Ում կընտրի Գյումրին

Ում կընտրի Գյումրին

Wed, 08 Apr 2026 15:15:39 +0400


Գյումրին միշտ էլ քաղաքական տրամադրությունների յուրահատուկ «ջերմաչափ» է եղել․ այստեղ ոչ միայն ընտրում են, այլև՝ չափում խոսքի ու գործի տարբերությունը։ Առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքում արդեն զգացվում է թե՛ սպասում, թե՛ թերահավատություն, ու ամենակարևորը՝ գյումրեցուն հատուկ անկեղծություն։

Շատերը չեն խնայում քննադատությունը՝ ուղղված գործող իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյան-ին։ «Ի՞նչ էրեց, ուր հասցրեց մեզ» հարցը հնչում է գրեթե ամեն երկրորդ գյումրեցու հետ զրույցում։

«Ըսեցին՝ լավ կեղնի, բայց գնալով վատացավ, ըսեցին՝ ապագա կա, ներկան փչացրին»,– ասում է մի տղամարդ՝ շեշտելով, որ մարդկանց մոտ հիասթափությունն արդեն վերածվում է զայրույթի։

«Էս ի՞նչ ա՝ սրտիկներով ու լայքերով, Ֆեյսբուքում երկիր են կառավարում»,– խոսելու ցանկություն չունենալով՝ հեռանում է երիտասարդ կինը։

Մի տարեց կին, այնուամենայնիվ, գոհ է՝ նշելով, որ եղած փոփոխությունն ու հաստատված խաղաղությունը շատերը չեն նկատում։
Միևնույն ժամանակ, քաղաքացիների մի մասի համար անընդունելի են նաև վերջին շրջանի մի շարք զարգացումներ։ Մասնավորապես՝ գյումրեցիներին մտահոգում է իրենց ներկայիս ընդդիմադիր քաղաքապետի կալանավորված լինելու փաստը, որը շատերը դիտարկում են որպես լուրջ խնդիր։ «Էդ արդեն քաղաքական չի, դա մարդկանց վրա ճնշում ա»,– ասում է մի անցորդ։

Քաղաքացիներից ոմանք էլ դժգոհում են, որ Սրբազանի նկատմամբ սահմանափակումներ կան։
«Նախկինի նման չի․ մտնում ես եկեղեցի, սպասում ես պատարագի, բայց Սրբազանը չի մատուցում, ուղղակի մասնակցում ա։ Էդ էլ իր հերթին ցավ ա մարդկանց համար»,– նշում է տիկին Սաթենիկը՝ ընդգծելով, որ եկեղեցին գյումրեցու կյանքում կարևոր տեղ ունի, իսկ Միքայել սրբազանի դերը՝ առավել ևս։

Ուշագրավ է նաև, որ գյումրեցիների մոտ քաղաքական դաշտում նոր ու հին ուժերի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Մեր զրուցակիցներից շատերը «Ուժեղ Հայաստան» խմբակցության հետ հույս են կապում՝ հատկապես Սամվել Կարապետյանի անվան հետ։
«Գոնե գործ անող մարդու հոտ ա գալիս»,– ասում է մի գյումրեցի։

Հետաքրքիր է նաև, որ որոշ քաղաքացիներ ակնկալիքներ ունեն նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ այն դիտարկելով որպես հնարավոր այլընտրանք։

«Թող գան, տեսնենք՝ ինչ կկարողանան անել, գոնե փորձված ուժ ա»,– ասում է մի նախկին զինվորական։
Հանդիպեցին նաև նախկին իշխանությունների նկատմամբ նոստալգիկ վերաբերմունք ունեցողները։ Մի տղամարդ էլ Ռոբերտ Քոչարյանին է ուզում տեսնել երկրի ղեկին։

«Ինչ ուզում եք ըսեք, իր ժամանակ կայունություն կար, բանակ կար, տղես իր օրոք է ծառայել, հեչ մե օր մտքովս վատ բան չի անցել։ Հըմի թոռս բանակում է՝ քուն ու դադար չկա…»,– ասում է նա՝ չցանկանալով ավելին մանրամասնել։
Քաղաքում շատերը նշում են նաև սոցիալական խնդիրների ծանրությունը՝ գործազրկություն, արտագաղթ, կոմունալ բեռ։
«Էդ հարցերը չլուծեն՝ ինչ ընտրություն, ինչ բան»,– ասում է երթուղուն սպասող կինը։
Միևնույն ժամանակ, հումորը երբեք չի լքում գյումրեցիներին։

«Մեր ընտրությունը հումորով էլ ա, լուրջ էլ ա, բայց վերջում կտեսնիք` էլի մենք մեզ կընտրենք»,–կատակում են խմբված երիտասարդները։

Այսպիսով, Գյումրիում ընտրությունների նկատմամբ մոտեցումը բազմաշերտ է՝ հիասթափությունից մինչև հույս, անտարբերությունից մինչև ակտիվ մասնակցության պատրաստակամություն։ Նկատենք նաև, որ Գյումրին իշխանության համար երբեք հեշտ քաղաք չի եղել․ այստեղ իշխանությունը սովորաբար ավելի շատ պարտվել է, քան հաղթել։ Այսօր էլ ստեղծված իրավիճակում, երբ ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալման փաստը շարունակում է մնալ օրակարգում, իսկ Սրբազանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ ու ճնշումներ, մի բան հստակ է՝ դա անմիջապես արտացոլվում է հասարակական տրամադրությունների վրա։
Եվ հենց այդ տրամադրություններից դատելով՝ պարզ է դառնում, որ իշխանության համար Գյումրիում այս անգամ էլ հեշտ չի լինելու։ Ավելին՝ շատերը չեն բացառում, որ ընտրական գործընթացը կարող է նոր անակնկալներ բերել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհահռչակ երաժշտի կիթառը կվաճառվի աճուրդով

Աշխարհահռչակ երաժշտի կիթառը կվաճառվի աճուրդով Wed, 08 Apr 2026 23:00:06 +0400 Oasis աշխարհահռչակ բրիտանական ռոք…

11 րոպե ago

Լուսինե Թովմասյանն առաջին անգամ ցույց է տվել իր դստերը․ լուսանկար

Լուսինե Թովմասյանն առաջին անգամ ցույց է տվել իր դստերը․ լուսանկար Wed, 08 Apr 2026 22:45:54…

26 րոպե ago

«Հաղթեցինք Իրանին, նա էր հրադադար աղերսում»․ ամերիկյան ցինիզմ

«Հաղթեցինք Իրանին, նա էր հրադադար աղերսում»․ ամերիկյան ցինիզմ Wed, 08 Apr 2026 22:30:54 +0400 Մինչ…

41 րոպե ago

Նոր զարգացումներ. ո՞վ է հիմնական թեկնածուն

Նոր զարգացումներ. ո՞վ է հիմնական թեկնածուն Wed, 08 Apr 2026 22:15:28 +0400 Իտալիայի գործող չեմպիոն…

56 րոպե ago

Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Բաղդասարյան

Միացել եմ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Բաղդասարյան Wed, 08 Apr 2026 22:14:58 +0400…

57 րոպե ago

Նեթանյահուն Թրամփից «դաբրո» է ստացել ու հարվածել Լիբանանին․ հրադադարը խախտված է

Նեթանյահուն Թրամփից «դաբրո» է ստացել ու հարվածել Լիբանանին․ հրադադարը խախտված է Wed, 08 Apr 2026…

1 ժամ ago