«Հրապարակ»․ Ստատուս քվոյի ցանկացած ճգնաժամ առաջին հերթին ազդում է Վրաստանի եւ Ադրբեջանի վրա
Fri, 10 Apr 2026 11:45:55 +0400
«Հրապարակի» զրուցակիցը վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն է։
– Իլհամ Ալիեւն ապրիլի 6-ին պետական այց կատարեց Վրաստան, որտեղ հանդիպեց նախագահ Միխայիլ Կավելաշվիլու եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Բանակցությունների առանցքում տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերն էին։ Ի՞նչ ընդհանուր շահեր ունեն Թբիլիսին եւ Բաքուն, օրակարգում ո՞րն է ավելի առաջնային։
– Իլհամ Ալիեւի պետական այցը Թբիլիսի կարեւոր է ոչ թե այն պատճառով, որ կողմերը կրկին վերահաստատեցին իրենց բարեկամությունը: Դա երկրորդական է: Ավելի կարեւոր է մեկ այլ բան. Բաքուն եւ Թբիլիսին մնում են Հարավային Կովկասի արեւմտյան մուտքի երկու հիմնական հենասյուները դեպի լայն աշխարհ: Եվ ներկայիս իրավիճակում նրանց ընդհանուր շահը ոչ միայն երկկողմ հարաբերությունների պահպանումն է, այլեւ տարածաշրջանի առանձին, արտաքին վերահսկողության տակ գտնվող տարածքների քայքայումը կանխելը: Առաջնահերթությունը տարանցիկ, լոգիստիկ, էներգետիկ եւ միջանցքների ընդհանուր կառավարումն է` ոչ թե վերացական իմաստով, այլ՝ բառացիորեն. ով վերահսկում է ենթակառուցվածքները, ազդում է տարածաշրջանի քաղաքական ճարտարապետության վրա: Ադրբեջանն այսօր Հարավային Կովկասի հիմնական ռեսուրսների եւ լոգիստիկ խաղացողն է: Վրաստանը Սեւ ծով մուտքի հիմնական ճանապարհն է: Միասին այս երկու գործոնն աշխատում են: Առանձին-առանձին դրանք չեն գործում: Երկրորդ առաջնահերթությունը քաղաքական համակարգումն է տուրբուլենտության պայմաններում: Տարածաշրջանը հայտնվել է թուլացած, բայց դեռեւս վտանգավոր Ռուսաստանի, ճգնաժամային Իրանի, վերադարձող ամերիկյան հետաքրքրության եւ Եվրոպայի՝ որպես քաղաքական դերակատարի, թուլության միջեւ: Այս պայմաններում Բաքուն եւ Թբիլիսին միմյանց կարիքն ունեն ոչ թե խորհրդանիշների, այլ մանեւրելու տարածք պահպանելու համար: Եվ վերջապես, երրորդ առաջնահերթությունը տարածաշրջանային հետագա անկայունացման կանխումն է, որովհետեւ Իրանի, Հայաստանի, տրանսպորտային միջանցքների կամ Ռուսաստանի կողմից ստատուս քվոյի վերանայման հետ կապված ցանկացած խոշոր ճգնաժամ առաջին հերթին ազդում է Վրաստանի եւ Ադրբեջանի վրա։
– Իսկ ի՞նչ է ակնկալում Թբիլիսին Բաքվից․ օրինակ, Ադրբեջանի մասնակցություն Վրաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, լոգիստիկայի եւ էներգետիկ հարցերի վերաբերյալ երաշխիքներ եւ այլն։
– Թբիլիսին Բաքվից ակնկալում է կանխատեսելիություն եւ մասշտաբ։ Ոչ թե բարեկամական ժեստեր, այլ՝ տարածաշրջանային խոշոր խաղացողի կանխատեսելիություն։ Նախ, Վրաստանին Ադրբեջանն անհրաժեշտ է որպես վրացական ենթակառուցվածքների հզորության եւ ռազմավարական նշանակության երաշխավոր։ Սա վերաբերում է երկաթուղիներին, նավահանգիստներին, տարանցիկ երթուղիներին, էներգետիկ գծերին, ապագա էլեկտրաէներգիայի նախագծերին եւ, հնարավոր է, ավելի լայն լոգիստիկ կենտրոններին։ Երկրորդ․ Թբիլիսին ակնկալում է, որ Ադրբեջանը ներդրումներ կկատարի ամբողջ տարածաշրջանային համակարգի կայունության մեջ։ Այլ կերպ ասած, հարցն այլեւս միայն նավթի եւ գազի մասին չէ։ Հարցն այն է, թե արդյո՞ք Վրաստանը կներառվի տարածաշրջանային զարգացման հաջորդ փուլում՝ Միջին միջանցքից մինչեւ էներգետիկ անցում։ Երրորդ․ վրացական իշխանությունները քաղաքական ազդանշան են սպասում Բաքվից առ այն, որ չնայած Վրաստանի արտաքին քաղաքականության բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը չի հեռանա Թբիլիսիից։ Սա հատկապես կարեւոր է Վրաստանի ներկայիս իշխանությունների համար, քանի որ նրանք խնդիրներ ունեն ինստիտուցիոնալ Արեւմուտքի եւ Եվրոպայի հետ, եւ, հետեւաբար, ուժեղ հարեւանների հետ երկկողմ կապերը հատկապես արժեքավոր են։
– Ադրբեջանական երկաթուղով Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումներ են իրականացվում` տասնամյակների դադարից հետո։ Վրաստանն այս գործընթացի կարեւորագույն հանգույց է դարձել։ Որքանո՞վ է Թբիլիսիի համար կարեւոր ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվող կոմերցիոն կապը՝ ոչ միայն զուտ սեփական տնտեսական շահի տեսանկյունից։
– Թբիլիսիի համար սա կարեւոր է ոչ միայն տնտեսապես։ Գլխավորը քաղաքական եւ ռազմավարական տրամաբանությունն է։ Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսեն զարգանալ առեւտրատնտեսական հարաբերություններ, նույնիսկ եթե դրանք սահմանափակ եւ տեխնիկական են, դա նշանակում է նոր խոշոր հակամարտության հավանականության նվազում։ Իսկ Վրաստանի համար սա կարեւոր նշանակություն ունի, որովհետեւ Վրաստանը շահում է ոչ թե առեւտրից՝ որպես այդպիսին, այլ այն փաստից, որ տարածաշրջանը դառնում է պակաս ռազմականացված եւ ավելի շատ տարանցիկ։ Իդեալական դեպքում Վրաստանը ցանկանում է Հարավային Կովկասը տեսնել որպես մրցակցող, բայց փոխազդող պետությունների տարածք, այլ ոչ թե արտաքին ուժի կենտրոնների միջեւ սահման։ Սա է պատճառը, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ օբյեկտիվորեն ամրապնդում է Թբիլիսիի դիրքերը։ Ոչ թե այն պատճառով, որ Թբիլիսին դառնում է միջնորդ, այլ՝ այն, որ արտաքին խաղացողների կողմից միշտ շահագործվող ռազմավարական քաոսի մի մասը վերանում է։ Ավելին, եթե հայ-ադրբեջանական կապերն ընդլայնվեն, Վրաստանը կարող է հաստատվել որպես առեւտրի, լոգիստիկայի, ապահովագրության, ծառայությունների եւ քաղաքական հաղորդակցության բնական հարթակ։ Սա այլեւս թե միայն եկամուտների, այլ Վրաստանի տարածաշրջանային դերի հարց է։
– Ինչպե՞ս կգնահատեք Վրաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի հետ կապերն այնքան էլ լավ չեն, ԵՄ-ի հետ առկախված են, ՌԴ-ի հետ՝ բացասական։ Թբիլիսին համեմատաբար լավ հարաբերություններ ունի պաշտոնական Երեւանի հետ` 2024-ից ի վեր Փաշինյանը 4 անգամ Վրաստան է այցելել։
– Ավելի ճշգրիտ լինելու համար՝ Վրաստանի ներկայիս կառավարության հիմնական խնդիրն այն է, որ այն թուլացրել է իր արտաքին քաղաքականության ինստիտուցիոնալ հենասյուները: Վրաստանն ավանդաբար ամուր ինստիտուցիոնալ կապեր է ունեցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի՝ որպես համակարգի, առանձին եվրոպական պետությունների, ինչպես նաեւ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այժմ այս արեւմտյան շրջանակի զգալի մասը կա՛մ վնասված է, կա՛մ սառեցված, կա՛մ խոր անվստահության մեջ է: Ռուսաստանի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ չկան՝ բառի դրական իմաստով. գործընկերություն չկա, այլ կառուցվածքային հակամարտություն կա: Վրաստանի հարաբերություններն Իրանի հետ սահմանափակ են: Չինաստանի հետ քաղաքական աջակցության մակարդակ չկա, որը կարող է փոխարինել Արեւմուտքին: Այլ կերպ ասած՝ խաղադաշտը նեղացել է: Այս ֆոնին ՀՀ-ի հետ լավ հարաբերությունները նկատելի են: Փաշինյանի Թբիլիսի կատարած հաճախակի այցելությունները ցույց են տալիս, որ վրաց-հայկական կապը գործում է: Բայց մենք չպետք է մոլորության գիրկն ընկնենք. միայն Երեւանի հետ լավ հարաբերությունները չեն լուծում ռազմավարական մեկուսացման խնդիրը: Դրանք օգտակար ակտիվ են, բայց ոչ համակարգային փոխարինող: Հետեւաբար, Վրաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը, բազմավեկտոր չէ, այլ փորձ է՝ գոյատեւելու իրավիճակային երկկողմանի կապերի միջոցով: Սա մարտավարական առումով հնարավոր է, բայց ռազմավարական առումով թույլ մոդել է։
– Եթե խոսենք Հարավային Կովկասի՝ որպես ինքնիշխան, ռազմավարական միասնական տարածքի մասին, ապա պետք է նշել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության կարեւորությունը, ինչն ընդունում են նաեւ Վրաստանում։ Տարածաշրջանը դո՞ւրս է գալիս խոշոր խաղացողների ազդեցության գոտիներից, թե՞ գործ ունենք Արեւմուտք-ՌԴ դասական առճակատման հետ։
– Ոչ, տարածաշրջանը դեռեւս դուրս չի եկել իր ազդեցության ոլորտներից: Վաղաժամ կլինի դա ասելը: Բայց ամեն ինչ դիտարկել «Արեւմուտքն ընդդեմ Ռուսաստանի» դասական սցենարի դիրքերից՝ այլեւս բավարար չէ: Հարավային Կովկասն այժմ ավելի բարդ փուլում է: Մի կողմից, Ռուսաստանն օբյեկտիվորեն կորցրել է իր կամքը թելադրելու կարողության մի մասը, սա փաստ է: Նրա ռազմական, տնտեսական եւ քաղաքական ռեսուրսները սպառվել են, եւ նրա վերահսկողության մոդելն այլեւս չի թվում միակ կենսունակ տարբերակը: Մյուս կողմից, Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնացել եւ շարունակում է տարածաշրջանը դիտարկել որպես մի տարածք, որը չի կարող լիովին կորչել: Արեւմուտքը նույնպես չի գործում որպես միասնական միավոր: ԱՄՆ-ն ունի մեկ տրամաբանություն, ԵՄ-ն՝ մեկ այլ, իսկ առանձին եվրոպական երկրները՝ երրորդը: Թուրքիան եւ Ադրբեջանն անկախ խաղացողներ են: Հայաստանը կառուցում է սեփական սուբյեկտայնությունը, եւ Իրանը, չնայած ճգնաժամին, նույնպես ազդում է տարածաշրջանի վրա: Հետեւաբար, ավելի ճշգրիտ կլինի ասել հետեւյալը. Հարավային Կովկասը չի խուսափել խոշոր խաղացողների միջեւ մրցակցությունից, բայց երկար ժամանակ անց առաջին անգամ այն ստացել է իր ինքնիշխանության հնարավորություն: Եվ այս ինքնիշխանության հիմնական պայմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն է: Քանի դեռ նրանց միջեւ պատերազմի հնարավորությունը մնում է, տարածաշրջանի նկատմամբ արտաքին վերահսկողությունը միշտ կվերադառնա անվտանգության, միջնորդության, պարտադրված երաշխիքների եւ արտաքին ռազմական ձեւաչափերի միջոցով:
– Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը նավթի եւ դոլարների համար պատերազմ է։ Մեծ հաշվով՝ ցանկացած ռազմական հակամարտության խորքում տնտեսական բաղադրիչն է: Տնտեսական ի՞նչ ռիսկեր եւ միաժամանակ հնարավորություններ կան մեր տարածաշրջանի երկրների համար։ Հայաստանում, օրինակ, աճել են ԱՄԷ-ից ֆինանսական հոսքերը։
– Նախ, պետք է մի կողմ դնենք «պատերազմներ՝ միայն նավթի եւ դոլարների համար» պատմությունը: Սա չափազանց պարզունակ բանաձեւ է: Ցանկացած պատերազմում միշտ կա տնտեսական շահ, բայց ամեն ինչ դրանով սահմանափակելը նշանակում է սխալ հասկանալ ուժի քաղաքականությունը: Իրանի դեմ պատերազմը, եթե խոսքը խոշոր ռազմական արշավի մասին է, միաժամանակ վերաբերում է Իսրայելի անվտանգությանը, ամերիկյան գերիշխանությանը, Մերձավոր Արեւելքի ճարտարապետությանը, էներգետիկ ուղիներին, շուկայական վախերին եւ խաղի ապագա կանոնների նկատմամբ վերահսկողությանը: Հարավային Կովկասի երկրների համար հիմնական ռիսկն աճող անկայունությունն է: Ոչ թե վերացական, այլ կոնկրետ՝ լոգիստիկ ծախսերի աճ, նավագնացության խափանումներ, էներգակիրների գների բարձրացում, արժույթի եւ ֆինանսական շուկաների վրա ճնշում, առեւտրային ուղիների հետ կապված խնդիրներ եւ ստվերային սխեմաների աճ։ Եթե Իրանի շուրջ իրավիճակը լրջորեն վատթարանա, ամբողջ տարածաշրջանը կմտնի անկայունության գոտի։ Կա եւս մեկ կետ։ Իրանի շուրջ ցանկացած ճգնաժամ մեծացնում է այլընտրանքային ուղիների՝ Միջին միջանցքի, Սեւ ծովի կապի եւ Հարավային Կովկասի հաղորդակցությունների կարեւորությունը։ Տեսականորեն սա հնարավորություն է ամբողջ տարածաշրջանի համար։ Սակայն այս հնարավորությունն աշխատում է միայն այն դեպքում, երբ կա քաղաքական համակարգում եւ առնվազն նվազագույն ներտարածաշրջանային կայունություն։ Եթե Հարավային Կովկասը մնում է հակամարտության գոտի, չի դառնում այլընտրանք՝ այն դառնում է խնդրի մի մասը։