Հենց այս արժեքների վրա պետք է կառուցվի հասարակական համերաշխությունը
Sat, 11 Apr 2026 19:16:07 +0400
Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով իրավական համակարգին, պետական կառավարման սկզբունքներին և արտաքին քաղաքականությանը։
Նրա խոսքով՝ օրենքի և արդարության հիմքում պետք է լինի մարդասիրությունը, իսկ իրավական համակարգը պարտավոր է ծառայել հասարակությանը՝ ապահովելով բոլորի համար հավասար իրավունքներ։ Վարդևանյանը շեշտեց, որ դատարանները պետք է գործեն լիարժեք անկախ և անաչառ, պաշտպանելով ոչ թե իշխանության շահերը, այլ քաղաքացիների իրավունքները։ Նրա գնահատմամբ՝ հենց այս արժեքների վրա պետք է կառուցվի հասարակական համերաշխությունը և պառակտման հաղթահարումը՝ ձևավորելով ուժեղ և միասնական պետություն։
Նա նաև մտահոգություն հայտնեց երկրի արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ՝ նշելով, որ թույլ և ոչ արդյունավետ դիվանագիտությունը կարող է վտանգներ ստեղծել՝ Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական բախումների կենտրոնում։ Նրա խոսքով՝ նման իրավիճակներում պետությունը պետք է կարողանա պահպանել հավասարակշռված և պրոֆեսիոնալ հարաբերություններ տարբեր միջազգային ուժերի և հարևան երկրների հետ՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահերով։
Վարդևանյանը ընդգծեց, որ Հայաստանը պետք է լինի ոչ թե վախի կամ պառակտման մեջ ապրող, այլ ինքնավստահ ու արժանապատիվ պետություն, որը չի դառնում արտաքին ազդեցությունների կամ հակամարտությունների զոհ։ Նրա խոսքով՝ նպատակն է ձևավորել ուժեղ և խաղաղ զարգացման նոր փուլ։