Սրանից էլ լավ բա՞ն

Սրանից էլ լավ բա՞ն

Thu, 02 Apr 2026 19:45:35 +0400


Այնքան հաճախ են հնչում իշխանական եւ կուսակցական խաբեություններ՝ ստեր, չափազանցություններ, բանսարկություններ, միմյանց պախարակող անլուրջ մեղադրանքներ, նույնիսկ՝ անեծքներ, որ հասարակ մարդկանց մոտ գլխապտույտ է սկսվում, ու գարշանքով են ականջ դնում ընտրությունների թեմայով քննարկումներին։ Իսկ եթե մեկը ներկայիս հայաստանյան խայտառակ իրավիճակը կարգավորող միտք է հայտնում, այն անհետանում է համատարած ստաբանության բովում։ Ձեւավորվել է գաղափարական վակուում։ Մինչդեռ այնքան էլ վակուում չէ՝ քաղաքական բովանդակությամբ խառնաշփոթ է, տեղով՝ լրատվական ապականություն, ուստի այն խորանում է իշխանական եւ ոչ քիչ թվով «ընդդիմադիր» ուժերի (կուսակցությունների) ջանքերով ու գռեհիկ ճաշակով։ Իսկ քաղաքական ապականությունն ընտրություններ խեղաթյուրելու գլխավոր լծակներից է։ Եվ այդ լծակը ընտրություններում գործադրում են իրենց հաղթանակի վրա կասկածող քաղաքական ուժերը, սկսած իշխող քաղաքական ուժից։

Ինչպես ցանկացած քաղաքական ուժ (լինի իշխանական, թե ընդդիմադիր) իր կազմում ունենում է երկու տեսակի բացասական գործիչներ․ կարիերիստներ եւ դավաճաններ։ Կարիերիստները գաղափարակիրներ չեն, նրանք ձգտում են լծակ ձեռք բերել՝ դիրքի, պաշտոնի հասնելու, պարգեւավճարի (բոնուս) արժանանալու, աշխարհով մեկ պտտվելու համար։ Իսկ դավաճանները գաղափարակիրներ են։ Նրանք իրենց գաղափարներն են ուրանում եւ կարիերիստների հետ ձեւավորում ճամբարափոխների խավը։ Որպես երեւույթ՝ ճամբարափոխներն այսօր էլ պղտորում են քաղաքական դաշտը՝ ընտրությունների ընթացքը։ Չմոռանանք, որ Հայաստանում 100-ից ավելի կուսակցություններ են գրանցված։ Սա քաղաքական բիզնես է, որից օգտվում են ներսի եւ դրսի (արեւմտյան, ռուսական, տեղական ռուսամետ, տեղական արեւմտամետ) շահառուները։

Ի լրումն հիշենք, որ քաղաքական բիզնեսի պայմաններում քաղաքական պայքարը վերափոխվում է անձերի միջեւ մրցակցության, ավելի հստակ՝ անձերի շահերի պայքարի, որակազրկելով գաղափարական պայքարը։ Ուստի հունիսյան ընտրությունների արդյունքում որոշիչ կարող են լինել նաեւ փողապտույտից բխող հետեւանքները։

Ներկա դրությամբ իշխող քաղաքական ուժի (ՔՊ) կազմում քիչ չեն այլ կուսակցությունների համը տեսած ճամբարափոխները։ Այս առումով որոշ «վերլուծաբաններ» պեղել են ժամանակին ՀԱԿ-ին հարած կամ անդամակցած եւ տարիներ անց ճամբարափոխված, իսկ այժմ իշխող քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցիչներ դարձած «գործիչների»։ Ի դեպ, կուսակցական լինել՝ նշանակում է չեղարկել նախորդ կուսակցությանը (կամ կուսակցություններին) տված հավատարմությունը, ուրանալ գաղափարախոսությունը եւ «օծվել» նոր մտած, «թարմ» կուսակցության գաղափարախոսությամբ։ Հենց սա է ճամբարափոխության ուղնուծուծը, որը՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար, նկատելի չեն տալիս որոշ վերլուծաբաններ։ Ավելին, նրանցից մեկը (գուցե գիտակցաբար ու խորամանկորեն) պատվեր է խաղարկել (ռոզիգրիշ), թե «Փաշինյանի կողմից վարվող քաղաքականությունը ՀԱԿ (հավանաբար, ճամբարափոխ հատվածի՝ Ա․ Ա․) անդամների սրտով է, նրանց համար չափազանց ընդունելի եւ հոգեհարազատ, նրանք համոզված նիկոլապաշտ են»։ Եվ հանգել այն մտքին, թե «նպատակը շատ ավելի պարզ է՝ օգնել գաղափարակիրներին (նախկին ՀԱԿ-ականներով ողողված ՔՊ-ին եւ գործող իշխանությանը) եւ մնալ իշխանություն»։ Իսկ թե ինչու է հոդվածագիրը խաղում հենց ՀԱԿ-ի վրա, նույնպես պարզ է։ ՀԱԿ-ը, ի տարբերություն մյուս ընդդիմադիրների, սկզբունքային, արմատական, կայուն ընդդիմություն է։ Իշխանությունը հույս ունի, որ ՀԱԿ-ի «տեսականուց» գլուխ չհանող հանրությունն իշխանությանը լրացուցիչ ձայներ կբերի կամ կփոշիացնի։ Սրանից էլ լավ բա՞ն․․․

Ոմանց թվում է, թե գործող իշխանությունը գլխի չի ընկել, որ հոդվածում ներկայացված ՀԱԿ-ՔՊ «նույնականության» պատկերը կարելի է գլխիվայր կարդալ եւ դեմ առնել մեկ այլ՝ թաքնված (կրիպտո) եզրահանգման, որում հայաստանյան գորշ իրականության համայնապատկերն է։ Այսպես, «գլխիվայրի» հնարքով, սարկազմի ոճով, լրագրողական նրբանկատությամբ հեղինակը վերարտադրել է իշխանական բլոկի մտավոր, մշակութային, քաղաքական սնանկության համայնապատկերը։
Սրանից է՛լ ավելի լավ բա՞ն․․․

ՀԳ․ Բակա-տաղավարային զրույցներում հայաստանյան խորացող քաղաքական ճգնաժամի նկատմամբ վերաբերմունքը դարձել է ավելի կոշտ ու հատու։ Ահա դրանցից մի քանիսը։
1․ Մնում է Էջմիածնի ՀԱԵ մայր տաճարի դրսի անկյուններում կառուցել չորս մզկիթ եւ տաճարի անունը դնել «Այա Սոֆիա-2»։
2․ Եթե թատերագետ Լուիզա Սամվելյանը լսեր Գնել Սարգսյանի թատերականացված քաղաքական «քարոզը», չէր ասի Ստանիսլավսկու հայտնի խոսքը․ «Չեմ հավատում», այլ կժպտար, իսկ եթե ասեր, կասեր՝ «փչան Թոդորոս»։
3․ «Զոհված թոռանս գերեզմանով եմ երդվում, պատերազմի հրձիգից խաղաղության աղավնի չի սարքվի»,- ասաց ծերուկներից մեկը։
4․ Ժամանակը չէ՞, որ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ խնամիական կապեր ձեւավորվեն։ Գուցե այդկերպ վիրտուալ խաղաղությունն իրակա՞ն դառնա։
5․ Մեկն էլ առաջարկեց մեր վարչապետի անունը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենա-ամենա-ամենասուտասան ղեկավարի։

Արամայիս Ասլանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ տենդենցներ կան համաշխարհային գրականության մեջ

Ինչ տենդենցներ կան համաշխարհային գրականության մեջ Fri, 03 Apr 2026 00:00:49 +0400 Ընթերցանության կարեւորության մասին…

2 ժամ ago

Որն է հապաղման իմաստը, երբ բազմաթիվ անձինք կրկին զրկվելու են ազատությունից․ Փաստաբան

Որն է հապաղման իմաստը, երբ բազմաթիվ անձինք կրկին զրկվելու են ազատությունից․ Փաստաբան Thu, 02 Apr…

2 ժամ ago

Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա

Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա Thu, 02 Apr 2026 23:45:50…

2 ժամ ago

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է Thu, 02 Apr 2026 23:38:57 +0400 Գյումրու քաղաքապետ Վարդան…

3 ժամ ago

Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին

Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին Thu, 02 Apr 2026 23:30:31 +0400 Latest news…

3 ժամ ago

ՀԿ-ի պատասխանատուն նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին

ՀԿ-ի պատասխանատուն նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին Thu, 02 Apr 2026 23:15:37 +0400…

3 ժամ ago