Ագրեսիվ, քրեածին խոսքը՝ մանրու՞ք, թե՞ հասարակական վտանգ
Sat, 04 Apr 2026 19:45:19 +0400
Մանրուքներից է գոյանում աղբը։ Բայց երբ այդ «աղբը» տարիներով էկրաններից լցվում է մեր գլխին, դադարում է մանրուք լինելուց` դառնում է միջավայր, որը ձեւավորում է մարդուն։ Այսօր մեզ փորձում են համոզել, թե հայկական սերիալների գռեհիկ լեզուն, դրանցում տիրող ագրեսիան, քրեական մտածողության փառաբանումը երկրորդական խնդիրներ են` մանրուքներ։ Թե իբր՝ կան ավելի լուրջ հարցեր։ Այո՛, կան, բայց սա էլ անկարեւոր չէ` ամենանենգերից է, որովհետեւ գործում է աննկատ։ Խոսքը պարզապես խոսք չէ։ Խոսքը մտածողություն է, վարք է։ Եվ այն, ինչ այսօր հնչում է էկրանից, վաղը լսում են տանը, փողոցում։
Դիտեք ցանկացած սերիալ եւ կտեսնեք նմանօրինակ պատկերներ։ Բացահայտ քրեական անցյալ ունեցող մեկը ներկայացվում է որպես «հեղինակություն»։ Նրա խոսքը կոպիտ է, վիրավորական, սպառնալիքներով լի, բայց՝ «հարգված»։ Ասես ուղերձ են հղում հանրությանը՝ հարգանքը վաստակում են ոչ թե արժանիքով, այլ՝ վախ ներշնչելով, գռեհիկ խոսքով, անօրեն պահվածքով։ Մեկ այլ ուղերձ` տղամարդն իր սիրո օբյեկտին վերաբերվում է որպես սեփականություն՝ կոպտում է, ստորացնում, հրահանգներ տալիս։ Հետո զարմանում ենք, որ առօրյա կյանքում տեսնում ենք՝ ինչպես են հարաբերվում մայրն ու որդին, ամուսինները։ Սա իրական կյանքը չէ, այլ կյանքի խեղաթյուրում է։
Հումորային հաղորդումներ դիտենք` ծիծաղը կառուցվում է նվաստացման վրա, մեկին դարձնում են «թիրախ», եւ ամբողջ սրահը լիաթոք ծիծաղում է։ Կինոն կոլեկտիվ կոպտություն ու արհամարհանք է քարոզում։ Իսկ ամենավտանգավորը բառապաշարն է։ Լեզվի աղքատացումը մտքի աղքատության ապացույցն է: «Էսի», «էտի», «էնի», «դավայ», «այ դուռակ» եւ այլ թերատ խոսքեր, աղավաղված նախադասություններ, եւ դա՝ ոչ թե կերպարային առանձնահատկությունից բխող, այլ՝ համակարգային մոտեցմամբ։ Հերոսը չի կարողանում միտք ձեւակերպել, չի կարողանում հանգիստ խոսել՝ գոռում է, չի կարողանում բացատրել՝ վիրավորում է։ Բառապաշարն աղքատ է, բռնությունը սկսում է խոսել խոսքի փոխարեն։
Եվ սերիալային պարադոքսներ, հակասություններ, անհամոզիչ սյուժե` անբարոյական մարդը խոսում է «պատվից», հանցագործը պահանջում է «հարգանք», կոպիտը ներկայացվում է որպես «ուղղամիտ», լկտիությունը՝ որպես «ազատամտություն»: Իսկ ո՞ւմ պարզ չէ, որ հեռուստատեսությունն առաքելություն ունի՝ կրթել, դաստիարակել, բարձրացնել, մթնոլորտ ձեւավորել: Իսկ այն իջնում է ամենացածր մակարդակին եւ արդարանում՝ «ժողովուրդը սա է ուզում»։ Սա ոչ թե սոսկ կեղծիք է, այլ՝ վտանգավոր կեղծիք: Մեր ժողովուրդն ուզում է այն, ինչ իրեն տարիներով մատուցվել է։ Եթե նրան մշտապես կերակրում ես պարզունակությամբ ու գռեհկաբանությամբ, նա սկսում է դա ընդունել որպես բնական մի բան։
Եվ որտե՞ղ են պետությունը, կարգավորող մարմինները։ Տարիներ շարունակ խոսվում է չափորոշիչների, վերահսկողության, բովանդակության որակի մասին։ Իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը միայն ընդդիմադիր թիվիներին ճնշելու գործիք է դարձել եւ սերիալների նկատմամբ ոչ մի հսկողություն չի իրականացնում: Եվ ստացվում է, որ ոչ ոք չի հսկում սերիալների եւ հեռուստակոնտենտի որակի նկատմամբ:
Մի քանի օրինակ բերեմ սերիալային «գոհարներից». «Կյանքը սենց ա, ով ուժեղ ա՝ նա ա տիրում», «Սաղ կյանքը փող ա, մնացածը ֆալշ ա», «Ես քեզ ցույց կտամ՝ ով եմ ես»: Սերիալային մտածողությունը սեղմվում է երեք գաղափարի մեջ՝ ուժ, փող, գերիշխանություն։ Իսկ գռեհկաբանությունները խոսում են ոչ միայն լեզվի քայքայման մասին, այլեւ՝ արժեքների։ Լեզուն միայն մտածողության հայելին չէ, այլ նաեւ՝ «ճարտարապետը»։ Սերիալներն ու մեդիան ձեւավորում են «նորմալության» պատրանք: Երբ գռեհիկը դառնում է սովորական, բարեկիրթը սկսում է թվալ «արհեստական»: Մշակույթը կա՛մ բարձրացնում է մարդուն, կա՛մ սովորեցնում, որ ցածր լինելն է բնական: Եվ այստեղ ծագում է սոցիալական վտանգը՝ երեխաները կրկնօրինակում են սերիալային լեզուն, որն աղտոտում է միջավայրը: Ինչպես օդը, լեզուն էլ կարող է լինել թունավոր։
Եվ մենք ստանում ենք սերունդ, որի համար կոպտությունը դառնում է բնական, գոռոցը՝ ընդունելի, գռեհկությունը՝ սովորական։ Եվ այդ սերունդը նույն լեզվով է կառուցում իր հարաբերությունները, իր ընտանիքը, իր հասարակությունը։ Այս ամենը մանրո՞ւ ք է, թե՞ պետական կարեւորության խնդիր։ Հեռուստաեթերը չի կարող լինել անպատասխանատու տարածք։ Այն պետք է բարձրացնի մարդուն, այլ ոչ թե իջեցնի։ Իսկ լեզվական վարակներն ամենավտանգավորն են․ դրանք չեն երեւում, բայց քայքայում են ամեն ինչ եւ ձեւափոխում ամբողջ հասարակությունը: