Կալանավորվածը Դիլիջանի համայնքապետի ազգականն է
Fri, 03 Apr 2026 19:45:07 +0400
Շուրջ մեկ ամիս է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սարգսյանը կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված է` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է գտնվում։ Մարտի 10-ին Դիլիջան համայնքի ավագանին որոշել է Դիլիջան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի թիվ 577-Ա որոշմամբ հաստատված Դիլիջանի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարել` հանձնաժողովի անդամ Արսեն Սարգսյանի փոխարեն ընդգրկել քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Արտյոմ Թամրազյանին։ Արսեն Սարգսյանի կալանավորումից հետո Դիլիջանի համայնքապետարանի կայքում համայնքապետարանի աշխատակազմի տվյալները ջնջել են, կայքի այդ մասը դատարկ է։
Հավանաբար, փորձել են կայքից հեռացնել միայն Արսեն Սարգսյանի տվյալները, սակայն աշխատակազմի բոլոր տվյալներն են հեռացվել։ Դիլիջանից մեզ հայտնեցին, որ Արսեն Սարգսյանը Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի բարեկամն է` նրանք 2 եղբայրների թոռներ են։ Դիլիջանում լուրեր են շրջում, որ կոռուպցիոն այդ գործի հետ, որով կալանավորված է Արսեն Սարգսյանը, առնչություն ունի նաեւ Դիլիջանի համայնքապետը: Խոսում են նաեւ, որ համայնքապետը հորդորել է իր ազգականին իր անունը զերծ պահել քրեական գործից, խոստանալով աջակցել նրան ամեն ինչով։ Այս տեղեկությունները չկարողացանք ճշտել Դիլիջանի համայնքապետարանից, քանի որ այս կառույցը, որպես կանոն, չի պատասխանում մեր հարցումներին: