«Հրապարակ»․ Հայաստանը կունենա մեծ դիվիդենտներ, եթե ճիշտ ռազմավարություն մշակի

«Հրապարակ»․ Հայաստանը կունենա մեծ դիվիդենտներ, եթե ճիշտ ռազմավարություն մշակի

Thu, 02 Apr 2026 11:15:36 +0400


Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ։

– Ընթացիկ ցուցանիշները ցույց են տալիս, որ 2026թ. առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվության որոշակի աճ է գրանցվել։ Մասնագետների պնդմամբ, դա պայմանավորված է Իրանում անցած տարեվերջին գրանցված ֆինանսական ճգնաժամով ու իրանական արժույթի կտրուկ անկմամբ։ Դրա հետեւանքով Իրանից մեծ ծավալի կապիտալ է դուրս եկել, որի մի մասն էլ հասել է Հայաստան։

– Իրանում տեղի ունեցող պատերազմի հետեւանքները ապրանքների եւ ծառայությունների էժանացման արդյունքով կարող են դրական ազդեցություն ունենալ եւ արդեն ունեցել են․ չմոռանանք, որ նախորդ տարի եւս այդ աշխուժությունը եղել է եւ նույն պատճառով։ Եվ գիտենք, որ իրանական երկու արժույթն էլ կտրուկ արժեզրկվել են։ Բայց կա նաեւ կապիտալի որոշակի «փախուստ» երկրից, սրանով պայմանավորված՝ եւս ներդրումներ կան, եւ դրանք հիմնականում անշարժ գույքի եւ այլ ոլորտներում են։ Ցավոք սրտի, տնտեսության իրական հատվածն առայժմ լուրջ արդյունքներ չի գրանցում։

– Պնդումներ կան, որ Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին նկատվում է ԱՄԷ-ի եւ Պարսից ծոցի երկրների աղքատացում, եւ այդ երկրներից եւս կապիտալը դուրս է գալիս եւ գալիս է նաեւ Հայաստան։ Այսինքն՝ այս պահին 3 ուղղությունից մեծ քանակի արտարժույթ է գալիս Հայաստան։ Այս տեղեկությունները որքանո՞վ են արժանահավատ, եւ այս համատեքստում ի՞նչ դիվիդենտներ կարող է ունենալ մեր երկիրը։

– Հայաստանը կարող է ունենալ բավականին մեծ դիվիդենտներ, քանի որ սահմանափակ՝ փոքր տնտեսություն ունեցող երկրի էֆեկտը բավականին արագ աճն է՝ դրական ազդակների հետեւանքով, սակայն դա միայն այն դեպքում տեղի կունենար, եթե Հայաստանն ունենար տնտեսության զարգացման հստակ ռազմավարություն եւ ՀՆԱ-ի հստակ կառուցվածք, ինչն էլ տարեցտարի փոփոխվում է՝ մե՛կ վերաարտահանման հսկայական տեսակարար կշռի, մե՛կ ծառայությունների ոլորտի, մե՛կ հանքարդյունաբերության եւ այլ ոլորտների մեջ փոփոխական աճերով։ Առաջին նախապայմանը, որ կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, նման հարափոփոխ տարածաշրջանային իրադարձությունների պայմաններում, առաջին հերթին տնտեսական ծրագրի առկայությունն ու արհեստավարժությունն է։

– Իսկ որքանո՞վ է կապիտալի ներհոսքը ազդեցիկ տնտեսության իրական ճյուղերում, եւ դա ինչպե՞ս է արտացոլվում տնտեսական համահավաք աճի մեջ։

– Հիշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան բերված հսկայական քանակությամբ արտարժույթ, իսկ ավելի կոնկրետ՝ 5 մլրդ դոլարից ավելի միայն առաջին տարում, այսինքն՝ 8 ամիսների ընթացքում, երբ ներհոսեց մեր հանրապետություն, դրա հետեւանքով ազգային արժույթն արժեւորվեց 20 տոկոսից ավելի, որը վատ ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա, այլեւս այդ բարձր կետից չի իջնում։ Դրան զուգահեռ, նաեւ բարձրացան առաջին անհրաժեշտության ապրանքների գները, որոնք եւս չեն դադարում իրենց աճը, մինչդեռ պետք է հակառակ տենդենցը տեղի ունենար` ազգային արժույթի արժեւորման պայմաններում։ Ուստի պետք է ուշադիր լինել, որ ՀՀ դրամի գերարժեւորումը մեծ հարված չհասցնի տնտեսության իրական հատվածին։

– ԱՄԷ-ն չեղարկել է ԻԻՀ քաղաքացիների՝ Արաբական Միացյալ Էմիրություններում բնակության բոլոր տեսակի թույլտվություններն ու գործարար արտոնյալ վիզաները, դարձյալ Իրանի դեմ պատերազմի պատճառով։ ԱՄԷ-ում կան հարյուրավոր իրանցի գործարարներ, ներդրողներ՝ ահռելի կապիտալով։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող է Հայաստանը գրավել իրանցի բիզնես շրջանակներին եւ ներդրումներ բերել մեր երկիր։

– Այո, ընդհանրապես, տարածաշրջանում ապակայունացումը որոշակի ազդեցություն թողնում է Հայաստանի տնտեսության վրա, եւ ԱՄԷ-ից նկատվում է արտարժույթի հոսք դեպի Հայաստան, առհասարակ՝ հետաքրքրությունն աճում է, անորոշության համընդհանուր տուրբուլենտության ֆոնին Հայաստանի՝ հարաբերականորեն կայուն վիճակը որոշակի գրավչություն ունի։ Բայց պետք է հիշենք, որ նման իրադարձություններ տեղի ունեցան նաեւ 2022 թ․ փետրվարի վերջից՝ մարտից սկսած, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հսկայական քանակությամբ նախ ռելոկանտներ եկան, ապա նրանք իրենց հետ արտարժույթ բերեցին Հայաստանի Հանրապետություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախիջևանում Հայաստանը անվանում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ վարչապետը լռում է

Նախիջևանում Հայաստանը անվանում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ վարչապետը լռում է Thu, 28 May 2026 23:17:41…

11 րոպե ago

Թրամփի պարագայում սիրելուց մինչև ատելություն և նորից սիրել կարող է ընդամենը մեկ օր տևել

Թրամփի պարագայում սիրելուց մինչև ատելություն և նորից սիրել կարող է ընդամենը մեկ օր տևել Thu,…

14 րոպե ago

Սա ընտրություն է 300 հազար ադրբեջանցի բերողի և 300 հազար աշխատատեղ ստեղծողի միջև

Սա ընտրություն է 300 հազար ադրբեջանցի բերողի և 300 հազար աշխատատեղ ստեղծողի միջև Thu, 28…

28 րոպե ago

Քարոզչամեքենան չի էլ թաքցնում, որ սա իրենց համար ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն․ Դանիելյան

Քարոզչամեքենան չի էլ թաքցնում, որ սա իրենց համար ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն․…

28 րոպե ago

Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել Ալիևին և Ալիևի երաշխավորությանը․ ինքը արդեն ցույց է տվել, որ թույլ, անկարող ղեկավար է․ Սամվել Կարապետյան

Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել Ալիևին և Ալիևի երաշխավորությանը․ ինքը արդեն ցույց է տվել, որ…

33 րոպե ago

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վլադիմիր Գասպարյանը խնամիներ են դարձել

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վլադիմիր Գասպարյանը խնամիներ են դարձել Thu, 28 May 2026 22:51:05 +0400 «Հրապարակի»…

38 րոպե ago