«Հրապարակ»․ ԱՄՆ-ն հասկանում է, որ հուսալի դաշնակից ունենալու համար պետք է նվիրվի Իսրայելին
Sat, 04 Apr 2026 11:45:22 +0400
«Հրապարակի» զրուցակիցը «Մոշե Դայան» Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնի պաղեստինյան, այդ թվում՝ իսրայելցի արաբների հարցերով փորձագետ Հարել Խորեւն է (Իսրայել):
– Մերձավոր Արեւելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրանի ղեկավարները սպանվեցին, զոհվում են անմեղ քաղաքացիներ՝ ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Իսրայելում։ Ե՞րբ կավարտվի այս խելահեղ արյունահեղությունը։
– Անմեղ մարդկանց տոկոսը զինյալների համեմատ աննշան է, սակայն իրանցիները պլանավորում էին միջուկային ռումբով բազմաթիվ անմեղ մարդկանց սպանել, եւ իրենց 47 տարվա ռեժիմի ընթացքում նրանք սպանեցին բազմաթիվ անմեղ մարդկանց՝ դա իրենց գլխին բերելով, եւ պատերազմն ապացուցում է, որ նրանց ռազմավարությունը հենց սկզբից կեղծ էր։
– Ձեր խոսույթը կոշտ է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրերս կարծիք հայտնեց, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան «մարդիկ կարծում են»։ Սա նշանակում է, որ ռազմական նպատակներն իրագործվե՞լ են։
– Իսրայելի տեսանկյունից ռազմական նպատակները մի քանի օրվա ընթացքում իսկապես հասան վերջնական հանգրվանին. հարձակման ենթարկվեց առանցքային թիրախների 100%-ը եւ ոչ կարեւոր թիրախների ավելի քան 80%-ը։
– ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (NCTC) նախկին տնօրեն Ջո Քենթը, որը հրաժարական է տվել Իրանի դեմ պատերազմին դեմ լինելու պատճառով, հերքել է իսրայելական հետախուզության տվյալները եւ պնդել, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու եզրին չէր։ Նա նշել է, որ Իսրայելն ԱՄՆ-ին է դիմում «Իրանից բխող սպառնալիքների» կանխատեսումներով, սակայն դրանք սովորաբար չեն իրականանում։
– Ջո Քենթը լայնորեն դատապարտվեց թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից, երբ բացահայտեց իր հակասեմականությունը, նույնիսկ մեղադրեց Իսրայելին՝ ԱՄՆ-ի վրա սեպտեմբերի 11-ի հարձակման համար։ Նա սկզբից ճիշտ մարդը չէր՝ այս բարձր պաշտոնում նշանակվելու համար, գտնվում է ՀԴԲ-ի հետաքննության տակ՝ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի համար։ Ամերիկացիների մեծ մասը հիմա հասկանում է, որ նա ծայրահեղ աջ դավադիր է։
– Դա թողնենք ամերիկացիներին, իսկ տպավորությունն այն է, որ Թրամփն իրականում սպասարկում է հրեական լոբբինգի շահերը։ Այսինքն, Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվել է իսրայելական կողմի հզոր ազդեցության պատճառով։ Բացի այդ, քիչ չեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, որոնք դեմ են այս արյունահեղությանը եւ հոգնել են պատերազմներից։ Իսրայելում ի՞նչ տրամադրություններ են, մանավանդ որ երկիրը պատերազմում է մի քանի ճակատով, այդ թվում՝ Լիբանանում։
– Այս փաստարկը տարածված է բոլոր տեսակի հակասեմիտների՝ թե՛ ձախերի, թե՛ աջերի շրջանում, բայց շատ անմիտ է կարծելը, որ նախագահ Թրամփի նման մեկը կներքաշվի պատերազմի մեջ միայն Իսրայելի համար։ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է՝ կանխելու Իրանի միջուկային տերություն դառնալը։ Միացյալ Նահանգները ցանկանում է կանգնեցնել Չինաստանի ընդլայնումն այդ տարածքում եւ կառուցել ամերիկամետ երկրների առանցք այս տարածաշրջանում։ Նրանք ցանկանում են վերահսկել առեւտրային ուղիները, վերահսկել նավթի այս հատվածը՝ Չինաստանի հետ էներգետիկ աղբյուրների շուրջ մրցակցության մեջ։ Ոչ պակաս կարեւոր է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ ամերիկամետ արաբական պետություններին եւ, իհարկե, Իսրայելի նման հուսալի դաշնակիցներ պահելու համար պետք է նաեւ նվիրված լինել նրանց։ Սա միակողմանի փողոց չէ, այլ երկկողմանի փողոց է, որտեղ ԱՄՆ դաշնակիցները նվիրված են դրան եւ հակառակը, ուստի Իսրայելի կողմից Միացյալ Նահանգներին ներքաշելու վերաբերյալ այս բոլոր փաստարկները հակասեմական են։