Ազգովի ղուրբան եղանք ցածրակարգ մարդու «բարձրակարգ» զավակներին
Wed, 08 Apr 2026 17:15:16 +0400
«Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»,- լրագրողների հետ զրույցում իր ձագով հպարտանում է ագռավը, որի անունն է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան։ Սա նման է մի տխրահռչակ ՔՊ-ականի ասածին, թե մեզ միայն զինվորներ չեն հարկավոր, այլ նաեւ՝ գլուխներ։ Ահա՝ Անդրանիկ Քոչարյանի տղան էլ երեւի այդ գլուխներից մեկն է։
Ինչպես է նա որոշել, որ իր որդին բարձրակարգ է, ավելի բարձրակարգ, քան 44-օրյա պատերազմում զոհված հրաշք սերունդը։ Իրականում, բարձրակարգ երիտասարդների գլխին պատուհասած պատերազմի հեղինակներից ու արդարացնողներից մեկը պարծենում է, թե ինքն ունի բարձրակարգ որդի։ Նրա բարձրակարգ որդին կարող էր գնալ բանակ եւ բարձրակարգ ծառայություն մատուցել հայրենիքին։ Մինչդեռ հայրենիքին ամենաբարձրակարգ ծառայությունը մատուցեցին տղաներ, որոնց ծնողներն անգամ չէին հասցրել նրանցով հպարտանալ, նրանք էլ չէին կարողացել ամբողջությամբ ցույց տալ իրենց գիտելիքներն ու տաղանդները։ Հազարավոր տղաներ՝ շատ արժանավոր ծնողների զավակներ, զոհվեցին հանուն հայրենիքի, որպեսզի Անդրանիկ Քոչարյանն ու իր նմաններն ուրանան Արցախը, առ ոչինչ գնահատեն տղաների սխրանքը, շարունակեն պաշտոնավարել այդ զոհերի ու կորուստների գնով ու հավակնեն էլի շարունակել պաշտոնավարել՝ իրենց անհիմն մեծացած էգոյով, գոռոզամտությամբ, պոռոտախոսությամբ, նյարդախախտ անելով ողջ հանրությանը։
Մենք չգիտենք, թե ով է Անդրանիկ Քոչարյանի որդին, ինչով է նա բարձրակարգ, ինչ գիտելիքներ ունի, որոնք այդքան շատ են ու որակյալ, որ նա իրավունք ունի ծառայած չլինել, ու ինքը, որպես հայր, իրավունք ունի այդպես հպարտանալ ծառայության համար չափազանց բարձր կարգ ունեցող իր զավակով։ Բայց մի բան վստահաբար կարող ենք ասել, որ ծառայության համար հենց բարձրակարգ գիտելիքներ էլ պետք են, ծառայությունը պատիժ չէ, որ հասնում է անգրագիտության համար։ Եվ, վստահաբար, 44-օրյա պատերազմում զոհված տղաներից յուրաքանչյուրը, բացի գիտելիքներից, որ նրանք ունեին, նաեւ բարձրակարգ էին, որովհետեւ հերոս են, անձնազոհ, արժեքներ կրող մարդիկ, ովքեր գիտեին, որ կա աշխարհում մի բան, հանուն որի հնարավոր է եւ արժե զոհել ամենաթանկը՝ կյանքը։
Պատերազմից հետո ես բազմաթիվ զոհված տղաների տներ եմ այցելել, խոսել եմ ընտանիքների հետ, հերոս տղաների կյանքն եմ լուսաբանել ու զարմացել եմ, թե որքան բարձրակարգ սերունդ կորցրինք, որքան արժեքավոր մարդիկ գնացին՝ կյանք չտեսած, ու կյանքը չտեսավ, թե ինչպիսին էին նրանք՝ զոհված Ալենը, Արենը, Հայկը, Դավիթը, Արմենը․․․ հազարավոր, իրոք, բարձրակարգ տղերքը։
Այս բառերը պետք է լավ լսեն ու լավ հիշեն մարդիկ, ովքեր պատրաստվում են այս մարդու քաղաքական ուժին նորից ընտրել, նորից նրանց ներշնչել, թե իրենք բարձրակարգ են, ինչ-որ բանով արժանի են ազգի ընտրյալը, հարգարժանն ու բարձրակարգը լինելու պատվին։ Գուցե արժանի են, բայց ո՞ր ազգի, սա է պետք ճշտել։ Արժանի՞ է արդյոք Անդրանիկ Քոչարյանը՝ պոռոտախոս, ինքնահավան մեկն իրեն կամ իր զավակին համարել բարձրակարգ հայ։ Մի անգամ էլ լրագրողներից մեկի ինչ-որ դիտարկմանը պատասխանեց, թե «ղուրբան լինեք իմ երկու որդիներին», այն ժամանակ պետք է արդեն հասկանայինք, որ խոսքը, փաստորեն, առանձնապես բարձրակարգ որդիների մասին է։ Արդյոք բավարար չէ՞, որ մեկ անգամ արդեն մենք ազգովի ղուրբան եղանք նրան ու նրա որդիներին։
Ախր, դուք ինչպե՞ս կարող եք ունենալ բարձրակարգ որդի, երբ ինքներդ այդքան ցածրակարգ եք, ինչպե՞ս է դա հնարավոր․հարց է ծագում։ Իրավունք ունե՞ք արդյոք հպարտանալ ծառայության համար չափազանց արժեքավոր ձեր զավակով, երբ մարդիկ հազարներով կորցրել են իրենց զավակներին նաեւ ձեր ապաշնորհ ու պատեհապաշտ կառավարման ընթացքում։ Դո՞ւք եք, որ պետք է որոշեք մարդկանց կարգը, ախր, դուք ո՛չ գիտելիքներով եք փայլում, ո՛չ հայրենասիրությամբ, ո՛չ արժանապատվությամբ ու ազնվությամբ։ Այդքան ցածրակարգ լինելով՝ դուք որոշում եք, թե ով է բարձրակարգ, ով` ցածրակարգ։
Ես խորհուրդ եմ տալիս իմ գործընկեր լրագրողներին՝ որոշում կայացնել ու մեկընդմիշտ շրջանցել այս բարձրակարգ ինքնահավան մարդուն։ Մի՞թե նա կարող է որեւէ արժեքավոր ինֆորմացիա փոխանցել հանրությանը, մի՞թե հանրությունը սպասում է նրա խոսքին, ուզում է լսել նրա պատասխանները, մի՞թե որեւէ մեկը հավատում է նրան։ Նա հայտնի է լրագրողների հետ անզուսպ ու վիրավորական տոնայնությամբ, ուստի պետք է նրան արհամարհել, չտալ ոչ մի հարց՝ որպես հանրության համար 0 հետաքրքրություն ներկայացնող անձ։ Բայց, մյուս կողմից, այդ մարդու իսկական դեմքը տեսնելու ու կերպարը հասկանալու համար էլի պետք է շնորհակալ լինենք լրագրողներին, որ սեփական նյարդերի հաշվին ամեն անգամ բացահայտում են այսպիսի մարդկանց ցածրակարգ էությունն ու բարձրակարգ ինքնահավանությունը։