«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի»․ Բագրատ Սրբազանի ուղերձը

«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի»․ Բագրատ Սրբազանի ուղերձը

Sun, 05 Apr 2026 22:15:10 +0400


«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» (Մարկ. ԺԶ:3-4)

Այս մտքերով ու մտահոգությամբ տարված, տագնապով պատված` թույլ ու անօգնական թվացող կանայք ընթանում էին դեպի Հիսուսի գերեզմանը:

Գիտակցում էին, որ դժվար է` գրեթե անհնար ու անկարելի, հեռացնել այն ծանր քարը, որ դրված էր Լույսի Ճանապարհին` իրենց երազների, ձգտումների, նպատակի իրականացման ու կյանքի վրա:

Սակայն, որքան էլ անհնար թվար, նրանք չկասկածեցին, չվարանեցին, այլ ընթացան, որովհետև իրենց նպատակն ու պատասխանատվությունը, պայքարի ու հաղթանակի ձգտումն ավելի մեծ էր, քան իրենց վախերն ու թվացյալ անզորությունը:

Եվ արձագանքը չուշացավ… քարը գլորվեց, լույսը ճառագեց և ձայնը գոչեց. «Մի’ վախեցեք, Քրիստոս Յարեա՜ւ»:

Այո’, քարը գլորվեց, որովհետև նրանք չվախեցան:

Նրանց համառ ընթացքը, ճշմարտության համոզմունքը, արդարության անպարտելիությունը, նպատակին հասնելու ձգտումը և անսակարկելի հավատքը գլորեցին այդ մեծ գերեզմանաքարը և ո’չ սոսկ անհույս հրաշքի սպասումը:

Նրանք հաղթեցին, որովհետև արդեն հաղթել էին, որովհետև չհամակերպվեցին, որովհետև չվախեցան և չընկրկեցին: Նրանք չսպասեցին և չակնկալեցին, որ որևէ մեկը իրենց փոխարեն կհեռացնի այդ ծանր քարը:

Այս փոքրիկ դրվագը իր համառոտությամբ առավելագույնս արտացոլում է մեր կյանքի իրականությունը` մեր ունեցած վախերի, տագնապների, կասկածների, մտահոգությունների մեծ քարին դեմ հանդիման կանգնած` մեր համառ ընթացքով, նպատակներով, երազներով ու ձգտումներով:

Այսօր, այդ չարիքի քարը կարծես դրված մեր երկրի և մեր ժողովրդի վրա: Եվ մենք գիտակցված կամ ակամա նույն հարցն ենք տալիս.

«Ո՞վ է գլորելու այդ քարը մեզ համար».

Ո’չ ոք, ո’չ անհույս հրաշքի սպասումը, և ո’չ այլ ինչ պատանք, այլ միայն դո’ւ և դո’ւ, մե’նք և մե’նք, մեր նպատակով, մեր երազներով, պատասխանատվությամբ և աննահանջ կամքով ու սիրով`

Վախին հակադրելով քաջությունը,

Անզորությանը` հույսը և կամքը,

Կասկածին` հավատքն ու վստահությունը,

Ստին` ճշմարտությունը,

Կեղծիքին` արդարությունն ու հավատարմությունը,

Անորոշությանը` նպատակն ու երազի իրականացումը,

Հարմարվելուն` համառ ընթացքը և պատասխանատվությունը,

Ատելությանը` սերն ու հաշտությունը:

Եվ կգլորենք այդ քարը մեր վրայից, կգլորենք անպայման ու անկասկած:

Եվ վստահաբար, կլսենք ու կտեսնենք ու կպատմենք, որ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»:

Նա ո՜ղջ է, ինչպես և դուք, ինքներդ ձեզ մի սպանեք և, առավել ևս, մի փնտրեք մեռելների մեջ:

Եվ այդ քարը մե’նք կգլորենք… Այն չի ուշանա…

Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,

Մեծ Ավետիս բոլորիս:

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

05.04.2026

Տօն Սբ Յարութեան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալեքսանյանները տժժում են «Փարվանայում»

Ալեքսանյանները տժժում են «Փարվանայում» Sat, 02 May 2026 00:21:02 +0400 Ինչպես երեկ գրել էինք, բոլոր…

54 րոպե ago

Պատմելու եմ դրանց մասին. շատ վատ բաներ եմ տեսնում

Պատմելու եմ դրանց մասին. շատ վատ բաներ եմ տեսնում Fri, 01 May 2026 23:45:28 +0400…

1 ժամ ago

Գալիս է մի տարիք, երբ երկու մոմ պետք է փչես

Գալիս է մի տարիք, երբ երկու մոմ պետք է փչես Fri, 01 May 2026 23:30:22…

2 ժամ ago

2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ Կարապետյան

2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ Կարապետյան Fri, 01 May…

2 ժամ ago

Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է

Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Fri, 01…

2 ժամ ago

Որ ըմպելիքն է համարվում «ծերացման գլխավոր թշնամին»

Որ ըմպելիքն է համարվում «ծերացման գլխավոր թշնամին» Fri, 01 May 2026 23:00:59 +0400 Դիետոլոգ Վել…

2 ժամ ago