Գրազ կգամ, որ գրազ գալ չարժե
Thu, 02 Apr 2026 17:15:45 +0400
Քաղաքական բանավեճի որակը մեր երկրում շատ ցածր է, ավելի ցածր՝ տեղ չկա։ Ամենեւին կարեւոր չէ, թե հատկապես քաղաքական որ թեման է արծարծվում․ այն արծարծվում է շատ տգեղ բառամթերքով եւ նողկալի ոճաբանությամբ։ Տգեղ եւ ցածր․այս բնորոշման մեջ են տեղավորվում թե՛ պաշտոնյաները, թե՛ նրանց ընդդիմախոսները, թե՛ վերլուծաբաններն ու քաղաքագետները, թե՛ սովորական քաղաքացիները, թե՛ իշխանության կողմնակից, թե՛ ընդդիմության համակիր։ Գրեթե բոլորը։ Երբ այս ամենին ավելանում է նաեւ «գրազ գալու» մշակույթը, թե ով կհաղթի, նշաձողն ավելի է իջնում։
Ինչպե՞ս հասանք այս վիճակին։ Կարելի է վստահ ասել՝ ստեղծված իրավիճակից ոչ ոք գոհ չէ՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ նրանց համակիրները։ Օրինակ՝ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը գոհ լինել իր կողմնակիցներից, որոնց հետ առերեսվում է այս վաղաժամ եւ, ըստ էության, օրենքից դուրս քարոզարշավի ընթացքում։ Կա՞ն արդյոք այդ թվում մարդիկ, որոնք մոտենում են, մի քանի բառ են փոխանակում եւ խոր տարակուսանք, արհամարհանք կամ զզվանք չեն առաջացնում։ Գրազ կգամ, որ չկան։ Գալիս են, խոսում են թեմաներից, որոնք ոչ մի կապ չունեն քաղաքական գործընթացների հետ, ընդհուպ՝ շատ անձնական թեմաներ են առաջ քաշում։ Նիկոլական կինը՝ շողոքորթ ու տգետ, նաեւ՝ անամոթ, դստեր մայրանալու թեման է բարձրաձայնում։ Փաշինյանի համակիրն է՝ չի խորշում ուղիղ եթերում ամբողջ մարդկությանը ներկայացնել իր աղջկա չբերության դարդը՝ աջակցություն ակնկալելով վարչապետից։ Սա զավեշտալիներից էր, բայց ոչ միակը․․․
Նկատելի է, որ վաղուց ոչ մի նշանակալի բան այդ մարդկանց կյանքում չի եղել։ Վերջին անգամ իսկական ուրախություն ապրել են 2018 թվականի իշխանափոխության օրերին։ Ընդհանրապես, դա է նրանց կյանքի միակ նշանակալի ձեռքբերումը, քանի որ նրանք ձախողել են ամեն ինչ՝ թե՛ կրթություն ու դաստիարակություն, թե՛ նվազագույն բարեկեցիկ կյանքի հնարավորություն, թե՛ նորմալ ընտանիք ու նորմալ զավակներ ունենալու բախտը։ Ձախողել են ամեն ինչ, ինչ կարելի էր ձախողել, եւ հիմա հայրենիքի ձախողումները նրանց համար ոչինչ են։ Նրանք հատակում են, եւ այդ հատակից կյանքն ամենեւին այնպիսին չէ, ինչպիսին երեւում է կրթություն ստացած եւ արժեքներ ունեցող մարդկանց աչքին։
Գրազ կգամ, որ այս ընտրազանգվածը հաճելի եւ դուրեկան չէ հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Նա ճանաչում է այդ խավին, շատ լավ գիտի՝ ովքեր են նրանք, ինչպես են մտածում, եւ շատ կուզեր, որ նրանք չլինեին իր աջակիցները։ Նրան անձամբ հաջողվել է դուրս պրծնել այդ շրջապատից։ Այդ ընչազուրկ եւ անինքնասեր մարդկանց նա նայել է վերեւից, ասել է՝ նրանց աղքատությունը հենց իրենց գլխում է, իրենց վատ կյանքն իրենց մեղքով է՝ իրենց անկրթության ու հետամնացության պատճառով։ Նա բնութագրել է այդ խավին, զզվանքով հեռացրել իրենից եւ ապրել մի պահ որպես էլիտա։ Մարդ, որը շրջապատված է տարբեր երկրների ղեկավարներով, շփվում է աշխարհի բարձրակարգ միջավայրերում, օգտվում ամենայն բարիքներից՝ ամենաորակյալից, ամենալավից, ամենահամեղից։ Իսկ հիմա, ահա, նորից դուրս է եկել եւ չափչփում է ամենացածր խավի խորխորատները՝ թե որքան ցածր կարող են նրանք լինել, որքան կարող են լինել անարժանապատիվ․․․ Գրազ կգամ՝ սա անտանելի բան է, որ նորից նրան հետ է շպրտել դեպի այն ամենը, ինչից նա զզվում է․․․ Չէ՞ որ հենց այս խավն է, որ մինչհեղափոխական ժամանակներում 5-10 հազար դրամով կամ մեկ շիշ ձեթով ու մի քանի կիլո բրնձով գնում էր ընտրության եւ ընտրում մարդկանց, որոնց դեմ հետո դուրս էին գալու պայքարի ու հեղափոխությամբ հեռացնելու էին իշխանությունից։
Գրազ կգամ, որ հենց այդ մարդիկ այսօր թքած ունեն այն բոլոր աղետների վրա, որոնք կատարվեցին մեր հայրենիքի հետ անցած 7-8 տարիներին։ Հիմա գրազ գալը, թե ով կլինի նրանց բոլորի սիրելին ու ընտրյալը, անկեղծ ասած, նույնպես տգեղ է։ Առաջարկում եմ գրազ չգալ, չփորձել ընդունելի եւ ընտրելի լինել այն մարդկանց համար, ովքեր 2026 թ․ ապրիլին դեռ համակրում են իշխող կուսակցությանը։ Այդ մարդիկ առաջիկա 2 ամսում չեն փոխվի։ Ինչ էլ լինի, նրանք գնալու են ընտրության եւ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին։
Ուրեմն՝ իշխանությունը փորձում է պահել իր ընտրազանգվածի մնացորդները, ուրիշների վրա նա չի աշխատում։ Ով արդեն երես է թեքել, այլեւս իրենց չի ընտրելու։ Կարող եմ գրազ գալ, որ նրանք դա գիտեն։ Նոր ընտրողներ Փաշինյանը չի փնտրում, եղածին է մի կերպ պահում՝ համոզելով, որ գան ընտրատեղամաս եւ ընտրեն իրեն։ Կա մի մեծ խավ, որը լուռ ու հուսահատ հետեւում է այս նախընտրական «գրազներին», փոխադարձ բթամիտ սրամտություններին ու համեմատություններին եւ փորձում հասկանալ՝ կգտնվի՞ արդյոք մեկը, որ «մեծ զեղչով», մեծ վերապահումով կկարողանա համոզիչ լինել իր համար։ Գրազ գալ չարժե։ Պետք է կարողանալ ընտրատեղամաս հասցնել այն մարդուն, որը զզվել է ստեղծված իրավիճակից։ Նա չի երեւում, չի մոտենում Փաշինյանին, բայց դեռ չի էլ մոտենում ընդդիմադիրներին։ Նա լուռ հետեւում է՝ ոչ թե որպեսզի գրազ գաք իր վրա, այլ որպեսզի տարանջատվեք իրարից՝ շատ հստակ քաղաքական խոսքով։
Ահա, այդ մարդկանց հետ պետք է աշխատի ընդդիմությունը։ Նրանց պետք է համոզի, որ չունի ոչինչ ընդհանուր այսօրվա իշխանության հետ եւ չունի այն արատները, որոնք ունեցել են սրանց նախորդները։ Անգամ եթե նախկին են, ապա կարող են ճիշտ աշխատանքով շանս ստանալ։ Չէ՞ որ անգամ պատերազմ ու պարտություն բերած ՔՊ-ն ստացավ երկրորդ շանս, չնայած դա էլ հաջողությամբ տապալեց։ Ընդդիմությունն ու իշխանությունն այսօր աշխատում են երկու միանգամայն տարբեր դաշտերում։ Նրանք իրարից ընտրող չեն «փախցնում»։ Շատ հստակ է այդ անջրպետը, եւ ոչ մի կետում իշխանության եւ ընդդիմության համակիրների «ջրերը մի առվով չեն հոսում», ոչ մի տեղ չեն խառնվում։ Դա նշանակում է, որ կարելի է իրար չպատասխանել, իրար ուշադրություն չդարձնել։ Կարելի է աշխատել այնպես, կարծես նրանք արդեն չկան, լսելի չէ նրանց ձայնը, նրանց «գրազը», նրանց հեգնանքը, նրանց մեղադրանքը։ Պետք է զրոյական ուշադրության արժանացնել իշխանության քարոզիչների առաջ բերած թեմաները, օրակարգերը։ Պետք է առաջ գնալ այնպես, որ հնարավոր չլինի շեղել, հնարավոր չլինի գայթակղել դեպի իրենց դաշտ, որտեղ կարող են հեգնել, ծաղրել ու ինքնահաստատվել։
Մի խոսքով, իշխանության հետ գրազ գալ չարժե՝ ո՛չ կատակով, ո՛չ լուրջ։ Նրանց ասածներին արձագանքելու համար այլեւս ժամանակ չկա եւ, ամենակարեւորը՝ իմաստ չկա։ Մարդը, որն ընտրելու է ընդդիմությանը, այլեւս ՔՊ-ի ընտրողը չէ, բայց նա դեռ լիարժեք ընդդիմության ընտրող էլ չէ։ Նրան դեռ պետք է համոզել, որ գնա քվեարկության, եւ ես ամենայն լրջությամբ գրազ կգամ, որ դրա համար մնացած օրերի քանակն արդեն բավարար չէ։