«Հրապարակ»․ Առաջ ասում էի` նույնն են, հիմա ասում եմ` պարոն Փաշինյան, նախկիններին տվել-անցել եք
Fri, 03 Apr 2026 10:45:03 +0400
«Հրապարակի» զրուցակիցը «Չորրորդ իշխանություն» կայքի խմբագիր Շողեր Մաթեւոսյանն է:
– Նիկոլ Փաշինյանն ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստից հետո, բրիֆինգի ժամանակ լրագրողների հետ վիճաբանության, ավելի կոնկրետ` լեզվակռվի մեջ է մտնում, վիրավորում է լրագրողներին, փորձում է նսեմացնել ԶԼՄ-ների աշխատանքը: Լրագրող Անի Գեւորգյանին երեկ վարչապետն ասաց` դուք հատուկ եք ուժայինների դեմը պառկում, որ անցնեն ձեր վրայով, հետո սկսեց բղավել լրագրողի վրա, լռեցնել նրան, եւ այսպես շարունակ: Ի՞նչ կարծիք ունեք Փաշինյանի՝ լրագրողներին ուղղված բառապաշարի մասին:
– Ես էլ էի լսում` սարսափելի է: Նիկոլ Փաշինյանն անդադար ինչ-որ լեզվակռիվների մեջ է ներքաշվում: Նա անհավասարակշիռ վիճակում է, գուցե՝ նաեւ նյարդային վիճակում, հատկապես, երբ հակադարձում են նրան, այդ ժամանակ է նյարդային վիճակում հայտնվում, նրան թվում է, թե եթե ինքն ինչ-որ բան է ասում` վերջ, այլեւս չի կարելի հակադարձել: Լրագրողների հետ այնպես է խոսում, ասես լրագրողներն իր ենթականերն են: Նա ինչ-որ բան շփոթում է, որովհետեւ լրագրողների հետ չի կարելի խոսել հրահանգիչի տոնով, իսկ նա չի կարողանում այդ տոնից իջնել: Մի խոսքով` Փաշինյանի հետ ինչ-որ բան այն չէ, նրա վիճակը վատ է: Ես կարծում եմ՝ դա բոլորի համար է տեսանելի….
– Իշխանական պրոպագանդիստներն ասում են, որ լրագրողներն են չափերն անցնում` չեն հարգում բարձրաստիճան պաշտոնյաներին, կիրթ ու մեղմ հարցեր չեն տալիս: Այ, որ նախկինները լինեին իշխանության, լրագրողները չէին համարձակվի այդքան ազատ խոսել նրանց հետ:
– Իսկ այդ նույն նախկինների ժամանակ, որ իրենց պաշտպանում էինք, ինչո՞ւ չեն ասում դա: Ի դեպ, նախկին իշխանություններն էլ էին ասում, որ երկիրը լրագրողներն են խառնում, որ լրագրողներն ամեն ինչ հատուկ են անում եւ այլն…. միշտ է այդպես եղել: Այն լրագրողները, ովքեր իշխանություններին ոչ հարմար խոսք են հնչեցրել, ինչ-որ կերպ թիրախավորվել են, բայց սրանք բոլորին տվել-անցել են: Ամեն բան չափից ավելի սուր է ընկալվում հիմա, եւ ես ուզում եմ վարչապետին հիշեցնել, թե ինքն ինչպես էր իրեն դրսեւորում, երբ լրագրող էր: Մենք՝ ոչ մեկս դեմ չէինք, որ իրենց այդպես են պահում: Հետո նա դարձավ ընդդիմադիր գործիչ, նույնն էլ՝ այդ ժամանակ: Դե հիմա թող դիմանա….
– Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ լրագրողներից մեկին ասաց, որ եթե ինքը չլինի Հայաստանի վարչապետը, լրագրողներից շատերն աշխատանք չեն ունենա, հաշմանդամ կդառնան, ֆայլաբազարում կկանգնեն…
– Ասում է` կփակեմ օդերը, բայց այդ լրագրողները միշտ էլ եղել են ու կլինեն: Այս մարդը բռնապետական հակումներ ունի, երազում է, թե երբ է մի օր ազատվելու քննադատություններից, հակառակ դեպքում՝ նյարդերն ամեն օր տեղի են տալիս, չկա մի օր, որ սկանդալների մեջ չհայտնվի եւ չհրահրի: Ինքը հրահրում է, ինքը պատասխանում է, ինքը գոռում է, ինքը ներվայնանում է կամ գուցե չի էլ ներվայնանում, դա էլ հերթական դերասանությունն է, գուցե: Լրագրողի նկատմամբ նման անհարգալից բառապաշար, նման հայտարարություններ… դե հերիք եղավ, ամոթ է արդեն….
– Փաշինյանն ու իր թիմը պնդում են, որ նախկին իշխանությունների ժամանակ լրագրողներն ազատ չեն եղել, վախեցած են եղել, իրենք եկել են իշխանության եւ 2018-ից հետո ազատություն են տվել ԶԼՄ-ներին: Սա ասում է մի նախկին խմբագիր, որն ամենասուր քննադատությանն է արժանացրել նախկին իշխանություններին՝ իր խմբագրած թերթի էջերում….
– Ո՞վ ասաց, որ չենք կարողացել քննադատել նախկիններին: Այո, ամեն ինչ էլ եղել է` ծեծել էլ են, ջարդել էլ են, ավտոներ էլ են վառել, բայց դուք, պարոն Փաշինյան, նախկիններին տվել-անցել եք: Մի ժամանակ ասում էինք` տարբերություն չկա, հիմա ասում եմ` նրանց տվել-անցել են:
– Նախկինները գոնե այդքան դատական գործեր չէին սարքում լրագրողների ու խմբագիրների վրա:
– Այո, դե նայած, թե ով ինչի վրա է շեղված լինում: Ես կարծում եմ, որ լրագրողներն այժմ պետք է բոյկոտեն այդ մարդուն եւ չլուսաբանեն նրան: Ես վաղուց եմ բոյկոտել նրան: Նա ուզում է, որ իրեն հարցեր տան, եւ թելադրի իր օրակարգը ողջ հանրությանը: Լրագրողները պետք է միաբան լինեն: Այն ժամանակ կար դա, այսօր ես դա չեմ տեսնում, գուցե ես չեմ տեսնում ուղղակի: Ամեն դեպքում, մի լրագրողի համար ողջ ընդդիմադիր դաշտն իրար կխառնվեր: Աղմուկը շատ բարձր կլիներ, եւ հետո՝ այն ժամանակ կար ակտիվ քաղհասարակություն, հիմա սսկվել են, ձայնները դուրս չի գալիս, հավանաբար, ֆինանսավորվում են իշխանությունների կողմից, դրա համար սսկվել են:
– Ի դեպ, կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին ի՞նչ կարծիք ունեք: 18-ամյա մի երիտասարդ երկու ամսով կալանավորվեց: Փաշինյանը վստահ է, որ դպրոցական երիտասարդն իրեն ցանկանում էր սպանել:
– Սադրեց: Դա սադրանք էր: Ամոթալի միջադեպ էր: