Սամվել Կարապետյան․ արգելված անուն, ազդեցիկ ուժ
Tue, 07 Apr 2026 20:20:35 +0400
Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ն, կամ հենց Նիկոլ Փաշինյանը, փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։
Ընտրությունից ընդամենը երկու ամիս առաջ նման նախագիծը ոչ միայն իրավական, այլև քաղաքական տրագիկ տարրեր ունի։
Իշխանության քայլերը վկայում են Փաշինյանի հիմնական բնութագրի մասին․ նա շատ ավելի մեծ վնաս հասցնում է ինքն իրեն, քան արտաքին հակառակորդները կարող էին։
Սկզբում դա երևաց ազգային բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ։ Դա լայն շրջանակներում ընկալվեց ոչ թե որպես իրավական գործընթաց, այլ որպես վախի սինդրոմի դրսևորում՝ ուղղված պոտենցիալ մրցակցի կամ ազդեցիկ դեմքի չեզոքացմանը։ Կարճ ժամանակում Սամվել Կարապետյան-ի վարկանիշի կայծակնային աճը վկայեց, որ հանրության գերակշիռ հատվածը հակված է իր դժգոհությունն արտահայտել գործող իշխանության դեմ՝ աջակցելով այլընտրանքային ֆիգուրներին։
Իսկ հիմա, երբ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքից հանվեց նրա անունը, պարզ է, որ պայքարն արդեն ոչ թե մարդու, այլ նրա ազդեցության և խորհրդանշական ներկայության դեմ է։
Հանրային այդ վերաբերմունքը պայմանավորված էր ոչ միայն սոցիալ-տնտեսական կամ կառավարման խնդիրներով, այլ նաև արժեքային հակադրությամբ։ Հանրությունը դեմ էր այն ղեկավար կոչեցյալին, ով պայքարում է ազգային արժեքների, Եկեղեցու դեմ, ով պարտությունների խորհրդանիշ է։
Փաշինյանը երկրորդ քաղաքական հարվածը հասցրեց ինքն իրեն՝ Ազգային ժողովում անցկացնելով այն նախագիծը, որով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքից հանվեց Սամվել Կարապետյանի անունը։ Սա ընկալվում է ոչ թե որպես իրավական տեխնիկական փոփոխություն, այլ որպես քաղաքական հաշվեհարդար կամ վախի դրսևորում։
Ստացվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը պայքարում է ոչ միայն քաղաքական մրցակիցների, այլ նույնիսկ նրանց անվան, ազդեցության և խորհրդանշական ներկայության դեմ։ Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք, որը անտեսվում է՝ նման քայլերով իշխանությունը նախ և առաջ հարվածում է ինքն իրեն, սեփական լեգիտիմությանը։
Քաղաքական համակարգում մրցակցությունը սահմանափակելու փորձերը կարճաժամկետ կարող են լուծել մարտավարական խնդիրներ, բայց երկարաժամկետ խորացնում են անվստահությունը և ուժեղացնում ընդդիմադիր տրամադրությունները։ Իսկ երբ իշխանությունը սկսում է գործել պաշտպանական և ռեակտիվ տրամաբանությամբ, դա արդեն խոսում է ոչ թե ուժի, այլ համակարգային անվստահության և ներքին ճգնաժամի մասին։ Իշխանությունը փորձում է կանգնեցնել ազդեցիկ գործչի ազդեցությունը, բայց իրականում խարխլում է իր քաղաքական գոյությունը։