«Հրապարակ». Ռուսաստանի հետ կապված միջին բիզնեսին վատ օրեր են սպասվում

«Հրապարակ». Ռուսաստանի հետ կապված միջին բիզնեսին վատ օրեր են սպասվում

Tue, 07 Apr 2026 10:45:27 +0400


Մոսկվան ու Երեւանն այս օրերին ակտիվորեն քննարկում են Պուտին-Փաշինյան ոչ ստանդարտ շփումը: Կիրակի Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, «Ռոսիա» հեռուստաալիքի «Պուտին-Կրեմլ-Մոսկվա» հաղորդման ժամանակ կարծես դիմելով Հայաստանի ժողովրդին, ասաց. «Դուք ունեք ինտեգրացիա՝ ԵԱՏՄ-ի տեսքով, եւ դուք այնտեղ փողեր եք աշխատում ու ոչ փոքր փողեր: Եվ ձեր անդամությունը ԵԱՏՄ-ին հնարավորություն է տալիս ձեզ՝ զարգանալ արագընթաց տեմպերով: Դրանք շատ ավելի բարձր են ԱՊՀ միջին ցուցանիշից եւ, իհարկե, անհամեմատ բարձր, քան մեզ մոտ՝ Ռուսաստանում: Եվ մենք ասում ենք, որ որոշակի փուլում, եթե դուք շարունակեք գնալ Եվրամիության հետ, ապա մեր երկու համակարգերը չեն համադրվում, դրանք տարբեր օպերացիոն համակարգեր են: Եվ ինչ-որ պահի դուք պետք է ընտրություն կատարեք: Բայց հայկական կողմը համարում է, որ ներկայիս պահին ԵԱՏՄ-ին ոչինչ չի խանգարում, ոչինչ չի սպառնում, իսկ եթե նման իրավիճակ առաջանա, նրանք կդիտարկեն այն, կողմն ու դեմը կհաշվեն։ Սա եւս սուվերեն դիրքորոշում է, բայց շատ կարեւոր է, որ Երեւանում սա հասկանում են»: Անհամեմատ ավելի կտրուկ է արտահայտվում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Առաջին ալիքի եթերում նա զգուշացնում է, որ եթե Հայաստանն անդամակցի ԵՄ-ին, կդադարեցվի ավիահաղորդակցությունը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ. «Եվրոպական Միության երկրների հետ հիմա ավիահաղորդակցություն չկա։ Սա նշանակում է, որ Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա»:

Ռուս պաշտոնյաների նմանատիպ հայտարարությունների հանդեպ հատկապես զգայուն է միջին բիզնեսը` Հայաստանում եւ Ռուսաստանում: Խոշորն էլի մի բան կգտնի, բայց միջին բիզնեսին վատ օրեր են սպասվում: Ապրիլի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, որը նվիրված էր ԱՊՀ 35-ամյակին, Հայաստանից որեւէ ներկայացուցիչ չի եղել, ինչը նշանակում է, որ Հայաստանը պասիվանում է նաեւ ԱՊՀ հարթակներում: Այս մասին մեզ հայտնեց ֆորումին մասնակցած մեր հայրենակիցը` Ռուսաստանում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը: Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նրա գիտական թեզի թեման է եղել: Նա ասում է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի հնչեցրած նախազգուշացումը, թե Հայաստանը չի կարող լինել ԵԱՏՄ-ում ու մյուս կողմից լիարժեք անդամ լինել ԵՄ-ում, մեր հարաբերություններում նոր ու վտանգավոր իրավիճակ է ստեղծել:

«Նախկինում հակառակն էր՝ առավելություն էր համարվում այն, որ Հայաստանը լիարժեք անդամակցում էր ԵԱՏՄ-ին, եւ Հայաստանի միջոցով իրենք հնարավորություն ունեին հարաբերվել նաեւ մյուս կառույցների հետ եւ առաջին հերթին ԵՄ-ի, ինչպես նաեւ՝ Իրանի վրա դուրս գալ: Սա Հայաստանի յուրահատկությունն էր, որն արժեւորում էր մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Պուտինը նշում է ֆիտոսանիտարական հսկողության մասին, որը ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում տարբեր է, հետո գնաց նախազգուշացումը գազի մասին, ինչից ենթադրվում է, որ գազը եւս կթանկանա: Մի խոսքով, այն ամենի շուրջ, ինչի մասին մենք քաղաքագետներով միշտ մտահոգված խոսում էինք, նկատի ունենալով, թե ինչքան հայեր կան ՌԴ-ում, տեսախցիկների առաջ խոսեց նաեւ ՌԴ նախագահը: Մենք շատ արագ հասանք այն կետին, որից ես ու ինձնմանները շատ վախենում էինք: Եթե գնա հարաբերությունների վատթարացում, դա առաջին հերթին անդրադառնալու է Հայաստան-Ռուսաստան առեւտրի, տրանսպորտի, մի շարք այլ ոլորտների վրա, ինչը միանշանակ կհարվածի ՀՀ քաղաքացու ապրելակերպին»,- ասում է Մարիամ Հովսեփյանը:

Պուտինը փորձեց նաեւ Արցախի թեմայով շահարկումներին վերջ դնել: «Եթե մինչ այդ Հայաստանի բնակչությունը կերակրվում էր այն տեղեկություններով, թե ռուսները չօգնեցին, ռուսները չարեցին, այս պահին նախագահի մակարդակով խոսվեց այն մասին, որ իրենք չէին կարող անել ոչինչ, եթե Հայաստանի վարչապետը Պրահայում ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Կարծում եմ, սրանով այս հարցը կարելի է փակված համարել Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում»,- նշեց Մարիամ Հովսեփյանը: Նա հաջորդ օրը լսելով Օվերչուկի հարցազրույցը՝ հասկացել է, որ նրանք, ովքեր նախկինում ասում էին, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, «մերը բիզնեսն է», այժմ իրենց կաշվի վրա են զգալու քաղաքական դաշտում փոփոխությունները: «Ես հաճախ եմ լինում Հայաստանում, տեսնում եմ գյուղացիների ու գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համակրանքը Փաշինյանի հանդեպ: Հետաքրքիր է, երբ իրենք իրենց գրպանի վրա զգան տարբերությունը, արդյոք համակիր կմնա՞ն Փաշինյանին»:

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ցույցերին Մարիամը չի մասնակցել, բայց նկատել է, որ դրանք սիստեմատիկ են: «Չեմ հիշում, որ նախկինում այսքան հեշտ արտոնեին ցանկացած թեմայի շուրջ ցույցեր կազմակերպելը: Եթե մարդիկ հեշտությամբ թույլտվություն են ստանում՝ հաճախակի ցույցեր անելու, ունեն լուսաբանում ռուսական առաջին ալիքի եւ մի շարք ֆեդերալ ԶԼՄ-ների մակարդակով, ապա սա նույնպես Ռուսաստանի դիրքորոշումը բացահայտող մի բան է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի համար որոնք են ամենակարևոր խնդիրները. հարցման արդյունքներ

Հայաստանի համար որոնք են ամենակարևոր խնդիրները. հարցման արդյունքներ Tue, 07 Apr 2026 12:57:59 +0400 Տեղի…

14 րոպե ago

«Որ ուժին կքվեարկեք, եթե կիրակի ընտրություններ լինեն». հարցման արդյունքներ

«Որ ուժին կքվեարկեք, եթե կիրակի ընտրություններ լինեն». հարցման արդյունքներ Tue, 07 Apr 2026 12:51:47 +0400…

20 րոպե ago

Ահա թե ինչու են դիմում կտրուկ գործողությունների

Ահա թե ինչու են դիմում կտրուկ գործողությունների Tue, 07 Apr 2026 12:44:23 +0400 «Ընտրական գործընթացում…

27 րոպե ago

Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է

Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է Tue, 07…

30 րոպե ago

Ձեթոտ պեռաշկի՝ ավտոբուսում. այ սա շատ հավանական է

Ձեթոտ պեռաշկի՝ ավտոբուսում. այ սա շատ հավանական է Tue, 07 Apr 2026 12:40:02 +0400 Գրել…

32 րոպե ago

Այսօր Մայրության եւ Աստվածածնի Ավետման տոնն է

Այսօր Մայրության եւ Աստվածածնի Ավետման տոնն է Tue, 07 Apr 2026 12:37:37 +0400 Ավետումը Սուրբ…

34 րոպե ago