Հարավային Կովկասում իրավիճակ փոխվեց` ի վնաս Փաշինյանի եւ Թրամփի
Thu, 09 Apr 2026 18:45:41 +0400
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է Միացյալ Նահանգների դեմ պատերազմում հաղթանակի մասին՝ հիմք ընդունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ իրենք, որպես բանակցությունների հիմք, ընդունում են Իրանի կողմից առաջ քաշված 10 կետերից կազմված խաղաղության նախագիծը: ԱՄՆ նախագահը մինչ այդ հայտարարում էր, որ կվերացնի Իրանի հազարամյա քաղաքակրթությունը, որը շատերն ընդունել էին որպես Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու սպառնալիք, բայց ընդամենը մի քանի ժամ անց հայտարարեց, որ ստացել են Իրանի 10 առաջարկները եւ պատրաստ են դրանք ընդունել որպես աշխատանքային նախագիծ` հետագա բանակցությունների համար: 41-օրյա պատերազմից հետո` փետրվարի 28-ից մինչեւ ապրիլի 9-ը, կողմերի միջեւ հաստատվել է երկշաբաթյա հրադադար, իսկ բանակցությունները սկսվելու են ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
Իրանի Անվտանգության խորհուրդը վստահեցնում է, որ իրանական 10 կետից կազմված նախագիծը պարունակում է իրենց հիմնական պահանջները` Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնել Թեհրանին, վճարել փոխհատուցում գործած ավերածությունների եւ պատճառված վնասի դիմաց, վերացնել պատժամիջոցները, թույլատրել շարունակելու ուրանի հարստացումը եւ դուրս բերել զորքերը Մերձավոր Արեւելքից։ Մինչեւ բանակցությունների ավարտը Իրանը համաձայնել է ապահովել Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը:
Հնարավո՞ր է, որ այս հրադադարը ժամանակավոր է եւ չհանգեցնի կայուն խաղաղության: Իհարկե, հնարավոր է, եւ չի բացառվում, որ ԱՄՆ-ն միտումնավոր է համաձայնել երկշաբաթյա հրադադարին, որպեսզի իրականացնի զորքերի վերախմբավորում եւ նոր հարձակում Իրանի նկատմամբ: Բայց բոլորի համար էլ պարզ էր, որ ԱՄՆ-ն հայտնվել էր փակուղում, նույն ձեւով պատերազմն այլեւս արդյունավետ չէր եւ ոչինչ չէր տալիս: Կամ պետք էր սկսել ցամաքային ներխուժում` գրավել երկիրը եւ այնտեղ հաստատել մարիոնետային կառավարություն, ինչը շատ ռիսկային էր, քանի որ Իրանի բանակը եւ հասարակությունը պատրաստ էին համաժողովրդական դիմադրության` օտարերկրյա ներխուժումը հետ մղելու համար։ Մյուս տարբերակը միջուկային հարվածն էր, որը կարող էր ծնկի բերել Իրանի կառավարությանը եւ ժողովրդին, ինչպես դա արվեց 1945 թվականին, երբ ԱՄՆ-ն միջուկային ռմբակոծության ենթարկեց Ճապոնիան: Բայց 1945 թվականի հետ համեմատությունը հիմա անտեղի է. նախ, այն ժամանակ Ճապոնիան ինքն էր նախահարձակ եղել, եւ ամենակարեւորը` 1945 թվականին միայն ԱՄՆ-ն էր տիրապետում միջուկային զենքի, եւ իր կողմից միջուկային զենքի կիրառումը չէր կարող հանգեցնել պատասխան հարվածի։ Հիմա աշխարհում տասնյակից ավելի երկրներ ունեն նման հնարավորություն եւ կարողություն, եւ միջուկային հարվածը մյուս երկրներին եւս կարող է թույլ տալ նման քայլի գնալ՝ բերելով համաշխարհային աղետի:
Հնարավոր է, որ երկու շաբաթվա ընթացքում կողմերը ոչ մի համաձայնության էլ չգան, եւ բանակցությունները շարունակվեն, ու կողմերից որեւէ մեկը չփորձի խախտել հաստատված հրադադարը, դրանով հաստատվի նոր ստատուս քվո, երբ չկա պատերազմ, բայց չկա նաեւ կայուն խաղաղություն: Բայց այդ դեպքում Իրանը կարող է միակողմանի փակել Հորմուզի նեղուցը` թույլ տալ անցնել միայն այն նավերին, որոնք իրեն վճարում են, կամ միայն այն երկրների նավերին, որոնց ինքը համարում է բարեկամ:
Անկախ ամեն ինչից` կշարունակվի հրադադարը, թե ոչ, կկնքվի խաղաղության պայմանագիր, թե ուղղակի պատերազմը չի վերսկսվի, հաստատված հրադադարն Իրանի միանշանակ հաղթանակն է: Պատերազմ սկսելով Իրանի դեմ՝ ԱՄՆ-ն մի խնդիր էր դրել. հեռացնել գործող վարչակազմը եւ իշխանության բերել կամ, ավելի ճիշտ՝ նշանակել իրենց ենթակա իշխանություն, դրանով վերահսկողություն հաստատել իրանական նավթի, գազի եւ մյուս օգտակար հանածոների նկատմամբ: Չնայած ԱՄՆ-ին եւ Իսրայելին հաջողվեց սպանել Իրանի ռազմաքաղաքական իշխանության բազմաթիվ առանցքային գործիչների, բայց Իրանում կամակատար իշխանություն հաստատել չհաջողվեց, ավելին` Իրանի հասարակությունն էլ ավելի համախմբվեց սեփական իշխանության շուրջ, իսկ այն ընդդիմադիր ուժերը, որոնք պայքարում էին իշխանության դեմ եւ հավատում էին, որ ԱՄՆ-ն իրենց օգնում է իբրեւ թե հանուն ժողովրդավարության, հասկացան, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն ընդամենը գործիք էին, որոնք նրանք օգտագործում էին՝ իրանական նավթին եւ մյուս հարստություններին տիրանալու համար:
Ինչպե՞ս կարող է ազդել Իրանի հաղթանակը Հայաստանի ինչպես ներքաղաքական կյանքի, այնպես էլ արտաքին քաղաքականության վրա: Նախ, Հայաստանում հակաիրանական եւ պրոամերիկյան մարիոնետային իշխանություն է, որի լեգիտիմության աղբյուրն արտաքին օժանդակությունն է, Փաշինյանի կարգախոսն այն է, որ մենք իշխելու իրավունք ունենք, քանի որ դա մեզ արտոնել են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը: Շատերը կարծում են, որ պարտությունից հետո ԱՄՆ-ն կփորձի էլ ավելի ուժեղացնել իր ազդեցությունը Իրանի շուրջ գտնվող տարածքներում, բայց կյանքը եւ պատմությունը ցույց են տալիս, որ պարտված երկրները լքում են իրենց վասալներին: ԱՄՆ-ին Հայաստանը պետք էր որպես Իրանի դեմ ճնշման գործիք, հիմա այդ գործիքի անհրաժեշտությունը չկա: «Թրամփի ուղի» կոչվածը չի կարող գործարկվել` պարտվածների անունով ուղիներ չեն կոչվում, պարտվածները չեն կարող նոր նախագծեր իրագործել, առավել եւս` առանց հաղթողների համաձայնության: Ադրբեջանն այլեւս չի կարողանա սպառնալ Հայաստանին պատերազմով` մեր տարածաշրջանում պատերազմի եւ խաղաղության հարցերն այլեւս լուծելու է Իրանը: Հայաստանում պետք է հաստատվի նոր իշխանություն, որը բարեկամական կլինի Իրանի նկատմամբ եւ կկարողանա օգտագործել ստեղծված նոր իրողությունները` հօգուտ Հայաստանի եւ հայ հասարակության: