականներ, հասարակական գործիչներ` 200-250 մարդ: Հավաքի ժամանակ քննարկվել է Հայաստանում ստեղծված վիճակը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ հայ համայնքի դիրքորոշումն այդ ընտրություններում: Հանդիպման գրեթե բոլոր մասնակիցները համակարծիք են եղել մի հարցում. Հայաստանի գործող իշխանությունը վտանգի տակ է դրել ոչ միայն Հայաստանի Հանրապետության գոյությունը, այլեւ հայ ազգի ինքնությունն ու միասնականությունը: Քննարկման հիմնական թեման եղել է, թե ինչպես ԱՄՆ-ում բնակվող հայերը կարող են օգնել հայաստանցիներին՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջոցով ազատվելու գործող ռեժիմից: Հիմնական տեսակետն այն է եղել, որ նրանք, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն եւ ֆինանսական հնարավորություններ, ցանկալի է, որ քվեարկության օրը լինեն Հայաստանում եւ իրենց քվեարկությամբ օժանդակեն ռեժիմի հեռացմանը, մյուսները դա անեն իրենց ազգականների եւ հարազատների միջոցով, նրանց հորդորեն՝ անպայման մասնակցել ընտրություններին եւ թույլ չտալ ռեժիմի վերարտադրությունը: Ըստ մեր աղբյուրի, նման հանդիպում- քննարկումներ ավելի փոքր մասշտաբով տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ, իսկ ընտրությունների մոտենալուն զուգահեռ հնարավոր է, որ լինեն նաեւ հրապարակային կոչ եւ հորդոր՝ ուղղված համայնքի հայությանը:
Փաշինյանին կից արտաքին հետախուզության ծառայությունն ԱՄՆ-ում կամ Եվրոպայում տեղի ունեցող նման հանդիպումների եւ քննարկումների մասին որեւէ հաղորդագրություն չի տարածում եւ չի մեղադրում ԱՄՆ-ին՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձի կամ Հայաստանի դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմի համար: Հայաստանի իշխանությունները տեղեկացված են, որ ոչ միայն ռուսական, այլեւ ամբողջ հայկական սփյուռքն է դեմ իրենց վերարտադրությանը, բայց շարունակում են մեղադրել միայն ռուսահայությանը, որն իբրեւ թե ռեժիմի դեմ պայքարի գործում համագործակցում կամ հրահանգավորվում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Եվ այդ հարցի շահարկումը շարունակում է նոր թափ ստանալ:
Սա ունի երկու պատճառ. ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ապրող ՀՀ քաղաքացիներն ունեն ոչ լեգալ կամ կիսալեգալ կարգավիճակ, նրանք կա՛մ փախստականներ են, կա՛մ ընդհանրապես որեւէ կարգավիճակ չունեն եւ, հետեւաբար, անգամ ամենամեծ ցանկության դեպքում չեն կարող միայն քվեարկությանը մասնակցելու համար գալ Հայաստան: Նրանց մեծ մասն այդ երկրներ է հասել ոչ օրինական ճանապարհով՝ ծախսելով հսկայական գումար, եւ Հայաստան գալու դեպքում չեն կարողանա հետ վերադառնալ: Դրա համար ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից վտանգ չկա կամ վտանգը մինիմալ է: Մինչդեռ Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացիները հանգիստ կարող են 1-2 օրով գալ Հայաստան, քվեարկել եւ հետ վերադառնալ: Մյուս պատճառը, որ իշխանությունը կենտրոնացել է հենց ռուսահայության վրա, այն է, որ ռեժիմի ներկայացուցիչները փորձում են աշխարհի մյուս երկրներում ապրող մեր հայրենակիցներին համոզել, որ Փաշինյանի ռեժիմին դեմ է ռուսական անվտանգության դաշնային ծառայությունը` ФСБ-ն, հետեւաբար, եթե դուք նույնպես դեմ եք փաշինյանական ռեժիմի վերարտադրությանը, ապա դրանով դուք ուղղակի կամ անուղղակի աջակցում եք ռուսական հատուկ ծառայությունների ծրագրերի իրագործմանը: Նման պրիմիտիվ քարոզչությունը, իհարկե, մարդկանց մոտ ծիծաղ է առաջացնում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ այնտեղ բնակվող հայությանը, ապա, այնտեղից ստացվող տեղեկությունների համաձայն, այնտեղ եւս տեղի են ունենում հավաքներ եւ նախընտրական քննարկումներ, որոնց հաճախ մասնակցում են Հայաստանից գնացած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ համախոհներ: Քննարկումների հիմնական թեման անձնագրերի վավերականության ժամկետների ստուգումն է, Ռուսաստանում ապրող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ունեն ՌԴ քաղաքացիություն, եւ հաճախ նրանց հայկական անձնագրերի վավերականությունն ավարտված է, ինչը թույլ չի տա մասնակցել քվեարկությանը: Մարդկանց կոչ են անում՝ մինչեւ քվեարկությունը լուծել այդ հարցը, որ Հայաստան գալու դեպքում նման խնդիր չառաջանա: Ինչ վերաբերում է ինքնաթիռի տոմս գնելուն կամ ընտրակաշառք բաժանելուն, նման հանդիպմանը մասնակցած մեր մի զրուցակից հայտնեց, որ, ընդհակառակը՝ հենց իրենք են Հայաստանից եկած գործիչներին ֆինանսական աջակցություն առաջարկում, որից նրանք հրաժարվում են՝ բացատրելով, որ այս փուլում իրենց ամենամեծ աջակցությունը կլինի քվեարկության օրը վավեր անձնագրերով Հայաստանում լինելը եւ քվեարկությանը մասնակցելը:
Այս ամենը վկայում է, որ ամբողջ աշխարհի հայությունը միավորվել է մի գաղափարի շուրջ` Հայաստանն ազատել Փաշինյանի ռեժիմից, ինչը հնարավորություն կտա փրկել Հայաստանը եւ հայության միասնական գոյությունը: Մարդիկ պատրաստ են այդ նպատակի համար զոհաբերել նաեւ իրենց ֆինանսական միջոցները եւ ժամանակը: