«Հրապարակ»․ Տնկիներ, ծաղիկներ, ջուր, կոնյակ արտահանելու արգելքներ են սահմանվել
Wed, 08 Apr 2026 11:15:47 +0400
Հայաստանից դեպի Ռուսաստան բեռներ տեղափոխող ֆուռերը պարբերաբար խնդիրների են բախվում, եւ արտահանման հետ կապված արգելքները հատկապես կիրառվում են քաղաքական նպատակներով: Մենք այս տարիներին բազում նման իրավիճակների ենք բախվել, երբ հայկական բեռնատարները «լռվում» էին Վրաստանում կամ Լարսում, կամ Ռուսաստանն էր արգելքներ սահմանում: Հիմա կրկին սկսել են խոսել մի շարք ապրանքների հետ կապված գործող սահմանափակումների կամ արգելքների մասին, եւ դրա զանգը հնչեց մի քանի օր առաջ՝ Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ։
«Հրապարակ»-ի հետ զրույցում արտահանմամբ զբաղվող վարորդներից մեկը (չցանկացավ անունը հրապարակել) մեզ հայտնեց, որ 2 օր առաջ իրեն թույլ չեն տվել հատել սահմանը՝ մեքենան հետ են ուղարկել Հայաստան․ «Մեքենան բեռնված էր տնկիներով, որոնք պետք է տեղափոխեի Ռուսաստան, հայկական անցակետն առանց խնդիր անցա, իսկ վրացական անցակետում, առանց ստուգումների ու բացատրությունների, թույլ չտվեցին անցնել սահմանը, հետ ուղարկեցին Հայաստան»։
Նրա խոսքով, բացի տնկիների արտահանումից, արգելքների է հանդիպել ծաղիկների արտահանման ժամանակ, ինչպես նաեւ՝ կոնյակի ու ջրի։ Հարցին՝ կա՞ն այնպիսի ընկերություններ, որոնց բեռները թույլ չեն տալիս անցկացնել՝ պայմանավորված բեռի սեփականատիրոջ ով լինելով, նա նշեց․ «Մենք տեղափոխումն իրականացնելուց աշխատում ենք լոգիստիկ ընկերությունների հետ, հաճախ չենք էլ իմանում, թե որ ընկերության բեռն ենք տեղափոխում»։ Այսինքն, նման մոտեցումը վերաբերում է առհասարակ հայկական ապրանքներին` կարեւոր չէ, թե որ ընկերությանն են պատկանում:
Մեզ հետ զրույցում լոգիստիկ «Դավիան գրուպ» ՍՊԸ-ից հայտնեցին, որ ավելի շատ խնդիրներ կան ներկրման ժամանակ՝ Վրաստանի հետ։ Վրացական կողմը մեքենաները հաճախ ուղարկում է խոր զննման եւ, անկախ բեռի պարունակությունից, 500 դոլարից մինչեւ մի քանի հազար դոլար գումար է պահանջում, որպեսզի թույլ տա իր տարածքով բեռները տեղափոխել։ «Արտահանման հետ կապված խնդիր ունենք հողով ծառերի, ծաղիկների, կոնյակի մասով։ Կոնյակը կարող են ուղարկել Թբիլիսիի խոր զննման անցակետ, ու այնտեղ մնա մոտ 1 ամիս, ու մինչեւ վճարում չեն անում՝ նվազագույնը 600 դոլար, թույլ չեն տալիս, որ բեռը տեղափոխեն։ Օրինակ, հեղուկ գազի ներկրման դեպքում մեկ մեքենայի համար վրացական կողմը 5 հազար դոլար գումար է վերցնում, ինչն էլ էականորեն ազդում է գազի ինքնարժեքի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։ Սա այն գումարն է, որն արդեն մեկ տարուց ավելի գանձում են վրացիները, որն անօրինական է, եւ որի մասին ահազանգերին ի պատասխան, ՀՀ վարչապետն ու էկոնոմիկայի նախարարն ասում էին` դիմեք իրավապահներին:
Հարցին, թե կա՞ն բեռներ կամ ընկերություններ, որոնց բեռների մասով արգելք է գործում ռուսական կողմից, ոչ թե Վրաստանից, ընկերությունից նշեցին, որ ժամանակ առ ժամանակ նման դեպքեր լինում են․ «Հիմնականում դրանք լինում են իրավիճակային, վերջին շրջանում նման խնդրի բախվել ենք ջրեղեն, հյութ արտահանելու հետ կապված, հողով ծառերի ու ծաղիկների հետ կապված։ Բեռներն ուղարկում են խորը զննման, ինչը հավելյալ ծախս է, օրինակ, միայն բեռը դատարկելու եւ բարձելու համար անհրաժեշտ է 60 հազար ռուբլի վճարել։ Բացի դա, եթե մեքենան մի քանի օր կանգնում է, այդ դեպքում վարորդին եւս օրապահիկ պետք է վճարել»։