Այսուհետ անպատասխան մնացած հարցերը հրապարակելու ենք
Fri, 03 Apr 2026 12:45:32 +0400
ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին չհաջողվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակի առաջին փուլի 50-յակում` նա ընդամենը 186 ձայն էր ստացել ՔՊ ներքին քվեարկության ժամանակ։ Բայց 50-յակում է հայտնվել Ստեփանյանի հովանավորը` Սասուն Միքայելյանը, որին հաջորդ ԱԺ-ում հնարավոր է նորից տեսնենք: ՔՊ-ական պատգամավորուհին, սակայն, շատ ակտիվ էր սոցցանցերում, հատկապես՝ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի ջատագովներից էր եւ ամեն ինչ արեց՝ դարձյալ ԱԺ-ում հայտնվելու համար: Նա ԱԺ-ում հեգնական տոնով ելույթներ էր ունենում, ընդդիմադիրներին քարկոծում, Վեհափառին էր փնովում, գրում էր, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն արժանացել են «չարորակ ուռուցք» գնահատականին եւ իրենց «մետաստազներով» փորձում են նվաճել Հայաստանը: «Եղանակի տաքացմանը զուգահեռ, Հայաստանում դարձյալ ակտիվացել են «փրկիչները»։ Այս անգամ ջոկատով են փրկելու Հայաստանն ու հայ ժողովրդին։ Այնինչ, Հայաստանն ու հայ ժողովրդին պետք է փրկել միայն նրանցից»,- գրում է Լիլիթ Ստեփանյանը։
Նա նաեւ հարցազրույցներ է տալիս իշխանական լրատվամիջոցներին, բայց խուսափում է մեր հարցերին պատասխանելուց: Մի քանի հարց էինք ուղղել Լիլիթ Ստեփանյանին: Հավանաբար, նրա քիմքին հաճելի չէին այդ հարցերը, քանի որ կարդալուց հետո հայտարարեց, որ չի կարող մեր հարցերին պատասխանել: Ուստի հրապարակավ կներկայացնենք այդ հարցերը, գուցե այդ դեպքում ցանկություն առաջանա պատասխանելու, քանի որ ինքն էլ, ես էլ Հրազդան քաղաքի բնակիչներ ենք:
Հարցերը հետեւյալն են.
1. Դուք եղել եք Արցախում, հավանաբար՝ նաեւ Շուշիում, մինչեւ Ձեր իշխանության կողմից Արցախը հանձնելը, Արցախն արժե՞ք էր Ձեզ համար, Շուշին դժբախտ ու դժգույն քաղա՞ք էր:
2. Դուք երբեւէ կմոռանա՞ք 1915 թվականին թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունը, թե՞ Նիկոլ Փաշինյանի նման, Դուք էլ եք կասկածի տակ դնում ցեղասպանության հարցը:
3. Դուք Եկեղեցու դեմ պայքարի առաջամարտիկներից եք, հանդես եք գալիս տարբեր գրառումներով: Հասկանում ենք, որ ուզում եք հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին, բայց պատկերացրեք մի պահ, որ ընտրություններից հետո դուք այլեւս իշխանություն չեք` կզղջա՞ք, կապաշխարե՞ք, որ դեմ եք գնացել Եկեղեցուն եւ Վեհափառին:
4. Ձեր իշխանության օրոք կորցրինք Արցախը, «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձավ, անգամ Այբբենարանից հանվեց Մեսրոպ Մաշտոցի նկարը, ՀՀ մուտքի ու ելքի սահմանահատման կնիքի վրայից հանվեց Արարատ լեռան պատկերը, «Արցախ» տերմինն օգտագործելու համար պաշտոնյա է ազատվում աշխատանքից: Կնշե՞ք մի քանի փաստ, թե հրազդանցին ինչի համար պետք է հունիսի 7-ին իր ձայնը տա Ձեզ եւ Ձեր կուսակցությանը: