Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա
Thu, 02 Apr 2026 23:45:50 +0400
Շատերին է հետաքրքրում հարցը, թե ԱՄՆ-ի նախագահ Թրամփը ինչո՞ւ չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերյալ սուր հայտարարություններով։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բնականաբար, առաջին հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության խիստ ռիսկային լինելն է։ Չնայած, թե՛ ԱՄՆ-ն, և թե՛, դիցուք, Մեծ Բրիտանիան ունեն հզոր նավատորմ, սակայն մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ ջրային տարածք ցանկացած խոշոր ռազմանավի մուտքը հավասար է, պատկերավոր ասած փիղը նեղ նրբանցք մտցնելուն, այն էլ այն դեպքում, որ նրբանցքի շինությունների պատերից վստահաբար կրակ է թափվելու։
Երկրորդ պատճառը հետպատերազմական հնարավոր այն սցենարի իրատեսականության բարձր աստիճանն է, ըստ որի՝ Իրանը կարող է պահպանել Հորմուզի նեղուցի փաստացի կառավարումը, ուստի նեղուցի կարիքն ունեցող ոչ մի երկիր չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ։
Երրորդ պատճառը իրանական շատ ճկուն մոտեցումն է, որը որոշակի վճարի դիմաց թույլատրում է Իրանի կողմից թշնամական չդիտարկվող երկրների՝ դիցուք, Ճապոնիայի համար նախատեսված բեռների անցումը նեղուցով՝ այդպիսով ճեղքելով հնարավոր հակաիրանական կոալիցիան»։