«Հրապարակ». Խառնակ վիճակ եւ երկիշխանություն Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում
Tue, 07 Apr 2026 11:45:18 +0400
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մարտի 2-ին որոշել է Անահիտ Ջուլհակյանին ազատել Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2021թ․ մարտի 1-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։ Մարզպետը նույն օրը մեկ այլ Ջուլհակյանի` Շուշանիկ Ջուլհակյանին, նշանակել է Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող՝ մինչեւ այդ պաշտոնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրենի ընտրությունը (նշանակումը):
Անահիտ եւ Շուշանիկ Ջուլհակյանները հեռու ազգականներ են։ Բերդ քաղաքից մեզ հայտնեցին, որ Շուշանիկը մասնագիտությամբ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է, սակայն մինչեւ դպրոցի տնօրենի պարտականություններ կատարող նշանակվելը, 2023-ից Բերդի թիվ 1 դպրոցում աշխատել է որպես մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ։ Նա դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցելու արտոնագիր չունի։ Թեեւ մարզպետի որոշումներից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն այդ դպրոցում գույքի հանձնում-ընդունում չի կատարվել։ Բերդից տեղեկացանք, որ Ա․ Ջուլհակյանը դուրս չի գալիս տնօրենի աշխատասենյակից, ուստի Շուշանիկն ամբողջ օրն անցկացնում է ազատ դասարաններում: Անահիտը դասղեկների միջոցով ծնողներին կանչում է իր սենյակ՝ խնդիրներ քննարկելու եւ լուծում գտնելու համար, ինքն է դասացուցակ փոխում, հրամաններ տալիս։
Ըստ էության, տնօրենի պարտականություններն է իրականացնում: Հիմա դպրոցում անառողջ մթնոլորտ է, եւ կոլեկտիվը բաժանվել է մասերի: Օրինակ, մեզ փոխանցում են, որ կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Ջուլհակյանը որպես տնօրեն պաշտոնավարելով՝ համատեղությամբ թույլատրվող 8 դասաժամ պարապելուց զատ, եւս 2 դասաժամ է պարապել, սակայն այդ ժամերը գրվել են ուրիշի անունով։
Զանգահարեցինք Շուշանիկ Ջուլհակյանին` նոր պաշտոնակատարին։ Նա ասաց, որ այդ պահին զբաղված է, որ հետո զանգահարենք, եւ այդպես էլ չպատասխանեց զանգերին։ Զրուցեցինք նախկին տնօրենի` Անահիտ Ջուլհակյանի հետ։ Նա ասաց, որ դպրոցի կնիքը Շուշանիկ Ջուլհակյանի մոտ է։ 60-ամյա Ա․ Ջուլհակյանը հայտնեց, որ մասնակցում է դպրոցի տնօրենի թափուր հաստիքը զբաղեցնելու մրցույթին, առաջին՝ գրավոր փուլն անցնելու համար 2 միավոր չի հերիքել, իր կողմից աշխատանքում ուղղումներ են կատարվել, որի արդյունքում այդ փուլը հաղթահարել է։ Սակայն դեռ կա մրցույթի եւս մի փուլ։ Ա․ Ջուլհակյանը ժխտեց, որ ինքն ապօրինի կերպով 2 դասաժամ պարապում է, ասաց, որ ապրիլի 6-ին, օրվա երկրորդ կեսին դպրոցի գույքի հանձնում-ընդունում է կատարվելու։ Կրթօջախում տիրող երկիշխանության վերաբերյալ էլ նշեց, որ Շուշանիկ Ջուլհակյանի՝ տնօրենի պարտականությունները կատարող լինելը չի նշանակում, որ նա դպրոցի տնօրենի պաշտոնակատար է, դրանք տարբեր կարգավիճակներ են։ Սնահիտի խոսքերով, «իր՝ տնօրեն լինելն ընթացքի մեջ է», տնօրենի հաստիքը զբաղեցնելու մրցույթի արդյունքում, այժմ դպրոցում ինքն աջակցում, խորհրդատվություն է իրականացնում։ Հարցրի՝ ճի՞շտ է, որ մասնակցել է մի քանի օր առաջ կայացած ՔՊ կուսակցության 8-րդ համաժողովին։ Սկզբում ժխտեց, հետո խոստովանեց` պնդելով, որ դա կապ չունի դպրոցի հետ: Հարցրի նաեւ` ճի՞շտ է, որ բնակարան է գնել ե՛ւ Բերդ քաղաքում, ե՛ւ Երեւանում։ Ասաց, որ Բերդի բնակարանը 10 տարի Չինաստանում աշխատած, այժմ ԱՄՆ-ում ապրող իր աղջիկն է գնել՝ իր աշխատած գումարներով, իսկ Երեւանի բնակարանն ընտանիքով` վարկով են գնել։ Խոսելով Շուշանիկ Ջուլհակյանի մասին՝ Անահիտն ասաց, որ վերջերս իմացել է, որ նա աղանդավորական, կրոնական ինչ-որ ուղղության հետեւորդ է, սակայն ինքն այդ մասին աշակերտների ծնողների հետ հարկ չի համարել խոսել։
Ասաց նաեւ, որ գիտի, թե ով է իր դեմ բողոքում։ Հարցրի նաեւ, որ մեզ տեղեկացրել են, թե դպրոցում անվճար սնունդ ստացող աշակերտներից ամսական 1000 դրամ են հավաքում։ Հայտնեց, որ օրական աշակերտներից 50-ական դրամ են հավաքում, որն ամսվա կտրվածքով կարող է 550 կամ 600 դրամ կազմել, քանի որ անվճար սնունդը չոր է, այն պետք է մշակվի, դպրոցի ճաշարանում եփվի, ամանները լվանալու հեղուկներ պետք է գնվեն, դրա համար է դրամահավաքը, որն իրականացվում է 2010 կամ 2012 թվականից` մարզի բազում դպրոցներում։
Մարտի 30-ին կատարած հարցումիս ի պատասխան, մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Դրամահավաքության վերաբերյալ Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկատվություւն չի ստացել»։ Մարզպետի աշխատակազմում ոչ միայն մարզի դպրոցներում տարիներ շարունակ կատարվող դրամահավաքությունից են անտեղյակ, այլեւ ավելի քան մեկ ամիս Բերդի թիվ 1 դպրոցում տիրող երկիշխանության, քանի որ մարզպետն ու կրթության վարչությունը միջոցներ չեն ձեռնարկել՝ դրան վերջ դնելու, գոնե դպրոցում գույքի հանձնում-ընդունում կատարելու համար։
Թեեւ մարզպետի աշխատակազմի կայքը հայտնում է, որ մարզպետ Ղալումյանը մարտի 10-ին եւ 24-ին աշխատանքային այցեր է կատարել Բերդ համայնք։ Թե ինչու մարզպետը չի այցելել իր ենթակայությամբ գործող, 351 աշակերտ ունեցող Բերդի թիվ 1 դպրոց, չգիտենք։ Գուցե պատճառն այն է, որ ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի 49-րդ համարը զբաղեցնող Հայկ Ղալումյանին պետք է, որ ՔՊ ակտիվիստ, կուսակցության 8-րդ համաժողովի մասնակից Անահիտ Ջուլհակյանը մնա դե ֆակտո տնօրեն։ Առջեւում հունիսի 7-ն է, ԱԺ ընտրություններում իշխող կուսակցության համար քվեներ ապահովելու խնդիր կա։