Պետք է ըմբռնումով մոտենալ
Wed, 01 Apr 2026 13:18:08 +0400
«Վատ եմ վերաբերվում բռնությանը: Ցանկացած մարդ, ցանկացած տեղ, կարծում եմ իրավունք ունի գնալու: Այո, թիկնազորը որևէ մեկին հրելու իրավունք անշուշտ չունի, սակայն ես այնտեղ չեմ եղել ու վիդեոներում էլ, անկեղծ, չի երևում՝ հրու՞մ են, թե՞ չեն հրում»,- «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հայտնի միջադեպին, մասնավորապես հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ երկրի վարչապետը մտնում է եկեղեցի ու փորձում է մարդկանց հրելով առաջանալ:
«Իսկ երիտասարդները…գոնե տեսանելի է, որ փորձում է հարվածել: Դա ակնհայտ խուլիգանություն է: Բերման ենթարկելու ձևը, այո, ակնհայտ հասկանալի չէ, կարող էին հանգիստ, հասկանալի ձևով անեին դա: Երիտասարդները հաստատ չէին փախնում»,- նշել է նա:
«Այո, ես կարծում եմ, որ տղային պիտի ըմբռնումով մոտենալ, պիտի իր հետ աշխատանք տարվի, բայց ըմբռնումով մոտենալուց հետո էլ սա չպիտի մեր հասարակության մեջ դառնա բռնության արդարացման նորմ»,- ասել է Աբրահամյանը՝ մինչև կալանավորման որոշումը: