Սփյուռքը Հայաստանի ոչ թե հակառակորդը, այլ առավելությունն է
Tue, 31 Mar 2026 19:45:44 +0400
Արագ փոփոխվող այս աշխարհը, անշուշտ, արմատական փոփոխությունների կենթարկի նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Այն, որ համահայկական միջավայրն ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները փոփոխություններ կկրեն, դրանում կասկած չկա: Սակայն մեզ համար կարեւոր է, որ այդ փոփոխությունները գան ոչ թե ինքնահոսով, այլ բխեն մեր ծրագրերից:
Այս իմաստով, Համահայկական իրականության համար այդ փոփոխությունների ծրագրավորվածությունը կարեւոր է նրանով, որ մեր իրականությունը, Հայաստանի Հանրապետության իրականություն լինելուց բացի, նաեւ Սփյուռք ունեցող ժողովրդի իրականություն է: Եվ հենց այդ իրականությունն է պատճառը, որ մենք այսօր ստիպված ենք ինքնակազմակերպվել ոչ թե որպես առանձին վերցրած Հայաստանի Հանրապետություն, ոչ թե որպես առանձին վերցրած Սփյուռք, այլ որպես Հայաստանի Հանրապետություն եւ Սփյուռք ունեցող համաշխարհային հայություն:
Այս առումով մեզ համար, թերեւս, ավելի կարեւոր է լինելու ոչ թե այն, թե ինչ է իրենից ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունն առանձին վերցրած եւ ինչ է իրենից ներկայացնելու Սփյուռքն առանձին վերցրած, որքան այն, թե ինչ է իրենից ներկայացնելու աշխարհով մեկ սփռված հայությունը, որովհետեւ առանց կենսունակ ու կազմակերպված համաշխարհային հայության, չի կարող լինել ո՛չ ուժեղ Հայաստանի Հանրապետություն եւ ո՛չ էլ կազմակերպված Սփյուռք:
Իհարկե, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի հարաբերություններում, ինչքան չէր կարելի Սփյուռքին այնպես վերաբերվել, ինչպես Հայաստանում ներդրում արած մեկին էին վերաբերվում, այդքան էլ չի կարելի նրան այնպես վերաբերվել, ինչպես պետության գործերից հեռու պահվելու արժանի ինչ-որ մեկին կվերաբերվեն: Մենք պետք է հասկանանք, որ Սփյուռքը միայն Հայաստանում ներդրումներ անելու, նրանից փող կորզելու եւ նեղության պահին նրան ապավինելու, իսկ մնացած պահերին՝ անտեսվելու համար չէ: Նա ոչ թե Հայաստանի Հանրապետության «ավելորդ» մասն է, այլ նրա մրցակցային առավելությունն ուրիշ ժողովուրդների ու ազգերի նկատմամբ:
Այո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է վերափոխվեն: Դրանք նոր իմաստով եւ նոր բովանդակությամբ հարաբերություններ պետք է դառնան: Սակայն երբ այդ վերափոխումը Սփյուռքին՝ Հայաստանի ու իր հարեւանների միջեւ լավ հարաբերություններ ունենալու խոչընդոտի եւ ոչ թե որպես իր մրցակցային առավելությանն է վերաբերում, դա արդեն ցուցիչ է այն բանի, որ այդ վերափոխումը սխալ հունով է ընթանում: Որովհետեւ ճիշտ հունով ընթացող վերափոխման դեպքում չէին կարող չհասկանալ, որ ոչ թե Սփյուռքի պատճառով են վատացել Հայաստանի ու իր հարեւանների հարաբերությունները, այլ այդ վատ հարաբերությունների պատճառով ենք մենք Սփյուռք ունեցող ժողովուրդ դարձել, եւ Սփյուռքը մնացել է մեր թշնամի պետությունների կոկորդում:
Այս առումով, Հայաստանում պետք է հասկանան, որ Հայաստանի եւ իր հարեւանների լավ հարաբերությունների խոչընդոտը ոչ թե Սփյուռքը, այլ Հայաստանի թույլ լինելն է: Ու եթե Հայաստանում իրոք ուզում են հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալ, ապա պետք է ոչ թե Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վատացնեն, այլ Հայաստանի ու Սփյուռքի համատեղ ջանքերով Հայաստանը հզորացնեն:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ