Համակենտրոնացման ճամբա՞ր, թե՞ գետտո. Սաքունցը վերակացուի պաշտոն է ուզում
Wed, 01 Apr 2026 18:15:20 +0400
Փաշինյանի իշխանությունը վտանգի տակ է, հայ հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է նրան, սպասում է առաջիկա ընտրություններին` նրանից ազատվելու համար: Փաշինյանի իշխանությանը կցված տարբեր քաղաքական եւ, այսպես կոչված, հասարակական գործիչներ խուճապի մեջ են, նրանք հասկանում են, որ Փաշինյանի իշխանության վախճանով ավարտվելու է նաեւ իրենց գործունեությունը, եւ փորձում են իրավիճակը փրկելու ուղիներ առաջարկել, որ ե՛ւ Փաշինյանը փրկվի, ե՛ւ իրենք: Նախկին երանելի ժամանակներին վերադառնալն անհնար է` ԱՄՆ իշխանությունն այլեւս չի ցանկանում պահել իրենց բուծած քաղհասարակությանը, Եվրամիությունն ինքն է ֆինանսական խնդիրների առաջ եւ էապես պակասեցրել է աջակցությունը: Խեղդվողներն իրենք պետք է մտածեն իրենց փրկության մասին:
Արթուր Սաքունցը, որը ղեկավարում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ներկայացրել է «Արտաքին ազդեցության դեմ պայքարի քաղաքականության համառոտագիր» անունով մի փաստաթուղթ: Երբ Հայաստանի իշխանական քարոզիչները խոսում են արտաքին միջամտության մասին, նրանց՝ բոլորի հայացքներն ուղղված են հյուսիս` դեպի Ռուսաստան: Նրանք դեմ չեն արտաքին միջամտությանը, եթե այդ միջամտությունը ԵՄ-ից է, ԱՄՆ-ից, անգամ՝ Թուրքիայից կամ Ադրբեջանից։ Նրանք մերժում են բացառապես Ռուսաստանի արտաքին միջամտությունը: Ինչո՞ւ, որովհետեւ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ մյուսները գործընկերներ են, միայն Ռուսաստանն է վտանգում իրենց կարգավիճակը, խաթարում իշխանությունը վայելելու իրենց արտոնությունը, մնացած բոլոր դեպքերում իրենք մնալու են վերակացուի կարգավիճակում:
Փորձենք հասկանալ, թե ինչ է առաջարկում Սաքունցը ՀՀ իշխանությանը եւ միջազգային գործընկերներին` հիմնականում ԵՄ-ին, ԱՄՆ-ն ավելի լուրջ գործով է զբաղված` շեղել չի կարելի: «2026 թ. հունիսի ընտրություններից առաջ եւ դրանից հետո Հայաստանի դիմադրողականությունը արտաքին ազդեցության գործողություններին ամրապնդելու համար այս քաղաքականության համառոտագիրն առաջարկում է գործնական միջոցառումներ՝ ինստիտուցիոնալ պատրաստվածությունը բարելավելու, իրավական պաշտպանությունն ամրապնդելու եւ քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը բարելավելու համար»։ 16 էջից կազմված փաստաթղթում բազմաթիվ պնդումներ կան այն մասին, որ Ռուսաստանը, ՌԴ իշխանությունները եւ հատուկ ծառայությունները փորձում են միջամտել Հայաստանի ընտրություններին եւ այստեղ նշանակել իրենց դրածոյին, բայց ոչ մի ապացույց, թե ինչպես է դա դրսեւորվում, բացի հղումներն ինչ-որ զեկույցներին, մամուլի հրապարակումներին: Կա հղում Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, ըստ որի՝ Ռուսաստանը պատրաստվում է 80 հազար մարդ ուղարկել՝ ընտրություններին մասնակցելու, բայց այդ պնդումը եւս որեւէ ապացույցով ամրապնդված չէ:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը ներկայացվում է որպես ռուսական ազդեցության գործակալ: Ըստ զեկույցի հեղինակների՝ այդ փաստն ակնհայտ էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ ծավալված իրադարձություններից։ «Ընկերությունը պատկանում է ռուս-հայ միլիարդատեր եւ Վլադիմիր Պուտինի գործընկեր Սամվել Կարապետյանին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հասարակական դժգոհություն առաջացնելու համար էլեկտրաէներգիայի անջատումներ կազմակերպելու մեջ, ինչը կառավարությանը դրդել է ազգայնացնել ընկերությունը»,- գրում է Սաքունցը: Այս բոլոր պնդումներն իրականության հետ որեւէ աղերս չունեն. նախ որեւէ կերպ ապացուցված չէ, որ ՀԷՑ-ը միտումնավոր է էլեկտրաէներգիայի անջատումներ կազմակերպել, երբ դրա կառավարումն իրականացնում էր «Տաշիր» ընկերությունը, քանի որ անջատումներ իրականացվում են նաեւ ՀԷՑ-ն իշխանության հսկողության տակ վերցնելուց հետո, գուցե` ավելի հաճախ, եւ այդ տրամաբանությամբ ստացվում է, որ իշխանությունն ինքն է իր դեմ դժգոհություն հրահրում: Որեւէ ապացույց չկա, որ Կարապետյանը ՌԴ նախագահի գործընկերն է, փայատերը կամ մտերիմը:
Ապրիորի պնդում կա, ըստ որի, Ռուսաստանի հետ կապված քրեական տարրերը ֆինանսական շանտաժի են ենթարկում Վրաստանում բնակվող հայերին, որ նրանք եւս ընտրություններին մասնակցեն եւ քվեարկեն հօգուտ ընդդիմության: Եթե Ռուսաստանի դեպքում այս պնդումը գոնե տեսական հիմք կարող է ունենալ` Ռուսաստանում ապրում են հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ապա Վրաստանի հայերն ունեն Վրաստանի քաղաքացիություն, իսկ նրանք, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն եւ կարող են քվեարկել, այնքան փոքրաթիվ են, որ որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի ընտրության արդյունքների վրա: Այս բոլոր պնդումները մի նպատակ են հետապնդում՝ Հայաստանը մեկուսացնել Ռուսաստանից եւ Վրաստանից ու գցել անմիջական կախվածության մեջ Ադրբեջանից եւ Թուրքիայից:
Փորձելով կարեւորել սեփական դերը եւ ինչ-որ գործառույթ վերապահել իրենց՝ զեկույցի հեղինակը գրում է. «Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ունի վերլուծական կարողություններ, հետաքննչական փորձագիտություն եւ համայնքային վստահություն: Կառուցվածքային երկխոսության հարթակները թույլ կտան անվտանգ տեղեկատվության փոխանակում պետական հաստատությունների եւ հավաստի ՔՀԿ-ների միջեւ: Պատշաճ կերպով պաշտպանվելու դեպքում ՔՀԿ-ների կողմից ստեղծված վերլուծությունը կարող է ամրապնդել դատախազական գործերը եւ բարելավել համակարգված միջամտության վաղ հայտնաբերումը»: Սաքունցը քաղհասարակությանը բաժանում է 2 մասի. վստահելի եւ ոչ վստահելի, վստահելին, բնականաբար, իրենք են, այն կազմակերպությունները, որոնք ստեղծվել են արեւմտյան գրանտներով եւ աշխատում են հօգուտ իշխանության։ Անվստահելին նրանք են, որոնք գործում են ինքնուրույն եւ պաշտպանում են հանրային շահը: Սաքունցն առաջարկում է «վստահելի ՔՀԿ-ին» տալ վերակացուի լիազորություն, որ նրանք կարողանան դատախազությանը գործ տալ այն անձանց կամ կազմակերպությունների դեմ, որոնք, իրենց կարծիքով, ենթակա են արտաքին միջամտության:
Փաստաթղթում առաջարկվում է քրեականացնել գաղտնի միջամտության գործողությունները. «Քրեական օրենսգիրքը պետք է սահմանի եւ քրեականացնի արտաքին ուղղորդմամբ քաղաքական միջամտության նեղ մասնագիտացված ձեւերը՝ ներառյալ օտարերկրյա պետության անունից գիտակցաբար գործելը՝ քաղաքական գործընթացներին գաղտնի ազդելու համար՝ առանց բացահայտման։ • Քաղաքական գործիչների կամ քարոզարշավի կառույցների համակարգված արտաքին ֆինանսավորում»։
Ըստ էության, սրանք ուզում են Հայաստանը վերածել մի հսկայական համակենտրոնացման ճամբարի, մեկուսացնել աշխարհից, իրենք էլ դառնան այդ համակենտրոնացման ճամբարի վերակացուները, իսկ ցանկացած մեկը, ով կհամարձակվի հակադրվել իրենց կամ վիճարկել իրենց իշխանությունը` հռչակել արտաքին ուժի թելադրանքով եւ պատվերով գործող ու ճամբարից միանգամից տեղափոխել պատժախուց` այնտեղից դուրս չգալու պայմանով: Իրենք միայնակ այս ծրագիրը չեն կարող իրականացնել, անհրաժեշտ է գործընկերների` ԵՄ-ի աջակցությունը: Ինչ խոսք, վատ պլան չէ, միայն թե կյանքի կոչվելու ոչ մի հնարավորություն չունի: