«Հրապարակ»․ Այս անգամ ցուցակներում քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները տեղ չեն գտել
Sat, 11 Apr 2026 10:15:08 +0400
Քաղաքական վերադասավորումները մտնում են կուլմինացիոն փուլ, գրեթե բոլոր խոշոր ուժերի ընտրական ցուցակները եւ թեկնածուների անունները հայտնի են: Հրապարակված անունները շատերին գրավել են, սակայն հնչում են նաեւ տեսակետներ, որ հատկապես ընդդիմադիր ուժերն այնքան էլ բծախնդրորեն չեն մոտեցել իրենց թեկնածուների ընտրությանը:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ընդգծում է. «Օրինակ, վերցնենք «Քաղպայմանագիր» կուսակցությանը, հասկանալի է, որ այդ կուսակցության ցուցակում տեղ են գտել այն գործիչները, ովքեր իշխող քաղաքական ուժի ղեկավարի մոտ ունեն վստահություն, ի դեպ, այնպես չէ, որ ընդդիմության մոտ ցուցակներն այլ տրամաբանությամբ են ընտրվել, այստեղ էլ հիմնականում ներառված են այն անձանց անունները, ովքեր վստահություն ունեն թիմի ղեկավարների կողմից, այնպես որ՝ լայն ժողովրդավարության սկզբունքով ձեւավորված թիմեր դժվար է գտնել այս ընտրություններում: Հիմնական ազդեցիկ ուժերը ՔՊ-ն, ԲՀԿ-ն, «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքն են, եւ նրանք՝ բոլորն էլ, լիդերային բնույթի քաղաքական միավորներ են` կուսակցություններ եւ դաշինքներ, իսկ լիդերային բնույթ ունենալը նշանակում է, որ այդտեղ լիդերի, քաղաքական ուժի ղեկավարի ձայնը վճռորոշ է, եւ թեկնածուներն ընտրվել են բացառապես լիդերի նախընտրությամբ: Ներքին փրայմերիզներ մենք չենք տեսել, իբրեւ ՔՊ-ն դա արեց, սակայն մենք հասկացանք, որ իրականում ոչ մի փրայմերիզ էլ չեղավ, այն անգամ չի կարելի անվանել ձեւական փրայմերիզ, էլ ուր մնաց` փրայմերիզ: Հիմնական ցուցակները ձեւավորվել են ղեկավարների քմահաճույքներով: «Քաղպայմանագրի» ցուցակը փորձություն անցած ցուցակ է, այնտեղ ներառված են անձինք, ովքեր անգամ 2017 թվականից հավատարմության երդում են տվել իրենց ղեկավարին եւ աչքի են ընկել իրենց հավատարմությամբ:
«Հայաստան» դաշինքում եղան որոշակի փոփոխություններ, խմբակցության ղեկավարն է հեռանում, նախկին ՏԿԵ նախարարը եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը: Առաջ նրանց հետ էր նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, սակայն նրան փոխարինեց այժմ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանը, որը զբաղեցնում է չորրորդ համարը: Սա էլ լրիվ քաղաքական ցուցակ է: ԲՀԿ-ում եւս քաղաքական ցուցակ է ձեւավորվել` ցուցակում բավականին ազդեցիկ եւ անցողիկ դեր ունի «Մայր Հայաստան»-ը, ինչպես նաեւ՝ ԲՀԿ ղեկավար գործիչները:
«Ուժեղ Հայաստան»-ին կարող ենք որոշակի վերապահումներ անել: Այստեղ հայտնվեցին գործիչներ, որոնք ոչ մի առնչություն չունեն այդ ուժի հետ, սակայն դա վերաբերում է մի քանիսին, մնացյալների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նրանցից շատերը, մեծ հաշվով, երբեք աչքի չեն ընկել: Այնտեղ կան նախկին լրագրողներ եւ այլն, սակայն նրանց մեծ մասի մասին չեմ կարող հստակ ոչինչ ասել, քանի որ երբեք ակտիվություն չեն ցուցաբերել: Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, ապա նրանց ցուցակների մասին անիմաստ է խոսելը, քանի որ միավորվում են ու բաժանվում: ԱԺԲ-ն եւ ՀԱԿ-ը, ինչպես նաեւ այլ մի քանի ուժեր անգամ իրենց ցուցակները չեն ներկայացրել դեռեւս, քանի որ, օրինակ, ՀԱԿ-ը չի կարող անցողիկ շեմը հաղթահարել, իսկ ԱԺԲ-ն գրագետ քարոզարշավի պարագայում ունի շանսեր: Միակ դրական բանը, որը տարբերվում է նախկին ընտրություններից, այն է, որ այս անգամ ցուցակներում խոշոր գործարարները` քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները, տեղ չեն գտել: Համենայնդեպս, չորս հիմնական ուժերի ցուցակներում այդպիսիք չկան»: